HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երրորդ հանրապետության բնակչության թվաքանակի ամենացածր ցուցանիշը հաշվառվել է 2016-ին

Դիանա Ղազարյան
Սարո Բաղդասարյան

2016թ. հաշվառվել է երրորդ հանրապետության բնակչության թվաքանակի ամենացածր ցուցանիշը: Մշտական բնակչության թվաքանակը, ըստ ազգային վիճակագրական ծառայության, կազմել է 2 998,6 հազար մարդ, որը 2015թ. տարեսկզբի համեմատ, նվազել է 12 հազարով։

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած ժողովրդագրական հաշվետվության՝ 1990-ականներին Հայաստանի բնակչության ծնելիության մակարդակի անկման, մահացության մակարդակի աճի, ինչպես նաև բնակչության արտագաղթի հետևանքով բնակչության թվաքանակի սրընթաց նվազումն որոշակիորեն մեղմացել է 2000-ականներին։  

Սակայն 2011թ-ին անցկացված մարդահամարի արդյունքներով արձանագրվել է, որ 2001թ. համեմատությամբ` 2011-ին ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ195 հազար մարդով, կամ 6%-ով:

Հայաստանի երրորդ հանրապետության տարիներին բնակչության ամենամեծ թվաքանակը ՀՀ-ում հաշվառվել է 1990 թվականին՝ կազմելով 3,5 միլիոն բնակիչ, այնուհետ բնակչության թվաքանակը տարեցտարի նվազել է, մասնավորապես՝ 2016-ին հաշվառվել է ՀՀ բնակչության թվաքանակի ամենացածր ցուցանիշը՝ 2,9 միլիոն բնակիչ։

Դիտարկելով վերջին 25 տարիների ցուցանիշները՝ պարզվում է, որ 1990-2015 թվականներին մշտապես ՀՀ բնակչության 60 %-ից ավելին կենտրոնացված է եղել քաղաքներում, իսկ 30 %-ից ավելին՝ գյուղական համայնքներում։

2016թ. տարեսկզբի դրությամբ հանրապետության մշտական բնակչության 47.7%-ը կազմել է արական, իսկ 52.3%-ը` իգական սեռի բնակչությունը: Բնակչության միջին տարիքը, 2016թ.-ի տարեսկզբի դրությամբ, կազմել է 35.9 տարի. մասնավորապես՝ 34.1 տարի արական սեռի և 37.6՝ իգական սեռի համար:

Վերջին 25 տարիներին ծնելիության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 1990-ին՝ 79 հազար ծնվածներով, այնուհետ տարեցտարի ծնելիության ցուցանիշները նվազել է։ Ծնելիության մակարդակի ամենացածր ցուցանիշը արձանագրվել՝ 2000 թվականին՝հաշվառվելով 34 հազար ծնված։ Իսկ 2015-ին գրանցվել է վերջին հինգ տարիների ծնելիության մակարդակի ամենացածր ցուցանիշը՝ 41 763 ծնված։ Իսկ եթե ծնելիության 1990 թվականի ցուցանիշը, համեմատենք 2015-ի տվյալների հետ, ապա կնկատենք, որ ծնելիության մակարդակը գրեթե կիսով չափ նվազել է։

25 տարիների՝ ծնելիության թվաքանակի առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ գծապատկերով։

ԱՎԾ-ն նաև արձանագրել է, որ 2015թ. մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 26.4 տարի, իսկ առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 24.4 տարի, իսկ 2014թ-ին համապատասխանաբար` 26.1 և 24.3 տարի:

Ծառայություն նաև պարզել է, որ 2015թ.-ին` 2014-ի համեմատ, արձանագրվել է մահվան դեպքերի 0.6% աճ։

Եթե դիտարկենք ծնելիության ու մահացության 1990-2015թթ.-ի ցուցանիշները, ապա կնկատենք, որ 1990-ականների ծնելիության ցուցանիշի անկման հետ մեկտեղ, ավելացել է մահացության դեպքերը, մասնավորապես՝ 2015-ին գրանցվել է վերջին չորս տարիների մահացության դեպքերի ամենամեծ՝ 27 հազ. 900 թվաքանակը։

Համեմատելով 25 տարիների ծնելիության և մահացության տվյլաները՝ ստացվել է այսպիսի պատկեր՝

Մահացության դեպքերում գերակշռել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից արձանագրված մահացության դեպքերը, որոնք կազմում են մահացության ընդհանուր թվաքանակի 68.5%-ը:

2015թ.-ին, ինչպես և 2014թ.-ին, արձանագրված մահացության՝ 51.3%-ը կազմել են արական սեռի, իսկ 48.7%-ը` իգական սեռի մահվան դեպքերը։

Համաձայն պաշտոնական տվյալների՝ 2015-ին մահացել է 14 302 տղամարդ և 13 576 կին։ Նախորդ տարի արձանագրված մահացության դեպքերի գրեթե կեսը արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով է, այնուհետ գերակշռել է չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերը, հաջորդիվ՝ շնչառական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերն են։ 2015-ի մահացության դեպքերի առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ գծապատկերով.

2015թ.-ին կյանքի միջին տևողությունը տղամարդկանց համար կազմել է 71.7 տարի, իսկ կանանց համար` 78.2 տարի: Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 71.9, կանանց համար` 78.3 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատասխանաբար` 71.2 և 77.9 տարի:

ՀՀ-ում մարդահամարի վեցանգամյա տվյալները փասոտւմ են, որ բնակչության 60 %-ից ավելին կազմում է 16-62 տարիքային խումբը, այնուհետ 0-15 տարեկանն է, հաջորդիվ՝ «63+»-ը։ Հարկ է նշել, որ ծնելիության մակարդակի հետ մեկտեղ 1990 ականներից նվազել է 0-15 տարեկան խմբի բնակչության թվաքանակը և, դրան հակառակ, ավելացել՝ «63+» տարիքային խմբի բնակչության թվաքանակը։

Ամփոփելով 1990-2015 թվականներին Հայաստանում հաշվառված բնակչության թվաքանակի տվյալները՝ նշենք, որ 2016թ.-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 66.3%-ը կազմել է աշխատունակ տարիքի բնակչությունը (16-62 տարեկան), 20.8%-ը` 0-15 տարեկան երեխաները, իսկ 12.9%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և բարձր տարիքի) բնակչությունը:

լուսանկարը` www.pexels.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter