
Սյունիքի նորանշանակ մարզպետն ունի 8 միլիոն դրամը գերազանցող 5 հատ ժամացույց և սրբապատկեր
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վահե Հակոբյանն այս տարվա հոկտեմբերի 6-ին նշանակվեց Սյունիքի մարզպետ՝ փոխարինելով Սուրիկ Խաչատրյանին: Նա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած եկամուտների, ֆինանսական միջոցների և գույքի վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր:
Ինչպես կառավարման օղակներում հայտնված շատ մարդիկ, այնպես էլ Վահե Հակոբյանը զգալի կարողությունների տեր է: Մասնավորապես՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է 154 միլիոն դրամ եկամուտ, որից 99 միլիոն դրամը նրա տարեկան աշխատավարձն է՝ ստացված տարբեր աղբյուրներից: Որպես եկամուտ` նորանշանակ մարզպետը հայտարարագրել է նաև 192 հազար եվրո ստացած վարկը:
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 6-ի դրությամբ ունեցած դրամական միջոցներին, ապա ունեցել է 35 միլիոն դրամ, 195 հազար դոլար և 120 հազար եվրո:
Սյունիքի մարզպետի ֆինանսական միջոցներն այնքան շատ են, որ նա նույնիսկ փոխառություններ է տալիս: Օրինակ՝ ունի 147 միլիոն 406 հազար դրամ և 50 հազար դոլար հանձնած փոխառություններ:
Ինչ վերաբերում է գույքին, Վահե Հակոբյանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ հողամաս: Ունի նաև «LEXUS ES 250» ավտոմեքենա և «HARLEY-DAVIDSON Night Rod Special» մակնիշի մոտոցիկլ:
Վահե Հակոբյանը հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերաազանցող թվով 5 հատ ժամացույց, մեկ ջրանկար, մեկ յուղանկար, մեկական նկար և սրբապատկեր:
Մեկնաբանել