Ոստիկանության բաց դռների օր՝ Վանաձորում. բաժին կայցելի 30 աշակերտ
Լոռու մարզկենտրոն Վանաձորում վաղը տեղի կունենա առաջինը ոստիկանության բաց դռների օրերի շարքից, որոնց նպատակն է ամրապնդել ոստիկանության և բնակչության միջև փոխվստահությունը:
ՀՀ ոստիկանության և «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած բաց դռների օրերը նախատեսված են երիտասարդության համար՝ նրանց հնարավորություն ընձեռելու ավելի լավ ճանաչել ոստիկանության աշխատանքը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի պատասխանատու Լիլիան Շալառուն նշեց. «Ոստիկանության բաց դռների օրերը նպատակ ունեն ջերմացնելու հարաբերությունները ոստիկանության և Հայաստանի երիտասարդ քաղաքացիների միջև: Միջոցառումը մեր գրասենյակի՝ Հայաստանում ժողովրդավարական ոստիկանության զարգացմանը նպաստող շարունակական աշխատանքների մի մասն է»:
Օրվա ընթացքում բարձր դասարանի մոտ 30 աշակերտ կայցելի ոստիկանության Վանաձորի բաժին, որտեղ կծանոթանա ոստիկանության առօրյա աշխատանքին և ոստիկանության ծառայողների հետ կքննարկի ոստիկանական աշխատանքի մարտահրավերները: Աշակերտները նաև հնարավորություն կունենան փորձելու ոստիկանական սարքավորումները, հատուկ միջոցները և նստել պարեկային մեքենաների մեջ:
Մի շարք փորձագետներ թեմատիկ զրույցներ կվարեն տարբեր խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ թմրամոլություն, թրաֆիքինգ, կոռուպցիա, ինչպես նաև համայնքային ոստիկանության մոդել: Միջոցառման բոլոր մասնակիցներին կբաժանվեն նշված թեմաներով հատուկ մշակված տեղեկատվական բրոշյուրները, նաև հուշանվերներ:
Բաց դռների օրեր կազմակերպելու հարցում ոստիկանությանն աջակցությունը տրամադրվում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ուղղված ԵԱՀԿ բազմամյա ծրագրի շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել