Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 2017-ի բյուջեն 2016-ի համեմատ 8.8 %-ով պակաս է
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի քննարկմանը հաղորդեց, որ 2017 թվականին էներգետիկայի ոլորտում շարունակվելու է անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Դրանք նպատակաուղղված են կայուն և հուսալի էներգահամակարգի կառուցմանը։ Իսայանի խոսքով՝ այն խթանելու է էլեկտրաէներգիայի մեծածավալ արտահանմանը, ատոմային էներգիայի զարգացմանը, գործող էներգաբլոկի ժամկետների երկարացմանը, էներգախնայողության միջոցառումների ներդրմանը։
«2017 թվականի բյուջեի նախագծով ընդհանուր հատկացումները նախատեսված են 38 մլդ 240 մլն 600 հազ. դրամ։ 2017-ի բյուջեն, 2016-ի՝ 41 մլրդ դրամ բյուջեի համեմատ, 8.8%-ով պակաս է»,-ասաց նա։
Իսայանը հիշեցրեց, որ 2016 թվականի բյուջեի հիմնական փոփոխությունը պայմանավորված է եղել Համաշխարհային բանկի հետ իրականացվող էներգահամակարգի ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում նախատեսված հատկացումներով։
Նրա հաղորդմամբ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի և նախարարության պահպանման ծախսերը 2017 թվականի բյուջեով նախատեսված են 804 միլիոն դրամից ավելի, որը 2016 թվականի համեմատ 60 միլիոն դրամով պակաս է։
«Կրճատվել է 15 հաստիք, 3 ավոտամեքենա, էլեկտրաէներգիայի, ջրի, ջեռուցման, կապի ծառայությունների և այլ ծախսեր։ Նախատեսված են 37,4 միլիարդ դրամի թվով 10 ներդրումային ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են վարկային միջոցներից՝ 28 մլդ 500 միլիոն դրամ, դրամաշնորհային միջոցներից՝ 4 միլիարդ 860 միլիոն դրամ, պետական բյուջեից համաֆինանասվորմամբ՝ 4 միլիարդ դրամով»,-նշեց նա։
Նախարարի տեղակալը հավելեց, որ 2016 թվականի ծրագրերը շարունակվելու են 2017-2018 թվականներին։ Այդ ծրագրերից 7-ով իրականացվում են էլեկտրահաղորդման ցանցերի և ենթակայանների բարելավման աշխատանքներ, մեկ ծրագիր ուղղված է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացմանը, երկու ծրագիր՝ վերականգնող էներգետիկայի զարգացմանը:Դրանք իրականացվում են ԱԺ-ի կողմից հաստատված միջազգային համաձայնագրերի շրջանակներում։
Ըստ Իսայանի՝ ատոմակայանի՝ 2016 թվականին ավարտվող շահագործման թույլտվությունը երկարաձգվել է ևս տասը տարով, բացի այդ՝ էլեկտրաէներգիայի արտադրության ավելացում կլինի։
«ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նախարարության ծրագրերի վերաբերյալ մի քանի դիտարկում ուներ, մասնավորապես՝ պատգամավորը շեշտեց, որ չորս ծրագրեր իրականացվելու են վարկային միջոցներով՝ դրանով ավելացնելով պետական պարտքը։ Մանուկյանը, խոսելով գազի սակագնի նվազեցման մասին, հակադարձեց այն դիտարկմանը, որ սակագնի նվազումը կբերի սպառման ծավալների ավելացման և պնդեց, որ սպառման ծավալների նավազումը պայմանավորված է եղել ոչ թե սակագնի տատանումներով, այլ արտագաղթով։
Այս դիտարկմանն ի պատասխան՝ Իոսիֆ Իսայանը նշեց, որ շատ բարդ է հասկանալ, թե Մանուկյանը ինչ սկզբունքներով է իր հաշվարկները կատարել, սակայն հաստատեց, որ ճիշտ է պատգամավորի այն մեջբերումը, որ ընդհանուր առմամբ, 75 միլիարդ դրամի ապրանք է արտադրվել: Բայց եւ շեշտեց, որ տարբեր տարիների հավաքագրված գումարները տարբեր են եղել։ Նախարարի տեղակալը նաև հիշեցրեց, որ այդ ոլորտում ամենամեծ խնդիրները եղել են 2012-2014 թվականներին, այդ պատճառով իրենք ամբողջ գումարը կարողացել են ստանալ 2016-2017 թվականների սակագնային տարվա ընթացքում։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ որտեղի՞ց է առաջացել ՋԵԿ-ի պարտքը, եթե դրա ամբողջ ապրանքը վաճառվել է: Նրա ունեցած տվյալներով՝ 2016-ին ՋԵԿ մուտք եղած գումարները ավելի շատ են, քան վաճառքն է եղել։ Նա ասաց՝ լուրջ մասնագետների հետ է կատարել այդ հաշվարկները, ովքեր հավաստիացրել են՝ ՋԵԿ-ը չպետք է ունենար պարտքեր։
Լուսանկարը` azatutyun.am-ի տեսանյութից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել