HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատ Ենգիբարյան. «Հայաստանը կարող է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Կովկասում, այլև Արևելյան Եվրոպայում, արաբական, աֆրիկյան երկրներում»

Մարինե Ստեփանյան

Հոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:

Ամփոփելով հայկական ՏՏ ոլորտի վերջին զարգացումները և խոսելով դրա ներուժի ու միտումների մասին՝ Բագրատ Ենգիբարյանը սկսեց նախապատմությունից. «Եթե վերադառնանք 2002 թվական, կհիշենք, որ Հայաստանը առաջին անգամ քայլ արեց՝ հասկանալու՝ արդյո՞ք կարող ենք ձևավորել տեխնոլոգիական երկիր, արդյո՞ք Հայաստանում կարող են լինել ոլորտներ, որտեղ հնարավոր է ստեղծել նորարարական լուծումներ մշակող կազմակերպություններ, և երկրի տնտեսությունը ամբողջովին տանել դեպի գիտելիքային տնտեսություն: Այդ ժամանակ ստեղծվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ընտրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, և հաջորդ 10 տարվա ընթացքում կառավարության, անհատ ներդրողների, մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ հետևողական աշխատանք էր տարվում ՝ հասկանալու՝ արդյո՞ք Հայաստանում կարող է լինել ոչ թե տեղական, այլ գլոբալ նշանակության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Այսօր հաջողությունները տեսանելի են՝ տնտեսական ոլորտում առնվազն 25% աճ, մեծ կազմակերպություններ, որոնք ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային նշանակություն ունեն»:

ՁԻՀ-ի տնօրենի խոսքով՝ վերջին  հինգ տարիների ընթացքում կարևոր խնդիրը ավելի մասշտաբային արդյունք ստանալն էր՝ օգտագործելով ոչ միայն մայրաքաղաքի, այլև ողջ երկրի պոտենցիալը, տարածելով տեղեկատվական տեխնոլոգիաները այլ ոլորտներում: Այս խնդիրը լուծելու համար որոշվեց ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ մարզերում: «Առաջին փորձը կիրառվեց Գյումրիում, որտեղ այսօր արդեն տեղակայված է ավելի քան 25 կազմակերպություն՝ ամերիկյան, թայվանական, ֆրանսիական, հայկական: Այստեղ բերում ենք ներդրումներ, ինչը ոչ միայն աշխատատեղեր ստեղծելու, այլև նոր տեխնոլոգիական մշակույթ ձևավորելու հնարավորություն է տալիս: Տարեկան Գյումրին միջինում տալիս է ավելի քան 1000 ՏՏ մասնագետ: Հաջորդ քայլը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացումն էր: Սրանով փորձում ենք դուրս գալ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտից և մտնել ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների ոլորտ»,-նշեց Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ ծրագրում ինժեներական քաղաքի հիմնումն է, որտեղ կմեկտեղվեն զարգացած ճարտարագիտական կազմակերպությունները, որոշակի մասնագիտացումներ կստեղծվեն նաև պոլիտեխնիկական համալսարանում: Այսպիսով ցույց կտանք, որ Հայաստանը ինտեգրացված լուծումներից անցնում է դեպի արտադրություն:

Այսօր հաջողությամբ գործում է Արցախի տեխնոլոգիական զարգացման ծրագիրը, քննարկվում է Կապանի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման հարցը:

Ըստ ՁԻՄ տնօրենի՝ մարզերում ՏՏ ոլորտի զարգացմամբ լուծվում է նաև ներգաղթի խնդիրը: Շատ մասնագետներ ոչ միայն Երևանից, այլև Ռուսաստանից, Գերմանիայից և այլ երկրներից տեղափոխվում են Վանաձորում աշխատելու:

Նախորդ ամսին Երևանում կայացած Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի շրջանակներում քննարկվում էր եվրասիական համագործակցության տարածքը «խելացի տարածաշրջանի» վերածելու, իսկ Հայաստանը՝ «կովկասյան Սինգապուր» դարձնելու ծրագիրը: Մեր հարցին, թե որքանով է իրատեսական այս մոտեցումը, Բագրատ Ենգիբարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Հայաստանը կարող է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Կովկասում, այլև Արևելյան Եվրոպայում, արաբական, աֆրիկյան երկրներում: Հայաստանը ապացուցեց, որ այստեղ կարող են ստեղծվել մեծ արժեքով նորարարական, հետազոտական բաղադրիչներով լուծումներ: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև կազմակերպությունները պատրաստ չեն գնալ մի երկիր, պատրաստել մասնագետներ, հետո քննարկել հետազոտությունը: Սա մեր երկրի պոտենցիալն է»:

Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ նրա, տարածաշրջանից դուրս գործող հայկական կազմակերպություններն են, որոնք հայտնվեցին աշխարհի քարտեզի վրա: «Հիմա եթե այցելեք Սիլիկոնային հովիտ, չեն հարցնի՝ որտեղ է Հայաստանը, կհարցնեն՝ այդ ի՞նչ եք անում Հայաստանում, որ ամբողջ աշխարհը ձեր մասին է խոսում: Ստանալ 10 միլիոն վենչուրային ներդրում, 100 միլիոն արժողությամբ կազմակերպություն վաճառել. նման բան մեր հարևանները դեռ չեն արել: Աշխարհն արդեն նկատել է մեզ: Որպեսզի Հայաստանը դառնա տեխնոլոգիական կենտրոն, պետք է աշխատենք ներքին միջավայր ձևավորելու վրա, քանի որ պետք է համապատասխան միջավայրով մրցակցենք: Օրինակ՝ Բելառուսում 9% հարկը զարգացման լուրջ խթան է, քանի որ ցանկացած ձեռնարկատեր նախ մտածում է իր կազմակերպության եկամուտների և ծախսերի մասին: Եվ ինչը ամենակարևորն է, մեր երկրի ղեկավարները պետք է մշտապես շեշտադրեն ոլորտում Հայաստանի առաջատար դերը ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ, ինչպիսին են Եվրասիական գործընկերության հանդիպումները»,- ասում է Եմգիբարյանը:

Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ առաջիկա ամսվա ընթացքում երեք հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի հետ, որոնց ընթացքում ներկայացվելու են նոր ծրագրեր, առաջարկվելու են կրթական և օրենսդրական ոլորտներում փոփոխություններ, քննարկվելու են հարկային դաշտում ՏՏ ընկերություններին արտոնություններ տրամադրելու կամ դրանք դրամաշնորհներով ու ներդրումներով փոխարինելու հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter