
Մեղադրանք է առաջադրվել ևս 3 դասախոսի
2011 թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության և ստորաբաժանումների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի վերջին Երևան քաղաքի բնակիչ Սարգիս Դ.-ն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման ֆակուլտետ ընդունվելու նպատակով դիմել է նշված համալսարանի հեռակա ուսուցման բաժանմունքի ղեկավար Հենրիկ Հակոբյանին: Հենրիկ Հակոբյանը, որոշակի գումար-կաշառք ստանալու պայմանով, խոստացել է իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ նպաստել նրա՝ համալսարան ընդունվելուն և ուսուցման ընթացքում հովանավորչություն ցուցաբերել:
Սեպտեմբերի 19-ին Հ. Հակոբյանը ՀՊՃՀ Վանաձորի իր աշխատասենյակում ընդունել է քաղաքացուն, որից հետո նրան ուղարկել է ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովին հանձնելու: Ապա նույն աշխատասենյակում Սարգիս Դ.-ից ստացել է խոշոր չափի՝1500 ԱՄՆ դոլար գումար-կաշառք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հ. Հակոբյանը ձերբակալվել է և կալանավորվել: Նշանակվել է երկամսյա կալանք, որը ժամկետի լրանալուց հետո երկարաձգվել է:
Ինչպես «Հետքին» հայտնեց Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Օսյանը, քրեական գործի շրջանակներում պաշտոնական դիրքը չարաշահելու նոր դեպքեր են բացահայտվել: Նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ևս 3 դասախոսի: Խափանման միջոց է նշանակվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննական մարմինը նպատակահարմար չհամարեց հրապարակել դասախոսների անունները: Միայն հայտնեց, որ նրանցից մեկը վարչական ղեկավար պաշտոն է զբաղեցրել:
Մեկնաբանել