HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերում նշվել է Հետախույզի օրը

Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 5-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության զորքերի վետերաններ, հետախույզ զինծառայողների հարազատներ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը։

Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերը ծանոթացել են հետախույզների զինանոցում առկա սպառազինությանը, հանդերձանքին, կապի և դիտարկման մասնագիտական միջոցներին։

Հետախույզներին ուղղված շնորհավորական խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հատուկ նշանանակության ստորաբաժանումների առանձնահատկությունն այն է, որ հակառակորդի յուրաքանչյուր ժամանակավոր հաջողություն չեզոքացնելու և դիրքային իրավիճակն անխաթար պահելու համար առաջինը մարտի են նետվում հենց այդ ստորաբաժանումները: «Իսկ հետախույզի մասնագիտությունը յուրահատուկ է նրանով, որ կատարում են «վաղ ազդարարման համակարգի» եզակի առաքելությունը` հրամանատարությանն ու մյուս բոլոր զորատեսակներին ճշգրիտ տեղեկություններ տալով ոչ միայն հակառակորդի ուժերի, միջոցների ու նրանց տեղաբաշխվածության, այլ նաև մտադրությունների և նպատակների մասին: Եվ այդ անտեսանելի ճակատում ձեր ձեռքբերումներով են պայմանավորվում ոչ միայն իրական բնագծերում զորքերի ունեցած հաջողություններն ու սահմանների հուսալի պաշտպանությունը, այլև այն հնարավորինս անկորուստ և անվտանգ կերպով իրականացնելու կարևորագույն խնդրի կատարումը»,-ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ առաջադրանքները պատվով և անձնվիրությամբ կատարելու շնորհիվ է, որ հակառակորդի բազմաթիվ  ծրագրեր հօդս են ցնդել:

«Ապրիլյան մարտական գործողություններից հետո մենք ապրում ենք նոր իրականությունում: Եվ զինված ուժերը նույնպես, ոտք են դրել իրենց պատմության մի նոր ու կարևոր շրջափուլ: Կազմավորման 25-րդ տարեդարձին նախորդող ամիսները Հայկական բանակի համար առանձնանում են ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձրտեխնոլոգիական սպառազինությամբ համալրման մեծ ծավալներով: Բնական է, որ նման միջոցներն առաջին հերթին հատկացվում են հենց հետախույզներին: Այդպիսիք դուք ստացել եք, ու դեռ շատ կստանաք, արդեն իսկ կիրառում եք և վստահաբար տեսել եք, որ դրանցից շատերը մշակվել և արտադրվել են Հայաստանում: Համոզվել եք, որ մենք այլևս ընտրել ենք ոչ թե սպառազինության ու մարտական տեխնիկայի մեծաքանակ գնումներ իրականացնելու, այլ հայկականը` ավելի արդիականն ու բարձր տեխնոլոգիականը ստեղծելու և արտադրելու ճանապարհը»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ հետախույզներին մաղթելով զգոնություն ու աչալրջություն` ժամանակին հայտնաբերելու և չեզոքացնելու իրենց մասնագիտական դժվարին ծառայության ընթացքում անխուսափելի վտանգները:

Տոնական միջոցառումը շարունակվել է հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով: Միջոցառման ավարտին հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, անվանական նվերներով և պատվոգրերով:

Մեկնաբանություններ (4)

Փառանձնեմ
Կեցցե մեր բանակը, կեցցեն մեր տղաները
Սարմեն
Լավ կլիներ սոցիալական երաշխիքներ լինեին ծառայողների համար ոչ թե մեդալներ նվիրեին
Նունիկ
Շնորհավոր տղանե՜ր
Սոնա
Վստահ եմ ՎԻգեն Սարգսյանը դեռ կապացուցի, որ արժանի է լինել նախարար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter