«Օգտագործում ու փչացնում են Ալավերդու փողոցները, սակայն հարկերը վճարում են Երևանում». Ալավերդու քաղաքապետ
Գայանե Սարգսյան
Նոյեմբերի 4-ին Լոռու մարզպետարանում մարզի համայնքապետերի հետ անցկացված քննարկմանը մասնակցում էին տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն ու նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Քննարկման թեման մարզի ու համայնքների առաջիկայում կազմվելիք զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման, բյուջեների կազմման հետ կապված խնդիրներն ու առաջնահերթություններն էին:
Վաչե Տերտերյանը նախ անդրադարձավ նախարարության ակնկալիքներին:
«Ուզում ենք, որ առաջիկա զարգացման ծրագրերում մի շեշտադրում հատկապես արվի: Այդ շեշտադրումը պետք է լինի համայնքային զարգացման ծրագրերի ուղղորդվածությունը դեպի տնտեսական միջավայրի բարելավումը, տնտեսական նախաձեռողականության խրախուսումն ու առկա նախաձեռնությունների օժանդակումը»,- նշեց նա:
Զարգացման ծրագրերի կազմման համար նախարարությունը մշակել է մեթոդական ուղեցույց: Այն, սակայն, միանշանակ չի ընդունվել համայնքապետերի կողմից հատկապես ծավալուն լինելու պատճառով: Քննակման ընթացքում դրան անդրադարձավ նաև Թումանյանի համայնքապետ Լևոն Զավարյանը` նկատելով, որ ուղեցույցի ծավալուն լինելու պատճառով կազմել են համայնքի զարգացման 230 էջանոց հնգամյա ծրագիր:
«Մենք չենք ուզել կազմել մի բան, որը պետք է համայնքից համայնք արտատպվեր, արտապատկերվեր: Փորձել ենք հնարավոր բոլոր ուղղություների մասին պատկերացումներն այդ ուղեցույցներում ներառել, որպեսզի համայնքները ելնելով իրենց առանձնահատկություններից, պատկերացումներից ու խնդիրներից, կարողանային ուղեցույցներից օգտվել»,- պարզաբանեց փոխնախարարը:
Այդուհանդերձ, հաշվի առնելով մինչ այժմ հնչեցված դիտարկումները` նախարարությունը ձեռնամուխ է եղել ուղեցույցի ավելի հակիրճ տարբերակի կազմմանը, որն այսօր ներկայացվեց համայնքապետերին «որպես այլընտրանք կամ որպես ուղեցույցի երկրորդ տարբերակ»:
Փոխնախարարը ներկաներին հիշեցրեց՝ հատկապես տարիներ շարունակ պաշտոնավարող համայնքապետերի դեպքում իրար հաջորդող զարգացման ծրագրերն ու բյուջեները իներցիայով արտապատկերվում են ու փոխանցվում հաջորդ տարի:
Վերջինս համայնքապետերին հորդորեց տեղում քննարկումներ կազմակերպել ու փորձել գտնել նոր գաղափարներ՝ համայնքը որոշակի ու կոնկրետ ուղղություններով զարգացնելու համար:
Վ. Տերտերյանն անդրադարձավ փոքր համայնքների ղեկավարների այն դիտարկմանը, թե համայնքների բյուջեները շատ փոքր են և շատ բան անել հնարավոր չէ:
«Այդ դեպքում հարց է առաջանում բոլորի մոտ` այդ իշխանությունն ինչո՞ւ է պետք: Որ բնակչությունը հարկը վճարի, պետությունը դրանից երկու անգամ շատ դոտացիա կա, իսկ արդյունքում կազմվի բյուջե, որով 7-8 մարդ աշխատավարձ ստանա և ամեն տարի 30 մետր փողոց փոսալցվի՞,- նկատեց փոխնախարարը` հավելելով,- այդ որակի մոտեցման համար իշխանություն ասվածը պետք չէ…»:
Հանդիպման ընթացքում համայնքապետերը բարձրաձայնեցին հուզող հարցերի մասին: Լ. Զավարյանը նշեց, որ բնակչության մասնակցային կառավարման մասին խոսք լինել չի կարող. 5-ամյա զարգացման ծրագրի կամ հաջորդ տարվա բյուջեի կազմման համար բնակչության հետ հանդիպումները հատկապես գյուղական բնակավայրերում ձախողվում են, բնակիչներն ուղղակի չեն գալիս հանդիպմանը:
«Մեր ժողովրդի մեջ էս կարգի անտարբերությո՞ւն: Ասում ենք՝ ի՞նչ կուզեք ձեր գյուղում անենք: Անտարբեր են, անձնական շահ են տեսնում միայն»,- նկատեց համայնքապետը, առաջարկելով՝ մի քիչ հեռուսատեսությունը աշխատացնենք մեր ժողովրդին կրթելու համար:
Ախթալայի համայնքապետ Հայկազ Խաչիկյանը, անդրադառնալով համայնքում հողի հարկի դրույքաչափին, կարծիք հայտնեց, որ այն բավական ցածր է: «Օրինակ, մեր քաղաքում ահռելի ձեռնարկությունը տարվա համար տարեկան 41 000 դրամ հողի հարկ է վճարում»,- նշեց համայնքապետը:
Փոխնախարարը արդարացված համարելով համայնքապետի առաջարկը` այնուամենայնիվ խոսքի ավարտին ամփոփեց՝ քաղաքական գնահատականը հետևյալն է. մենք հիմա հարկ բարձրացնելու ռեսուրս չունենք:
«Այն տարածքներում, որտեղ հանքարդյունաբերություն կա, բնապահպանական վճարը տրվում է պետությանը: Լավ կլիներ գոնե մի մասը տրվեր տվյալ համայնքին», - առաջարկեց Լոռու մարզի Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանը:
Ալավերդու համայնքապետն էլ հիշեցրեց՝ «Ալավերդիում գործունեություն ծավալող, բայց Երևանում գրանցված կազմակերպությունները օգտագործում ու փչացնում են Ալավերդու փողոցները, սակայն հարկերը վճարում են Երևանում»:
«Դա ցավոտ հարց է մեզ համար»,- նկատեց փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
«Դա միայն ձեզ համար չէ ցավոտ հարց»,- նշեց փոխնախարարը` հավելելով, որ խնդրի լուծման ուղիներ են մտածում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել