HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. մանրամասն հաղորդում Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քիչ առաջ կրկին տարածեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ մանրամասն հաղորդում, որը ներկայացնում ենք ստորև. 

«Երեկ երեկոյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցել է տեղեկություններ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: Այս մասին տեղեկություններ են հրապարակվել նաեւ զանգվածային լրատվության միջոցներով:

Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ-մասնագետը եւ Արագ արձագանքման վարչության մասնագետը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել Հ. Հարությունյանի հետ եւ մանրամասն ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտական հսկողության ներքո:

Արդյունքում՝ Հ. Հարությունյանի առողջական վիճակի, մասնավորապես՝ նրա ոտքի սեւանալու, անզգայանալու եւ սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել:

Այսպես՝

Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետի կողմից Հ. Հարությունյանի ոտքի զննության արդյունքում պարզվել է, որ վերջինս ազատ ծալում եւ բացում է կատարում աջ ոտքի ծնկային հոդում, իսկ ոտնաթաթն ազատորեն կարողանում է շարժել:

Արտաքին բժշկական զննման արդյունքում պարզվել է, որ ոտքի մաշկը գունային փոփոխության ենթարկված չէ: Կախված դիրքում երկար ժամանակ գտնվելիս նկատվում է ոտնաթաթի թեթեւ արտահայտված կարմրություն:

Ոտքի ջլային եւ ներբանային ռեֆլեքսները, զգայունությունը պահպանված են, ազատորեն շարժում է ոտքի մատները, արձագանքում հպումներին:

Այցի պահին Հովհաննես Հարությունյանը գուլպաներ չի կրել, եւ նույնիսկ այդ պարագայում հենց ինքը Հ. Հարությունյանը պնդել է, որ իր ոտքերը սառած չեն:

Հ. Հարությունյանի հետ առանձնազրույցի ընթացքում նա հենակների օգնությամբ,  ոտնաթաթը հատակին թեթեւ հենելով, տեղաշարժվել է սենյակում:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Հ. Հարությունյանի համաձայնությամբ, լուսանկարահանել եւ տեսանկարահանել են Հ. Հարությունյանի ոտքի շարժումները:

Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա նոյեմբերի 2-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանների կողմից ենթարկվել է բժշկական զննության, ինչի արդյունքում
Հ. Հարությունյանի ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, վերքից արտադրություն չի եղել, արձանագրվել է վիրահատությունից հետո ոտքի անշարժացման արդյունքում աջ քառագլուխ մկանի ատրոֆիա, որի վերականգնման համար Հ. Հարությունյանին նշանակվել են բուժական ֆիզիկական վարժություններ: Խորհուրդ է տրվել նաեւ քայլել հենակներով՝ վերջույթի վրա քիչ ծանրաբեռնելով:

Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ Հ. Հարությունյանը հոկտեմբերի 27-ին հրաժարվել է բժշկական ցուցումներով՝ բուժման հետագա տակտիկան որոշելու նպատակով իրականացվող ռենտգենոգրաֆիկ հետազոտությունից՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում ավելորդ անգամ ճառագայթվել:

Բժշկական փաստաթղթերում բուժող, հետազոտող եւ հերթապահ բժիշկների գրառումներից բացի, բժշկական եզրակացություն պարունակող այլ փաստաթուղթ՝ այդ թվում՝ Հ. Հարությունյանի վերաբերյալ Նիդերլանդների բժշկական գիտությունների դոկտորի կողմից տրված որեւէ եզրակացություն (ինչպես նշվում է հրապարակային մի շարք աղբյուրներում) չի հայտնաբերվել: Փաստաբան Հայարփի Սարգսյանի կողմից Պաշտպանի աշխատակազմ բժշկական եզրակացություն պարունակող որեւէ փաստաթուղթ դեռեւս չի ներկայացրել, չնայած մեր կողմից նրան ուղղված խնդրանքին:

Հ. Հարությունյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա գտնվում է  ամենօրյա բժշկական հսկողության ներքո:

Այդուամենայնիվ, Հ.Հարությունյանը պնդել է, որ ունի վիրահատության կարիք եւ նշել է, որ ոտքը ձգելու ժամանակ ունենում է ցավեր: Ըստ նրա՝ ինքը չի ցանականում այլեւս կրել ծնկահոդի պահիչը (ֆիքսատոր), ինքնուրույն կատարում է բժշկի կողմից նշանակված վարժությունները: Հ. Հարությունյանն առողջության հետ կապված այլ գանգատ չի ներկայացրել:

Սույն հաղորդագրությամբ եւս մեկ անգամ դիմում ենք Հովհաննես Հարությունյանի փաստաբանին կամ նրա որեւէ այլ իրավասու ներկայացուցչի՝ մեզ ներկայացնելու Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տարածվել են լրատվամիջոցների երեկվա հրապարակումներում: Փաստաթղթերի բժշկական գաղտնիությունը երաշխավորվում է: Դրանք մեզ անհրաժեշտ են ուսումնասիրության եւ պրոֆեսիոնալ հետազոտությունների հիման վրա համապատասխան քայլեր ձեռնարկելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter