Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ երկու տարի նպաստ է ստացել. հարուցվել է քրգործ
Լոռու մարզի դատախազությունում, ուսումնասիրելով քաղաքացու դիմումի հիման վրա ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված նյութերը, հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական կեղծիքի և խարդախության դեպքերի առթիվ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում հաշվառված, բայց 2007թ. մինչև 2010թ. ներառյալ Երևան քաղաքում, իսկ հետագայում Սարատովկա գյուղում փաստացի բնակություն հաստատած քաղաքացին 2009թ. հունվարի 30-ին և 2010թ. հունվարի 29-ին դիմել է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար:
Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կազմել և տրամադրել է վերջինիս փաստացի բնակվելու, ընտանիքի կազմի և նրա՝ գյուղատնտեսական նշանակության հողի չափի և անասունների գլխաքանակի մասին կեղծ տեղեկանքներ:
Հիշյալ տեղեկանքները քաղաքացին ներկայացրել է սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալություն, որտեղ չեն ստուգվել դրանցում նշված տեղեկությունները: Նա հաշվառվել է նպաստառուների ցուցակում և 2009-2010թթ. ընթացքում ստացել նպաստ:
Նկատի ունենալով, որ հսկողություն իրականացնող դատախազի գնահատմամբ՝ նախապատրաստված նյութերում վերը նշված երեք անձանց գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, այն է՝ քաղաքացին, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, խաբեությամբ հափշտակել է զգալի չափի գույք, աշխատակազմի ղեկավարն էական վնաս է պատճառել պետության շահերին՝ կատարելով պաշտոնեական կեղծիք, իսկ սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալության տեսուչը կատարել է պաշտոնեական անփութություն և պաշտոնեական կեղծիք՝ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 315-րդ հոդվածի 1-ին, 178-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասերով և 314-րդ հոդվածով:
«Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար»,- հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել