ՀԱԿ. «ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները պաշարել են մարզային քաղաքների ավտոկայանները»
Այսօր առավոտից ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները պաշարել են մարզային քաղաքների ավտոկայանները: Մասնավորապես, Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Էջմիածին, Թալին, Աբովյան, Չարենցավան, Բաղրամյան, Հրազդան, Սիսիան, Սևան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մասիս, Ապարան, Մարտունի քաղաքներում համազգեստավոր և քաղաքացիական հագուստով ոստիկանները արգելում են միջքաղաքային տրանսպորտի, ինչպես նաև տաքսիների շարժը դեպի մայրաքաղաք:
Արձանագրվել են անհատ տաքսիների պետհամարանիշների, վարորդական վկայականների առգրավման, միկրոավտոբուսի վարորդների նկատմամբ հարկադրանքի կիրառման դեպքեր: Զուգահեռաբար, Երևան մտնող ճանապարհների ոստիկանական պահակակետերում ոստիկանական ուժերը կանգնեցնում և հետ են ուղարկում միկրոավտոբուսները:
Այս տվյալները ճշգրտված և հաստատված են ինչպես Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի կողմից կատարված դիտարկումների, լրագրողների ու խոչընդոտների հանդիպած անհատ քաղաքացիների հաղորդած տեղեկությունների արդյունքում:
Այս ակնհայտ վախը, որ դրսևորում է վարչախումբը, պայմանավորված է նրանով, որ այսօրվա հանրահավաքում Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնելու է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի վերաբերյալ Հռչակագիր, և ռեժիմը մեծ ջանքեր է թափում, որ այն տեղի չունենա Ազատության հրապարակում հավաքված հոծ բազմության առջև: Ականառու է նաև բարեփոխումների մասին ճոռոմ հայտարարություններ անող նոր ոստիկանապետի ներդրումն այս ապօրինությունների մեջ:
Այս ամենը ցույց է տալիս, որ ռեժիմը իշխանությունը պահում և հասարակական ըմբոստությունը փորձում է զսպել միայն ուժային կառույցների ճնշումների միջոցով: Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում չընկրկել ապօրինությունների առջև, այսօրինակ տեղեկությունները շարունակել հաղորդել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ, իսկ Երևանի բնակիչներին'ակտիվորեն մասնակցել հանրահավաքին:
Հայ ազգային կոնգրես
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել