«Արժանապատիվ տրանսպորտ». միջմարզային տրանսպորտը չի գործում
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր կրկին չեն գործում մարզեր-Երևան մի շարք երթուղիներ: Մասնավորապես, նախաձեռնության ակտիվիստներից մեկը 12:00- ի սահմաններում եղել է Էջմիածնի՝ Երևանը սպասարկող երթուղայինների կայանում:
«Արդեն կես ժամ է, ինչ այստեղ եմ: Մարդիկ հավաքվում են, սպասում տրանսպորտի: Մեծամասնությունն ուսանողներ են: Տաքսիի մի քանի վարորդներ,առիթը բաց չթողնելով, հայտարարում են, որ այսօր միտինգի պատճառով տրանսպորտ չի լինելու, և առաջարկում են սովորականից բարձր գնով (առաջվա 300-ի փոխարեն 500 դրամով) հասցնել Երևան: Ուղևորներից շատերը չեն կարողանում տեղափոխվել Երևան՝ սահմանված գումարից պատճառով»,- ասել է ակտիվիստը:
Նախաձեռնության մեկ այլ ակտիվիստ հայտնում է, որ նույն վիճակում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի միջմարզային երթուղային գիծը, իսկ ավտոբուսները փորձում են Երևան հասնել այլ ճանապարհներով:
Հոկտեմբերի 4-ին՝ «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ժամանակ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի խոսնակ Պետրոս Դեմիրճյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին միջմարզային տրանսպորտի երթևեկության խախտումների վերաբերյալ կազմել են արձանագրություններ՝ հիմնվելով նաև «Արժանապտիվ տրանսպորտի» անցկացրած մոնիթորինգի արդյունքների վրա:
Ներկայացնում ենք հատված արձանագրությունից. «Վերջին երկու օրերի ընթացքում ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից կազմվել է թվով 5 արձանագրություն՝ Շիրակի /2/, Լոռու /1/, Արմավիրի /1/ և Արագածոտնի /1/ միջմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների՝ համապատասխանաբար, «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ի, «Ոսկեթև» ՍՊԸ-ի, «ՎարՌուբ» ՍՊԸ-ի և «Դավթյանտրանս» ՍՊԸ-ի նկատմամբ»:
Արձանագրություններից հետո էլ, սակայն, ոտնահարվում է քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը:
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել