
Բուքմեյքերներն ավելացրել են հարկերը
Այսօրվա դրությամբ Հայաստանում վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունի չորս ընկերություն։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների մասին է։
Եվս չորս ընկերություն էլ ունի ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա։ Իրականում այդ ընկերությունները փոխկապակցված են բուքմեյքերական ընկերություններին։ Դրանց միջոցով բուքմեյքերականները ինտերնետ շահումով խաղեր են կազմակերպում, այդ թվում՝ «օն-լայն կազինոները»։
Գործող չորս բուքմեյքերական ընկերությունները՝ «Վիվառո Բեթինգ»-ը (VivaroBet), «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն»-ը (Europefootball), «Ինտեր Լոտո»-ն (TotoGaming) և «Գուդվին-Բետ»-ը (GoodWin), դասվում են Հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Այս մասին է վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում այս տարվա հունվար-սեպտեմբերի կտրվածքով «Ինտեր Լոտո»-ն զբաղեցրել է 178-րդ հորիզոնականը, «Վիվառո Բեթինգ»-ը՝ 254-րդ, «Գուդվին-Բետ»-ը՝ 365-րդ, «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն»-ը՝ 654-րդ։
Նրանց փոխկապակցված, ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերություններից «Վիվառո Գրուպն»-ն (նախկինում՝ «Վիվառո Գեյմ») անմիջականորեն կապված է «Վիվառո Բեթինգ»-ին, «Գուդվին-Կազինո»-ն՝ «Գուդվին-Բետ»-ին, «Տոտո Գեյմինգ»-ը՝ «Ինտեր Լոտո»-ին, իսկ «Այգեյմս»-ը՝ «Եվրոֆուտբոլ»-ին։
Փոխկապակցված ընկերություններից երկուսը հայտնվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում։ «Վիվառո Գրուպ»-ը 306-րդ տեղում է, իսկ «Այգեյմս»-ը՝ 702-րդ։
2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ նշված վեց ընկերություններն ավելացրել են հարկերի ծավալները։ Ամենամեծ աճը գրանցել է «Գուդվին-Բետ»-ը։
Իսկ «Տոտո Գեյմինգ»-ն ու «Գուդվին-Կազինո»-ն խոշորների ցանկում չեն։ Այս տարվա առաջին 9 ամիսներին նրանց վճարած հարկերի ծավալը 72.3 մլն դրամից պակաս է եղել, քանի որ 1000-րդ խոշոր հարկատուն հենց այդքան է վճարել։
Խոշորների ցանկում հայտնված վեց ընկերությունները միասին այս տարվա հունվար-սեպտեմբերին միասին պետբյուջե են վճարել 1.6 մլրդ դրամ։ 2015-ի նույն ամիսների համեմատ այս ցուցանիշն աճել է 172 մլն դրամով կամ 11.9%-ով։
Եթե բուքմեյքերական և նրանց փոխակապկցված ընկերությունների վճարած հարկերի ծավալներն առանձին ենք դիտարկում, ապա նրանց շարքում ամենախոշոր հարկատուն «Ինտոր Լոտո»-ն է, իսկ եթե միասին, ապա՝ «Վիվառո Բեթինգ»-ն ու «Վիվառո Գրուպ»-ը միասին (մոտ 640 մլն դրամ)։
Մեկնաբանել