HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բանակում միշտ պետք է աչալուրջ լինել: Միշտ, որովհետև ամեն վայրկյան իրավիճակը կարող է կրկնվել»

«Դու չգիտես, թե ինչ է պատերազմը և ինչ լավ է, որ չգիտես». Հրանտ Մաթևոսյան «Մեր վազքը»

Ապրիլյան քառօրյա պատերազմում ծնկից ներքև ոտքը կորցրած Շանթ Ղազարյանին հանդիպեցինք Երևանի Նիզամի փողոցի վրա գտնվող իրենց բնակարանում: Այդ տանը Շանթի ընտանիքը վարձակալությամբ է ապրում: Հայրական տունը Դսեղում է: «Շատ եմ սիրում մեր գյուղը, ինձ շատ բան է կապում գյուղի հետ»,- ասում է Շանթը: Զրույցի հենց սկզբից նկատեցինք, որ գործ ունենք համառ և վճռական զինվորի հետ: Շանթը քառօրյա պատերազմը իր պատերազմն էր համարում հայրենիքի թշնամու դեմ: Անգամ մորը՝ Սուսաննային, այդ օրերի մայրական տառապանքը մոռանալու համար, թույլ չէր տալիս խոսել պատերազմում իր վիրավորվելու մասին:

Շանթը 7 տարեկանում  զրկվել է  հորից: Սուսաննան առանց ամուսնու դժվարությամբ է մեծացրել երկու երեխաներին: Շանթը հոր մահից հետո ստիպված է եղել սովորել Վանաձորի թիվ 11, ապա  թիվ 8 դպրոցի 9 և 10-րդ դասարաններում, 11 –րդ դասարանն ավարտել  է Շամշադինի ավագ դպրոցում: Այդ ժամանակ ապրել է մայրական կողմի հարազատների մոտ:

Քրոջ` Երևանի պետական բժշկական համալսարան ընդունվելուց հետո Շանթն ու մայրը նույնպես տեղափոխվել են Երևան: Իր ինստիտուտ ընդունվելը նա հետաձգել է ծառայությունից հետո: Դպրոցն ավարտելուց հետո օրեր չի վատնել, աշխատել է մինչև բանակ  մեկնելը: «Բնականաբար մինչ ծառայության մեկնելը բանակը ինձ միշտ էլ հետաքրքրել է: Պատկերացրել եմ, որ 18 տարեկան մարդն ինքնուրույն ապրել պետք է սովորի հենց բանակում: Իմ պատկերացումները համընկնում էին բանակում տիրող վիճակի հետ, իրականում բանակը ինձ շատ բան է սովորեցրել: Հիմա էլ համարում եմ, որ բանակում պետք է ծառայել»,- ասում է նա:

Ծառայության մեկնել է 2014թ.-ի հունիսին, 6 ամիս ծառայել է Էջմիածնի սակրավորային գնդում, հետո դեկտեմբերի 26-ին տեղափոխել են Ղարաբաղ: Ծառայել  է Մատաղիսի զորամասի 6-րդ պաշտպանական գծում: «Դիրքերում եմ անընդհատ ծառայել, բարձրացել, իջել եմ»,- ասաց նա: Հիշեց, որ քառօրյա պատերազմի առաջին  օրը՝ ապրիլի 1-ին, իրենց հերթափոխը  դիրքերից իջել էր գումարտակ՝ հանգստանալու: Այդ գիշեր 2:30-3-ի սահմաններում սկսվել է ռմբակոծությունները Թալիշի վրա՝ այդ թվում նաև  գումարտակի:

Ուղիղ 12 ժամ անդադար կրակել է հակառակորդը, չեն կարողացել դուրս գալ բատալիոնից: Ցերկվա ժամը 2:30 –ի սահմաններում գումարտակը դիրքավորվել է Թալիշի մուտքի մոտ, որտեղից էլ հակառակորդին հետ են մղել: Ամբողջ գիշերը Թալիշը պաշպանել են: Հաջորդ առավոտ Շանթը դասակի մյուս զինվորների հետ հանվել է դիրքեր: Մի քանի օրվա ընթացքում գումարտակը սկսել է հետ վերցնել թշնամու գրաված դիրքերը: Իր խոսքով Շանթը պատերազմի դաշտում  իր աչքերով ամեն ինչ է տեսել: «Իմ մտերիմ ընկերը հիմա Գերմանիայում  հիվանդանոցում է: Գնդակը նրա վզից մտել է՝ մեջքից դուրս եկել: Նույն գումարտակում էինք ծառայում: Արման Լազգիյանը հիմա ողնաշարի խնդիր ունի: Ապաքինման փուլերը անցկացվում են, սպասում ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց  և հավելեց, որ օրեր առաջ հեռախոսով խոսել է Արմանի հետ:

Ընկերոջ հետ խոսելուց հետո իրեն երջանիկ էր զգում: Նրա խոսքով` համեմատած թշնամու զոհերի հետ՝ մեր զոհերը պատերազմում քիչ են եղել: Ասաց նաև, որ բանակում դիրքապահ է եղել: Հիացմունքով հիշեց դիրքերում կանգնած մատղաշ զինվորներին օգնելու մեկնած հայ կամավորներին. «Պատերազմը երբ սկսվեց, Ղարաբաղի գյուղերից կամավորներ եկան, հիմնականում տարիքով մարդիկ էին, մոտ 50-60 տարեկան, նրանք ահավոր ուժ էին տալիս մեզ, անընդհատ ոգեշնչում էին, մեզ հավասար կանգնում էին դիրքերում, ոչ մի բանով չէին առանձնացնում իրենց մեզնից: Նրանք շատ էին: Ինձ թվում է, եթե նրանք չլինեին, մենք չէինք կարող էդ ամենը անել»,- պատմեց Շանթը: «Կյանքի և մահվան կռվում քեզ ամենաշատը ինչն էր ուժ տալիս»,- հարցրեց երիտասարդ գործընկերուհիս: «Ամենաշատը ուժ էր տալիս էն, որ եղել է սա մեր հողը, մեր պապերը իրենց արյան գնով պահել են էդ հողը, պետք է հիմի էլ մենք պահենք»,- բացատրեց  զինվորը: Շանթը վիրավորվել է ապրիլի 5-ին. «Ապրիլի  5-ի ցերեկը զինադադար եղավ, իրիկունը ես վիրավորվեցի»,- ասաց նա: Մարտադաշտում իր վիրավորվելու հանգամանքների մասին մեր հարցերին հակիրճ էր պատասխանում: «Դա մարտական գաղտնիք է: Կասեմ ընդամենը, որ կանգնել եմ ականի վրա: Մարտադաշտում երկու դիրքերի մեջտեղի  տարածությունը հիմնականում ականապատված է լինում, որպեսզի ներխուժելը դժվար լինի»,- բացատրեց նա:

Վիրավորվելուց հետո Շանթին միանգամից տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ, առաջին վիրահատությունը Մարտակերտում են արել: Հաջորդ օրը ցերեկը տեղափոխել են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ: «Այստեղ պառկել եմ մոտ 1 ամիս 40 օր, երկրորդ վիրահատությունից հետո արդեն դուրս եմ գրվել: Երևանի զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, բժիշկ  Լևոն Ժամագործյանի պատմելով Շանթին զինվորական հոսպիտալ բերել են բավականին ծանր վիճակում. «Կայազորային հոսպիտալում արդեն կատարել էին  վերջույթային հեռացումը, կատարվել էր առաջնային վիրաբուժական մշակում և  նրա վիճակը միայն վերջույթով չէր սահմանափակվել, որվհետև վիրավորվել էր ականային պայթունից: Վերքեր ուներ և ստորին վերջույթում և որովայնի շրջանում: Կատարվել են վերակենդանացման բոլոր միջոցները: Երբ վիճակը արդեն բավարար էր տեղափոխեցինք արդեն մեր բաժանմունք, հետագայում նորից կատարվեց վիրահատություն: Վիրահատությունից հետո նրա բուժման ընթացքը շատ հարթ անցավ»,- պատմեց  բժիշկ Լ. Ժամկոչյանը:

Շանթի հետ հիվանդանոցում հոգեբանական մեծ աշխատանք է կատարվել: «Չմոռանանք, ինքը 20 տարեկան երիտասարդ է: Այդ տարիքում շատ ծանր են տանում  նման վիրավորումը: Լուրջ հոգեբաններ եկան մեր բաժանմունք  Շանթի հետ աշխատելու: Շանթը մեր մոտից դուրս է գրվել բարվոք վիճակում, այնուհետև գնացել է պրոտեզավորման: Այն ինֆորմացիան, որ ես ունեմ՝ Շանթի վիճակը հիմա լավ է»,- հայտնեց բժիշկը:

Նա այդ օրերին  բժիշկներից թաքցրել է իր ապրումները: «Շանթը մի քիչ յուրահատուկ երեխա է: Առաջին օրը, երբ բերել էին հոսպիտալ, նա ժպտում էր: Շատ տղամարդու նման էր իրեն պահում: Եվ ինչն էր մեզ դուր գալիս, որ ինքը իրեն հուսադրում էր,  ասում էր ոչինչ չկա , դրանով կյանքը չի վերջացել: Դրա համար էլ Շանթը իր այդ  տղամարդկային հատկանիշով շուտ վերականգնվեց», -պատմեց  բժիշկը:

«Բանակը, իհարկե, իմ կյանքում շատ բան փոխեց , ամեն ինչին արդեն ուրիշ տեսանկյունից եմ նայում, ամեն ինչին: Օրինակ, երբ դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ սովորական մարդկանց , իրենք անծանոթ մարդիկ չեն արդեն ինձ  համար,  բոլոր քայլող մարդիկ արդեն ինձ հարազատ են թվում: Բանակը,  բնականաբար, ինձ  ինքնուրույն մարդ սարքեց, ինձ համար առաջնայինը դա էր»,- բացատրեց Շանթը:

Ասաց նաև, որ  պատերազմից հետո  իր դժվարությունները արդեն անցել են, կյանքը սովորական է, ինչպես մինչ պատերազմն է եղել: Պրոտեզավորվելուց հետո Շանթն ընդունվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսական բաժինը, հիմա պատրաստվում  է ընդունվել աշխատանքի: Խնդրեցինք պատմել նաև պատերազմի չգրված օրենքների մասին. «Պատերազմի ժամանակ բոլոր զինվորները հատ-հատ չեն մտածում իրենց մասին, առաջնային մտածում են  նախ դիրքերը պահելու մասին: Այդ ժամանակ  դրսի կյանքն էլ ենք մոռանում, ամեն ինչ մոռանում ենք:  Մտածում ենք էդ պահին ինչպես պետք է կռվենք: Երկրորդ հերթին մտածում ենք դիրքերում մեզ հետ զինծառայող ընկերների մասին:Հարաբերությունները շատ լավ է լինում, ոնց որ ախպերը ախպոր նկատմամբ:  Թե չէ, եթե ամենքը իրեն մասին մտածի՝ էդպես չեն կարող կռվել: Պատերազմական բոլոր դրվագներն էլ իմ հիշողության մեջ մնում են: Ես որ ասեմ տխուր բաներ եմ ասելու, ավելի լավ է չասեմ»,- ասաց նա:

Շանթի պատմելով` իրենց գումարտակի դիրքերում կռվող զինվորները զենքի պակաս չեն ունեցել. «Ժամանակին բերել են, շատ դժվար էր բերելը, որովհետև ճանապարհները անընդհատ ռմբակոծվում էին, բայց մեր գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արթուր Դարբինյանը  ամեն ինչ կազմակերպել է շատ բարձր մակարդակի, ու մենք զենք զինամթերքի պակաս չենք ունեցել»:

«Ինչ կուզես փոխես բանակում»,- հարցրեց քառօրյա պատերազմի մասնակից կրտսեր գործընկերս: «Հիմա ինչ էլ ասեմ չի փոխվելու, իզուր տեղը ինչի ասեմ»,- պատասխանեց:  Զրույցի վերջում մաղթանքներ հղեց զորակոչվողներին: «Բոլորին է պետք ծառայել բանակում, ես էդպես եմ համարում: Աստված տա  իրենք էլ գնան բարեհաջող ծառայեն, վերադառնան իրենց ընտանիքները: Ուղղակի բանակում միշտ պետք է աչալուրջ լինել: Միշտ, որովհետև ամեն  վայրկյան  իրավիճակը կարող է կրկնվել:Ոչ մեկս չէինք պատկերացնում, որ կարող է էդպես պատերազմ լինել,  բայց էս արդեն մեծ փորձ եղավ,  դաս եղավ, ու պետք է արդեն  մեր զինվորները  աչալուրջ լինեն , միշտ պատրաստ լինեն»,-  ասաց Շանթ Ղազարյանը:    

Տեսանյութը եւ լուսանկարը՝  Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter