«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանը ազատ արձակվեց
«Նուբարաշեն» ՔԿ-ից այսօր վճարված մեկ միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը մոտ կես ամիս առաջ էր բավարարել գրավ կիրառելու մասին միջնորդությունը, սակայն մինչ օրս նրա ընտանիքը չէր կարողացել գրավը վճարել։ Այդ պատճառով Այվազյանը ազատ արձակվեց այսօր` կանադահայ համայնքի ֆինանսական օգնությամբ։
Այվազյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց. «Եթե անկեղծ լինենք, ապա այս գործը ոչ թե իրավական, այլ առավել շատ քաղաքական գործընթաց է եղել, որովհետև անկախ նրանից, ինչ հիմնավորում էլ դատարան ներկայացնեի, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ անձին ազատ արձակելու որոշումն արդեն իսկ կայացված էր։ Այսինքն՝ իրավական հիմնավորման հիման վրա չէ, որ իրեն ազատ են արձակել։ Սարո Այվազյանը բացարձակապես առնչություն չի ունեցել իրեն մեսագրվող մեղադրանքի հետ»։
Փաստաբանը դժգոհ է վերաքննիչ դատարանի որոշումից, քանի որ մասնակի է բավարարվել իր բողոքը և չի վերացվել Այվազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, այլ ընտրվել է գրավի կիառումը։
Բաղդասարյանը կարծում է՝ Այվազյանի նկատմամբ գրավ կիրառելու որոշումում վերաքննիչ քրեական դատարանը ձևական ձևակերպումներ է տվել, և որ այնպես չէ, որ իրավական լուրջ գործընթացի արդյունքում է դատարանը հանգել նման եզրակացության։ Ասում է՝ դատարանը, Այվազյանի կալանքը գրավով փոխարինելու որոշումում արտագրել է քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, որոնք գրավ կիրառելու համար օրենքով նախատեսված են։
Փաստաբանը շեշտում է, որ այս գործում դատարան որևէ առանձնահատուկ հիմնավորում չի ներկայացրել, որոնք իր այլ վստահորդների դեպքում չեն եղել, որոնց վերաբերյալ նույն դատարանը մերժել է գրավ կիրառելը, այդ պատճառով նրա մոտ չկա այն համոզմունքը, որ գործընթացը ընթացել է իրավական «հունով» և դատարանը որևէ դերակատարում է խաղացել այս գործով։
Հիշեցնենք, որ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի օժանդակելու հիմքով, սակայն, փաստաբանի հաղորդմամբ՝ նա ՊՊԾ գնդի գրավման օրերին զանգահարել է խմբի անդամ, իր ընկեր Արայիկ Խանդոյանին և ընկերական զրույց ունեցել:
լուսանկարը` կադր Lragir.am-ի տեսանյութից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել