HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք կուսակցությունների ներկայացուցիչները բոյկոտեցին Վանաձորի ավագանու նիստը

Գայանե Սարգսյան

Նոյեմբերի 5-ին  նշանակված Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստն այդպես էլ չկայացավ: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները ներկայացնող ավագանու 18 անդամները չներկայացան: Ժամը 11:00-ից Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում սպասող Հայաստանի Հանրապետական ու Հայ Հեղափոխական Դաշնակցության ավագանու 15 անդամները  30 րոպե անց ստիպված էին ընդունել  քվորում չապահովելու ու նիստի չկայանալու փաստը:

«Օրակարգը բաժանված էր բոլոր խմբակցություններին, տեղադրված էր Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Փաստորեն մեր ընդդիմադիր գործընկերները նիստը բոյկոտեցին և, ՏԻՄ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն, նիստը համարվում է  չկայացած»,- հայտարարեց Վանաձորի նորընտիր համայնքապետ Մամիկոն Ասլանյանը:

Վերջինս հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել ավագանու 18 անդամների չներկայանալը:

«Ինչքան որ Վանաձորը պատրաստ է դիմանալու առանց բյուջե, առանց քաղաքապետարանի աշխատակազմի, ինչքան որ Վանաձորը պատրաստ է ապրել առանց զարգացման ծրագրի, առանց ձնամաքրման աշխատանքների, այդքան էլ երևի թե իրենք չեն ներկայանա»,- նշեց նա:

Վերջինս վստահեցրեց, որ ավագանու կանոնակարգի քննարկումներին ընդդիմադիր ուժերը մասնակցել են, ավելին, հանդես են եկել նաև առաջարկություններով:

Բոյկոտված նիստից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանը,  պատասխանելով լրագրողների հարցերին, նախ վստահեցրեց՝ շարունակելու են բոյկոտել նիստերը:  

«Բոյկոտի պատճառների մասին մենք հենց հաջորդ օրն ենք հայտարարել: Հենց բոյկոտի միջոցով մենք փորձ ենք անում, որ այն մեծամասնությունը, որը ձայն էր տվել Հանրապետական կուսակցության թեկնածուին, բացահայտվի և նորմալ շարունակենք աշխատել: Բոյկոտը տվեց իր առաջին արդյունքը, այսինքն՝ նիստը չգումարվեց: Դա մի պարզ բան է ցույց տալիս. այն 19 ձայնը, որ ստացել էր ՀՀԿ-ի թեկնածուն, իրականում  4 հավելյալ ձայները եղել են ճնշման կամ այլ բաների արդյունքում: Եթե դա լիներ ազատ, բարի կամքի արտահայտման արդյունքում, ապա այդ մարդիկ որևէ խնդիր չէին ունենա ի հայտ գալու, ներկայանալու և ասելու՝ այո, մենք սատարում ենք ՀՀԿ թեկնածուին»,- նշեց Ք. Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանը» նիստից անմիջապես հետո հայտարարություն է տարածել` նշելով, որ կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամները  նիստին կմասնակցեն միայն Մ. Ասլանյանի հրաժարականի դեպքում:

«Քանի որ ՀՀԿ-ն չունի մեծամասնություն Վանաձոր քաղաքում, միակ շարունակելու տարբերակը պետք է լինի Մամիկոն Ասլանյանի հրաժարականի ներկայացումը ավագանուն: Այսինքն՝  եթե կհրավիրվի նիստ, որի օրակարգում կլինի այդ միակ հարցը, այդ նիստում կապահովենք քվորում և մասնակցություն: Հակառակ պարագայում այլ օրակարգով նիստերը կարժանանան նույն ճակատագրին»,-հայտարարեց Ք. Մարուքյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Վանաձորի ավագանու անդամ Հրանտ Մարգարյանը կուսակիցների անունից վստահեցրեց՝ շարունակելու են «Լուսավոր Հայաստանի» հետ բոյկոտել ավագանու նիստերը:

«Ներքաղաքական խորհրդի որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել և մենք էլ ենք միացել բոյկոտին, քանի չի պարզվել պայմանավորվածությունից դուրս եկած 4 անձերի անունները: Պատրաստվում ենք շարունակել բոյոկոտել, քանի դեռ չեն պարզվել նրանք»,- նշեց Հ. Մարգարյանը` հավելելով, որ դա երկար շարունակվել չի կարող:

Այն, որ պայմանավորվածությունը խախտողները «Բարգավաճ Հայաստանից» չեն, կուսակցությունում վստահ են. «Մեր երեքի հարցը լուծված է, քանի որ մեր քվեաթերթիկների նմուշներով մենք ապացուցել ենք, և «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համարը, որը  հանձնաժողովի նախագահն էր, տեսել է  մեր քվեաթերթիկները»:

«Հայկական Վերածնունդում» դեռ չեն որոշել` կշարունակե՞ն բոյկոտել, թե՝ ոչ:

«Մյուս խմբակցությունների հետ կլինեն հանդիպումներ և կգանք եզրակացության: Խմբակցությունը ինչ որոշում կկայացնի, այդ որոշմանը բոլորս կենթարկվենք: Դա կուսակցությունը և խմբակցությւնը պետք է որոշի»,- ասաց  կուսակցության ավագանու անդամ Կարեն Դավթյանը:

Այստեղ ևս վստահ են՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկած ավագանու 4 անդամները իրենց կուսակցությունից չեն. «Ես բացառում եմ, որ կուսակցության անդամներից որևէ մեկը քվեարկել է Մ. Ասլանյանի օգտին»:  

Վերջինս ասում է,  որ ընտրություններից հետո ներքին քննարկումներ են արել ու արդյունքում պարզել՝ իրենցից չեն:

 «Մեր մոտ այդպիսի մարդ չկա, մենք չենք եկել այն եզրակացության, որ մեր մոտից են: Հանրապետարանն էլ է ասում, որ մեր մոտից էլ են խաբել, մյուսներին են քվերակել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter