
Ապահովագրական ընկերությունների վնասաբերության ցուցանիշը նվազել է. առաջին կիսամյակ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի գնահատականի, ընդհանուր առմամբ, Հայաստանի ապահովագրական շուկայի կշիռը ֆինանսական համակարգում շարունակում է մնալ փոքր: Ապահովագրական ընկերությունների ռիսկերը վերահսկելի շրջանակներում են և ֆինանսական կայունության տեսանկյունից խոցելի չեն:
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների ակտիվներն աճել են 4.3%-ով և հունիսի վերջի դրությամբ կազմել 42.9 մլրդ դրամ։ Ընդհանուր կապիտալն ավելացել է 11%-ով` կազմելով 18.6 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները նվազել են 0.4%-ով` կազմելով 24.3 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն (2016թ. առաջին կիսամյակ)» պարբերականից։
Նշվում է, որ հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա է ունեցել 7 ապահովագրական ընկերություններ:
ՀՀ ֆինանսական համակարգում ապահովագրական ընկերությունների մասնաբաժինը մնացել է անփոփոխ՝ 2016թ. հունիսին կազմելով ֆինանսական համակարգի ակտիվների 1.1%-ը:
Ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշը` հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը, 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 1.5%-ով` կազմելով 16.2 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում նշված ցուցանիշն ավելացել է 11.2%-ով):
Ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող մյուս ցուցանիշը` ապահովագրավճարներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 0.62%:
Ինչ վերաբերում է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ապահովագրավճարներին, ապա այս ցուցանիշը 2016թ. հունիսին կազմել է 10 538 դրամ` 2015թ. համեմատ աճելով 0.8%-ով:
2016թ. առաջին կիսամյակի ընթացքում ապահովագրական ընկերությունների վնասաբերության ցուցանիշը, տարեվերջի համեմատ, նվազել է 3.1 տոկոսային կետով և կազմել 45.8%:
Իսկ ծախսատարության ցուցանիշը 2016 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա համեմատ, նվազել է 1.2 տոկոսային կետով և կազմել 28.6%:
Ապահովագրական համակարգի կապիտալի համարժեքության ցուցանիշում հաշվարկվող ռիսկով կշռված ակտիվների և վճարունակության պահանջվող մեծության տեսակարար կշիռները տարեվերջին կազմել են համապատասխանաբար 36.2% և 63.8%, կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 203.1% (կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն սահմանաչափը կազմում է 100%):
Մեկնաբանել