HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԷՑ-ը ճշգրտում է բաժանորդների ունեցած պարտքերը

Այս տարվա սեպտեմբերի 5-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ընկերության բաժանորդների կողմից 01.01.2013թ.-ից 01.09.2016թ. դրությամբ ձևավորված ժամկետանց դեբիտորական պարտքերի ճշգրտման աշխատանքներ: Սխալների կամ թերությունների հայտնաբերման դեպքում բաժանորդների հետ կնքվում են փոխադարձ պարտավորություններ սահմանող համաձայնագրեր: Այս մասին «Հետքին» տեղեկացրեցին ՀԷՑ-ի լրատվական բաժնից:

Պարտքերի փոխադարձ ճշգրտման համաձայնագրեր են կնքվում նաև Արմավիրի մարզում: Այստեղ պայմանագրի կողմ է հանդիսանում ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղը: Ըստ կնքված համաձայնագրերի՝ ճշգրտման ժամանակագրությունը մարզում ավելի լայն է՝ առնչվում է 2003 թ.-ից սկսած պարտքերին:

Բանն այն է, որ նշված տարիներին պարտքեր գրվել են մարզի և հատկապես Էջմիածնի տարածքի գյուղերի գրեթե բոլոր բաժանորդների վրա: Տարիներ շարունակ սպառողները կատարել են վճարումներ, սակայն վճարված գումարի մասին նշագրում կատարվել է միայն տեսուչի մատյանում: Սպառողին չի տրվել վճարման անդորրագիր, իսկ տեսուչները սպառողների անունից գումարները մուտք չեն արել ընկերության հաշվեհամարին:

Երբ տեսուչի փոխվելուց հետո եկել է հերթական նոր տեսուչը, էլեկտրաէներգիայի սպառող բնակիչները պարզել են, որ, ասենք, 3-4 տարիների ընթացքում 32-80 հազար դրամ ՀԷՑ-ին պարտք ունեն: Սա այն դեպքում, երբ 1000 դրամ պարտ ունեցող բաժանորդների էլեկտրաէներգիան անջատվում էր, և այդ պայմաններում հնարավոր չէր տարիների ընթացքում այդքան պարտք կուտակել և շարունակել ստանալ էլեկտրաէներգիա:

ՀԷՑ-ից չեն հայտնում, թե քանի բաժանորդի, ճշգրտված ինչ գումարի չափի մասին է խոսքը:

«Էլեկտրաէներգիայի սպառողների և մատակարարի մասին տեղեկությունները դասվում են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին և այլ անձանց, կազմակերպություններին տրամադրման ենթակա չեն»,-պարզաբանում են ընկերության լրատվական ծառայությունից:

Հարցին, թե պարտքերի ճշգրտումը հետագայում ինչ հետևանք կարող է ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա, ընկերությունից հավաստիացնում են, որ «գործընթացի արդյունքում ճշգրտված գումարները էլեկտրականէներգիայի գործող սակագների վրա որևէ ազդեցություն չեն ունենա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter