HY RU EN

Գրիշա Բալասանյան

Օրենքի նախագծով առաջարկում են 5 անգամ նվազեցնել «կարմիր գծերի» տուգանքի չափը

Պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորներն առաջարկում են ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու օրենքով սահմանված տեղական տուրքը մեկ ժամվա համար չվճարելու համար տուգանքի չափը 5000 դրամից իջեցնել 1000 դրամ:

Ըստ նախագծի հեղինակների՝ Երևան քաղաքի ավագանին, հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի պահանջները, Երևանի տարածքում սահմանել է ավտոկայանատեղի տուրքերի հետևյալ դրույքաչափերը՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ, մեկ օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար' 2000 դրամ և մեկ տարվա համար՝ 12000 դրամ:

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 1247-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված տեղական տուրքը չվճարելը առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 դրամ:

Հեղինակները նշում են, որ մեկ ժամվա համար սահմանված 100 դրամը չմուծելու դեպքում օրենսգրքով սահմանվում է 5000 դրամ տուգանք, ինչն ավելին է, քան երկու ամսվա համար նախատեսված ավտոկայանատեղի տուրքը եւ առաջացնում է անհամաչափ մեծ պատասխանատվություն տվյալ իրավախախտման համար:

«Հաշվի առնելով իրավախախտման և պատասխանատվության ակնհայտ անհամաչափությունը, նախագծով առաջարկվում է մեկ ժամվա համար չվճարած 100 դրամ տուրքի համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չափով, ինչը համարժեք է ավտոկայանատեղի մեկ շաբաթվա դրույքաչափին: Հանրապետությունում առկա ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում առաջարկվող նախագիծը կնպաստի նաև քաղաքացիների սոցիալական բեռի որոշակի թեթևացմանը»,-կարծում են նախագծի հեղինակները: