HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի Փի»-ն նոր տնկարան է բացել Չիվա գյուղում

«Էյ Թի Փի»-ն («Հայաստան Ծառատունկ Ծրագիր») իր տարածքների թիվը համալրել է ևս մեկով՝ հոկտեմբերի 26-ին Վայոց Ձորի Չիվա գյուղում բացելով չորրորդ տնկարանային տնտեսությունը:

Չիվայում «Էյ Թի Փի»-ի տնկարանի հիմնադրման նպատակն է Հայաստանի հարավային շրջաններին և Արցախի տեղամասերին մատակարարել տեղական ծառատեսակներ: «Մենք ունենք բազմաթիվ տնկման տեղամասեր այս մարզում»,- նշել է «Էյ Թի Փի»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը, - սակայն առավել բարձր կպչողականություն ապահովելու նպատակով մենք որոշեցինք աճեցնել տեղական ծառատեսակներ, որոնք հարմարեցված են տարածաշրջանի կլիմայական պայմաններին»:

«Այս տեղամասի ընտրման պատճառներից մեկը նաև այն է, որ Վայոց ձորը Հայաստանի գինեգործության հայրենիքն է:  Մենք ցանկանում ենք, որ այս տնկարանը ևս մեր Կարինի տնկարանի նման դառնա զբոսաշրջիկների կողմից ամենասիրված վայրերից մեկը», - հավելել է Լուսինե Քասարջյանը:

Ծառերից բացի, «Էյ Թի Փի»-ն նպատակ ունի պահպանել և աճեցնել հնագույն ժամանակներց ի վեր Հայաստանում աճեցվող խաղողի տեղական տեսակներ: Տնկարանի բացման ընթացքում կազմակերպության ղեկավարները տնկել են խորհրդանշական խաղողի որոշ տեսակներ՝ այդ թվում, Արենի, Գեղանի, Մսխալի և Սպիտակ արաքսենի սորտերը:

Ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` Չիվայի տնկարանը գտնվում է գինեգործության օրրան հանդիսացող պատմական տարածաշրջանում: «Smithsonian.com-ի կողմից հրապարակված հոդվածի համաձայն՝ մ.թ. 8-րդ դարի ուրարտական թագավորների արձանագրությունները վկայում են, որ Հայաստանը «գինեգործության նախահայրենիքն» է, և որ ասորական բանակը մշտապես հիացել է այս երկրի հարուստ բերքատու այգիներով և խաղողի ընդարձակ այգիներով:

Չիվայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող քարանձավում Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնաբանները գտել են աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որը 6000 տարեկան է»:

Տնկարանի բացմանը ներկա են եղել «Էյ Թի Փի»-ի գործադիր խորհրդի անդամներ Ջուլիա Միրաք Քյուն և Էնթոնի Բարսամյանը, կազմակերպության հիմնադիր նախագահ Քարոլին Մուգարը, Տեր Սահակ Մարտիրոսյանը, «Զորահ» գինիների հիմնադիր Զորիկ Ղարիբյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Չիվայի գյուղապետ Նաիրի Սարգսյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:

Գործադիր կոմիտեի անդամ Էնթոնի Բարսամյանը «Էյ Թի Փի»-ն ներկայացնելիս նշել է, որ Քարոլին Մուգարը երկրաշարժից հետո այցելելով Հայաստան և տեսնելով «այստեղ տիրող քաոսային իրավիճակը, որոշեց ծառեր տնկել, քանի որ մարդիկ վառելիք չունենալու պատճառով ոչնչացնում էին իրենց շրջապատող ծառերը»: «Էյ Թի Փի»-ն շարունակելու է սերմեր ցանել, տնկել ու խնամել ծառեր, որոնք շուտով բերք են տալու նաև ձեր երեխաներին, մեր բոլորի երեխաներին»,- նշել է Էնթոնի Բարսամյանը:

Հաղորդագրության համաձայն` Կարին, Խաչփար և Մարգահովիտ գյուղերում հիմնադրած իր տնկարաններում աճեցվող բույսերի և ծառատեսակների շնորհիվ՝ «Էյ Թի Փի»-ն տարիներ շարունակ  աշխատատեղերով և հազարավոր տնկիներով է ապահովում տեղի և հարակից բնակավայրերի բնակչությանը: Այս տնկարանները նաև ծառայում են որպես հետազոտական և փորձարարական կենտրոններ, որտեղ անցկացվում են ծառերի բազմացման, պատվաստման և ոռոգման տարբեր մեթոդների փորձարկումներ: Անցկացվում են նաև բնապահպանական կրթական դասընթացներ բոլոր դպրոցահասակ երեխաների, մասնագետների և տեղացի գյուղատնտեսների հետ:

Հիմնադրումից մինչ այժմ «Էյ Թի Փի» -ն տնկել է ավելի քան  5 միլիոն ծառ: Այն իր գործունեության 22 տարիների ընթացքում հիմնադրել է 4 տնկարան, երկու բնապահպանական կենտրոն և կանաչապատել Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր  համայանքային տարածքները: Այս ընթացքում կազմակերպությունը աշխատատեղեր է ստեղծել հարյուրավոր մարդկանց համար և ապահովել կենսական նշանակություն ունեցող ռեսուրսներով:

Լուսանկարում` «Էյ Թի Փի»-ի ղեկավար կազմը Վայոց ձորում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter