HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է համացանցի նախահայրերից մեկը համարվող Լուի Պուզենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենին և նրա տիկնոջը՝ Շանթալ Լեբրյումանին: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը: 

Վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհավորել Լ. Պուզենին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է ոլորտի շարունակական զարգացումը մեր երկրում, նշել, որ ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության նոր ձևաչափ և յուրաքանչյուր շաբաթ տեղի ունեցող հանդիպման ընթացքում քննարկվում են ոլորտին նոր շունչ հաղորդելուն և այն զարգացման նոր մակարդակի մղելուն ուղղված հարցեր ու առաջարկություններ:

Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և նշել, որ կառավարությունը հույսեր է կապում նրանց նախաձեռնությունների հետ: Կարեն Կարապետյանն ավելացրել է նաև, որ շնորհակալ կլինի, եթե Լ. Պուզենը հայ գործընկերների հետ կիսվի իր փորձով ու գիտելիքներով:

Լուի Պուզենը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ավելացրել, որ տպավորված է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային քայլերով: Լ.Պուզենն ընդգծել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ, նպաստել նրանց՝ միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter