
«Փոփոխությունների» քողազերծվող երեսը
ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե Սահմանադրության բարեփոխմամբ քայլ ենք կատարել դեպի մեր հասարակության կառավարման ավելի ժողովրդավարական համակարգ և դեպի ավելի ուժեղ Հայաստան: «Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են: Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան»,- ասել է նախագահը:
Ժողովրդավարացման չափանիշը բարեփոխումների մասին բարձրագոչ հայտարարությունները չեն ու ոչ էլ նախընտրական շրջանում ոլորտային կոսմետիկ փոփոխություններով գլոբալ փոփոխությունների իմիտացիա ստեղծելը: Ժողովրդավարացման հիմնական չափորոշիչն այն է, թե իշխանության տիրապետող քաղաքական ուժն ու լիդերն ունե՞ն հեռանալու և հավասար մրցակցային պայմաններով ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը հանդուրժելու քաղաքական կամք, թե՞ ոչ:
Վանաձորի քաղաքապետի խայտառակ ընտրությունից հետո, որի արդյունքում մեծամասնություն չունեցող ՀՀԿ թեկնածուն կուլիսային խարդավանքներով դարձավ քաղաքապետ, չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել: Ավագանու «Հայկական վերածնունդ», ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները բոյկոտում են հրավիրվող նիստերը, և մեծամասնություն չունեցող քաղաքապետը չի կարողանում անհրաժեշտ քվորում ապահովել ոչ նիստեր գումարելու, ոչ էլ, բնականաբար, որոշումներ ընդունելու համար: Եվ չնայած դրան՝ քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ստեղծված իրավիճակը նորմալ է համարում, քանի որ բոյկոտը, ըստ նրա, քաղաքական պայքարի ձև է:
Բոյկոտին` որպես քաղաքական պայքարի ձև, կարելի է նորմալ վերաբերվել, եթե ունես մեծամասնություն, և այդ բոյկոտը էականորեն չի ազդում բնականոն աշխատանքի կազմակերպման և որոշումների ընդունման վրա: Բայց այս դեպքում բոյկոտը անդամալուծում է քաղաքապետարանի աշխատանքը, նրան դարձնում անգործունակ և ոչ մի դեպքում նորմալ համարել հնարավոր չէ: Բայց հարցը դա չէ:
Այս իրավիճակն առաջացել է բացառապես մեկ պատճառով. թե՛ անձամբ Մամիկոն Ասլանյանը և թե՛ նրան անվերապահ աջակցող Հանրապետական կուսակցությունն առանձին վերցրած մեկ քաղաքում, որտեղ ընտրությունների արդյունքում պարտություն են կրել, չեն ուզում համակերպվել իշխանությունը կորցրած լինելու հեռանկարի հետ: Ասլանյանի քաղաքապետ դառնալը եղել է օրինական. նա ստացել է ավագանու անդամների մեծամասնության քվեն: Բայց նա լեգիտիմ քաղաքապետ չէ, որովհետև այդ քվեն չի արտացոլում ավագանիում ձևավորված քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Չնայած դրան՝ լեգիտիմության բացակայությունը երկրում ժողովրդավարական բարեփոխումներ սկսելու մասին ամեն օր դիֆերամբներ ձոնող կուսակցությանը չի խանգարում Վանաձորում իշխանությունը պահել քաղաքապետարանն անգործության մատնելու գնով:
Կասկած չկա, որ ՀՀԿ-ն կարող է հասնել նիստեր անցկացնելու համար անհրաժեշտ քվորումի ապահովմանը: Դրա համար նրան անհրաժեշտ կլինի բացահայտել մյուս խմբակցություններում «ներդրված» ավագանու այն 4 կամ միգուցե ավելի թվով «անդամ-գործակալներին», որոնք հոկտեմբերի 10-ին փակ քվեարկությամբ, դավաճանելով սեփական քաղաքական ուժ(եր)ին, քվեարկեցին Ասլանյանի օգտին: Ճիշտ է՝ դա կլինի այդ գործակալների՝ քաղաքական դիակի վերածվելու սգո արարողությունը, բայց կլինի այն անհրաժեշտ զոհողությունը, որը ՀՀԿ-ն կմատուցի իրավիճակն իր համար փրկելու և իշխանությունը պահելու նպատակով: ՀՀԿ-ն, իհարկե, կհաղթի: Բայց այդ դեպքում անիմաստ է խոսել ժողովրդավարացման և ներկայիս գործընթացների՝ ռեֆորմիստական բնույթի մասին: Որովհետև դա կբացահայտի, որ սահմանադրական փոփոխություններով համամասնական ընտրակարգի ներդնումը ոչ թե ուղղված էր կուսակցությունների, կուսակցական համակարգի կայացմանն ու առողջացմանը, այլ այդ համակարգի վերջնական ապականմանը: Որովհետև իշխանության պահպանման մոլուցքի պայմաններում այլընտրանքային կուսակցությունները դիտարկվում են որպես իշխանության «գործակալներ» ու «հաճախորդներ» բուծող ինկուբատորներ:
Վանաձորը չկորցնելու մարմաջը ուղղակի մերկացնում է վարչական ռեսուրսները խորհրդարանական ընտրություններում իր մեկնարկային առավելությանը և հաղթանակին ծառայեցնելու՝ ՀՀԿ-ի նպատակը: Եթե խնդիրը դա չէ, ապա ոչինչ չի խանգարում պարտված քաղաքապետին հրաժարական տալ և քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելու իրավական հիմք ստեղծել, այսինքն՝ գործընթացը դնել ժողովրդավարական հունի մեջ: Փոխարենը անզեն աչքով երևում է, որ ՀՀԿ-ն Վանաձորում հետապնդում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և նոր ընտրություններ նշանակելու իրավական հիմք ստեղծելու նպատակ: Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21.1 հոդվածի՝ նման իրավունք կառավարությունը ստանում է, եթե երեք ամիս ավագանին նիստեր չի կարողանում հրավիրել: Այսինքն, եթե ներկայիս իրավիճակը պահպանվի, արդեն հունվարին Վանաձորում նոր ընտրություններ են նշանակվելու, որի ժամանակ ՀՀԿ-ն ամեն ինչ կանի՝ հոկտեմբերի սխալն ուղղելու և ավագանու մանդատների 50 տոկոսից ավելին ձեռք բերելու համար: Ընդ որում՝ սին են հույսերը, թե հնարավոր է քաղաքապետին անվստահություն հայտնել: Որովհետև խնդիրը ոչ թե նրա անգործությունն է, կամ քաղաքապետը ինչ-որ հանցագործություն է կատարել, այլ ավագանու անդամների մեծամասնությունն է նիստերը տապալելով ականա գործընթացը տանում նոր ընտրությունների:
Բայց իշխանությունից չհեռանալու ՀՀԿ-ի գերնպատակը միայն Վանաձորը ցանկացած գնով «վերցնելով» չէ արտահայտվում: Հոկտեմբերի վերջին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի՝ վարչապետի պաշտոնը խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցնելու հնարավորության մասին հարցին, նշում է. «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները: Ինչո՞ւ. դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում, սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»:
Սերժ Սարգսյանի միտքը աքսիոմատիկ ճշմարտություն է. որպեսզի վարչապետ դառնաս, նախ պետք է հաղթես խորհրդարանական ընտրություններում: Բայց Սարգսյանն ասում է ճշմարտության միայն մի մասը:
Դեռ 2014թ, երբ նա փորձում էր սահմանադրական փոփոխություններ կատարելու և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտությունը բացատրել որպես երկրի ժողովրդավարացման ու զարգացման գրավական, փարատել կասկածները, թե Սահմանադրությունը փոխելու իրական նպատակը իր իշխանության մնալն է, հայտարարեց, որ այլևս չի դառնալու ո՛չ վարչապետ և ո՛չ էլ նախագահ: Ավելին, նա նշեց, որ իր կարծիքով՝ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի երկրի ղեկավարի աթոռին:
Եթե երկու տարի առաջ նախագահի համար սկզբունքորեն էր մերժելի նման հեռանկարը, ապա տրամաբանորեն նա հիմա ոչ թե պետք է վաղ համարեր ձուկը ջրում դրա օգտագործման մասին խոսելը, այլ պաշտպաներ իր այդ սկզբունքային մոտեցումը: Երբ դա չի արվում, առնվազն հիմնավոր առիթ է տրվում հանրությանը մտածելու, որ կառավարման խորհրդարանական կառավարման համակարգի անցնելը պարզապես մեխանիզմ էր իշխանությունը պահպանելու համար:
Հետևաբար, այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում համակարգային փոփոխությունների անվան ներքո, բարեփոխումների անվան տակ իշխանության վերարտադրումը մանիպուլյատիվ էֆեկտով ավելի բարեհունչ դարձնելն է: Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ հայտարարությունը նախագահն արեց՝ ժամանակից շուտ իր հեռանալու սպասում չառաջացնելու և դրանով իր՝ առանց այն էլ ներքին լուրջ ճաքեր ունեցող թիմն ընտրություններից առաջ չփլուզելու դիտավորությամբ, միևնույն է՝ հանգում ենք այն եզրակացության, որ դա արվում է թիմի հաղթանակն ապահովելու, երաշխավորելու համար: Հետևաբար, Սերժ Սարգսյանն այս դեպքում հանդես է գալիս ոչ թե որպես հանրապետության նախագահ, այլ որպես ընտրություններում հաղթելու խնդիր ունեցող կուսակցության ղեկավար: Դա նշանակում է, որ կուսակցական շահը գերադաաս է պետական, հասարակական շահից, որոնք ենթադրում են հավատարիմ մնալ իսկապես համակարգային բարեփոխումների ոգուն ու նպատակներին և մտածել բացառապես հավասար քաղաքական մրցակցության պայմաններ ստեղծելու մասին: Էլ չենք խոսում այն մասին, որ Սահմանադրությունը դառնում է ոչ միայն իշխանության պահպանման նպատակին ծառայող բազմակի օգտագործման գործիք, այլև ստեղծվում է որպես իշխանությունը սահմանադրականորեն երկարաձգելու՝ հետսովետական սինդրոմի տեղայնացման նախադրյալ:
Սրանք են ներկայիս ժողովրդավարական բարեփոխումների իրատեսականության իրական, առայժմ միակ շոշափելի ցուցիչները:
Լուսանկարը՝ president.am կայքի
Մեկնաբանել