HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենքների իմացությունն օգտակար է բարենպաստ շրջակա միջավայր ունենալու համար

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաuտող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ, ինչպես նաև այլոց հետ համատեղ, պահպանել և բարելավել շրջակա միջավայրը: Սա ամենատարրական կենսական պահանջներից մեկն է, որ ամեն մեկը պետք է դնի և իր, և իր պետության առջև: Այս գաղափարն ամրագրված է մեր երկրի Սահմանադրության 33.2 հոդվածում: Վերջինս նաև սահմանում է, որ «պաշտոնատար անձինք պատաuխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար»:

Ժամանակակից էկոլոգիական բարդ իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն է, որ լայն հասարակությունն իրազեկ լինի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված իր երկրի օրենսդրությանը, կարողանա օգտվել դրանից, և, որն առավել կարևոր է, ցանկություն ունենա և կիրառի այդ իմացությունն ի նպաստ իրեն ու շրջակա միջավայրի:

Օրենքների մասսայական իմացությունը կնպաստի մեր հասարակության համար արդեն իսկ խիստ անհրաժեշտ համարվող ունակությունների ձեռքբերմանը' գործող օրենսդրության շրջանակներում կողմնորոշվելու և որպես գիտակից մարդկանց հավաքականություն' մասնակցելու համապատասխան եզրակացությունների ու որոշումների կայացմանը, և անհրաժեշտ գործողությունների իրականացմանը' էկոլոգիական բազմապիսի պրոբլեմների կանխատեսման, բացահայտման, լուծման, հնարավոր կամ առկա բացասական ազդեցությունների կանխման և/կամ դրանց նվազեցման ուղղությամբ:

Այդ իմացությունը կօգնի մեր հասարկության յուրաքանչյուր խելամիտ անդամի, ինքնահսկման, վերահսկման, ճիշտ կառավարման և որևէ գործառույթի կամ գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունը ժամանակին հայտնաբերելու և հետևանքներն արագ վերացնելու շնորհիվ, հնարավորինս ձեռնպահ մնալ շրջակա բնական միջավայրին և մարդու առողջությանը անդառնալի վնասներ հասցնող գործողություններից, իսկ երբեմն նաև անգործությունից:

Յուրաքանչյուր պետության էկոլոգիական խնդրի գլխավոր նշանակությունն այն է, որ երաշխավորվի հասարակության տնտեսական և էկոլոգիական շահերի գիտականորեն հիմնավորված ճիշտ հարաբերակցությունը, և միաժամանակ ապահովվեն անհրաժեշտ երաշխիքներ' մաքուր, առողջ և կյանքի համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքի համար:

Մեր պետությունը բացառություն չէ, և այդ նպատակի իրագործման համար անցած 20 տարվա ընթացքում ընդունել է բավականաչափ իրավական ակտեր, որոնք ուղղված են այս ոլորտում հասարակական հարաբերությունների կարգավորմանը:

Իրավական նորմերի այն ամբողջությունը (ներառյալ ինտեգրացված միջազգային իրավունքը), որը կարգավորում է հասարակական հարաբերությունները' բնօգտագործման, շրջակա բնական միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման բնագավառներում, կոչվում է շրջակա միջավայրի պահպանության իրավունք:

ՀՀ օրենսդրության այս դաշտում իրենց ուրույն ու շատ կարևոր դերն ու նշանակությունն ունեն ՀՀ Ազգային ժողովի կողմից 1995 թվականին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը (այսուհետև' Օրենք) և «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկությունների մատչելիության, որոշումների ընդունմանը հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան (այսուհետև' Կոնվենցիա), որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2001 թվականին:

1995 թվականից մինչ այժմ Օրենքի կիրառման արդյունքում, անշուշտ ի հայտ են եկել Օրենքի թերություններն ու անհստակությունները, նրանում առկա բացթողումները: Սակայն դրանք, այնուամենայնիվ, չեն կարող ստվեր գցել օրենքի կարևորության, նրա կիրառելիության և կիրառման խիստ անհրաժեշտության վրա: Ընդհակառակը, տարիների ընթացքում ի հայտ եկած Օրենքի թերությունների բացահայտումը լավագույն երաշխիքը կարող է լինել դրա կատարելագործման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու և դրանք Օրենքում լրացնելու համար:

Հենց Օրենքի ձևակերպմամբ' այն կարգավորում է շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության և հայեցակարգի ազդեցության փորձաքննության իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ ի սկզբանե մեր պետությունը բնապահպանական կամ էկոլոգիական փորձաքննության մասին օրենք ընդուներ ավելի շուտ' շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության և/կամ հայեցակարգերի ազդեցության գնահատման և/կամ դրա կոնտեքստում: Ցանկալի կլիներ, որ Օրենքն առաջնահերթ կերպով իրավական կարգավորում տար և կոնկրետ ու հստակ շրջանակների մեջ դներ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ու դրա իրականացման գործընթացը:

Սակայն, քանի որ այսօրվա դրությամբ մենք ունենք միայն այն, ինչ ունենք, որպես սրտացավ ու խելամիտ հասարակություն' պետք է օգտվենք եղած օրենքի ընձեռած հնարավորություններից ու դրանց օգնությամբ հնարավորինս պաշտպանենք և պահպանենք բնությունն ու շրջակա միջավայրը' ի նպաստ մեզ և մեր ներկա ու ապագա սերունդների:

Առ այսօր ՀՀ կառավարությունը և լիազոր մարմինը չեն ընդունել Օրենքն առավել կիրառելի դարձնելու համար հենց Օրենքի պահանջներից բխող կարգերը, չեն սահմանել Օրենքի պահանջների կատարման նորմերն ու չափորոշիչները: Բայց կարծես փոխարենը, ինչպես Օրենքով, այնպես էլ Կոնվենցիայով, լայն հնարավորություն է տրվել հանրությանը էապես և նախապես ազդելու այս ոլորտում որոշումներ կայացնող մարմինների որոշումների ընդունման գործընթացի վրա, ինչը նշանակում է, որ անցած ավելի քան 10 տարվա ընթացքում շահագրգիռ հանրությունն իրավասու էր պահանջելու համապատասխան մարմիններից լրացնելու Օրենքի բացթողումներն ու թերությունները և ունենալու ժամանակի էկոլոգիական պահանջներին բավարարող մի նոր, ավելի կատարյալ օրենք:

Օրենքի գաղափարախոսությունը հիմնականում կառուցված է փորձաքննության գործընթացում հասարակության լայն շրջանակների ներգրավելու վրա:

Սա նշանակում է, որ ինչքան բարձր լինի ողջ համալիրով բնապահապանական տեղեկություններին մեր հասարակության տեղեկացվածության աստիճանը, և ինչքան բարձր լինեն այդ հասարակության իմացությունն ու գիտակցությունը, այնքան անխաթար շրջակա միջավայր կունենանք, և այդքան կշահենք մենք բոլորս, ու այդքան կշահի հենց նույն այդ հասարակությունը:

Որքան ուրախ կլինեի, եթե համոզված լինեի, որ այսօրվա դրությամբ (այսինքն' Կոնվենցիային միանալուց հետո այս ավելի քան 10 տարվա ընթացքում) մեր պետական այրերը, որոնք և հիմնականում կայացնում են ՀՀ տարածքում էկոլոգիական բարդ հետևանքներ առաջացնող որոշումներ, իրենք իսկ պատկերացնում են, թե ՀՀ օրենսդրության տեսանկյունից ինչ է նշանակում «բնապահպանական տեղեկատվություն»-ը, ինչ հսկայական ծավալ ու խորություն ունի այն: Եվ դեռ պատկերացնելուց հետո էլ' գիտակցեն, ընդունեն և կիրառեն այն սկզբունքը, որն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիային միանալիս: Այն է՝ ցանկացած որոշում, որն առնչվելու է վերը նշածս լայնածավալ բնապահպանական տեղեկատվությանը, որոշում կայացնողը պարտավոր է ընդունել միմիայն հասարակայնության նախնական տեղեկացվածության և դրական կարծիքի ու համաձայնության դեպքում:

Բայց, քանի որ դրանում համոզված չեմ, իսկ փոխարենը համոզված եմ, որ, ցավոք, մեր հասարակությունն ավելի է շահագրգռված ունենալ բարենպաստ շրջակա միջավայր, քան որոշում կայացնողներից շատերը, նպատակահարմար եմ համարում վերոնշյալ 2 կարևոր իրավական ակտերի սույն փոքրիկ վերլուծական աշխատանքով հնարավորինս շատ մեր հասարակությանն իրազեկ դարձնել իր իսկ իրավունքներին և այդ իրավունքների բավականին լայն ամպլիտուդային:

Նախ մի քանի բառով նշենք, թե ինչ է «բնապահպանական տեղեկատվություն»-ը' ըստ Օրհուսի կոնվենցիայի:

- «Բնապահպանական տեղեկություն» նշանակում է գրավոր, տեuաձայնային,

էլեկտրոնային կամ այլ նյութական ձևով ցանկացած տեղեկություն' հետևյալի մաuին.

ա) շրջակա միջավայրի բաղադրիչների դրության մաuին, ինչպիuիք են oդը և մթնոլորտը, ջուրը, գետինը, հողը, լանդշաֆտը և բնական oբյեկտները, կենuաբանական բազմազանությունը և նրա բաղադրիչները, ներառյալ' գենետիկորեն փոփոխված oրգանիզմները և փոխազդեցությունը այu բաղադրիչների միջև,

բ) այն ազդակների մաuին, ինչպիuիք են նյութերը, էներգիան, աղմուկը և ճառագայթումը, ինչպեu նաև այն գործունեությունները կամ միջոցները, ներառյալ

վարչական միջոցները, շրջակա միջավայրին առնչվող համաձայնագրերը,

քաղաքականությունը, oրենuդրությունը, պլանները և ծրագրերը, որոնք ազդում են

կամ կարող են ազդել շրջակա միջավայրի այն բաղադրիչների վրա, որոնք նշված են ա) ենթակետում, և ծախuերի, oգուտի ու այլ տնտեuական հարցերի վերաբերյալ վերլուծություններն ու ենթադրությունները, որոնք oգտագործվում են շրջակա միջավայրին առնչվող հարցերով որոշումներ ընդունելիս,

գ) մարդկանց առողջության և անվտանգության, մարդկանց կենuապայմանների, մշակույթի oբյեկտների, շենքերի ու շինությունների մաuին' այն չափով, որ չափով նրանց վրա կարող է ազդել շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակը կամ, այu բաղադրիչների միջոցով, ազդակները, գործունեությունը կամ միջոցները, որոնք հիշատակված են բ) ենթակետում (Կոնվենցիայի հոդված 2, կետ 3):

Այս բնորոշման մեջ ուշադիր խորանալիս կհասկանանք, որ գրեթե չկա մի բնագավառ, մի հարց, մի խնդիր, որի վերաբերյալ որոշում կայացնելիս այդ ընդունելիք որոշումը չառնչվի բնապահպանական որևէ տեղեկատվության:

Դե, թող ընթերցողն ինքը պատկերացնի, թե ինչերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս որոշում ընդունողը պարտավոր է նախ ապահովել հանրության տեղեկատվությունը և այնուհետև ապահովել իր համապատասխան որոշման կայացման գործընթացին այդ նույն շահագրգիռ հանրության մասնակցությունը և ունենալ վերջինիս դրական կարծիքն ընդունվելիք որոշման վերբերյալ: Իմանանք, հիշենք և չմոռանանք, որ ՊԱՐՏԱՎՈՐ է!

Հարկավոր է նաև հիշել, որ սա պարտադիր բնապահպանական նորմ է, և ՀՀ բնապահպանական օրենսդրությունն ապահովել է բնապահպանական նորմերի պահանջների կատարման մեխանիզմը ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ միջոցով:

ՀՀ Ազգային ժողովը 2005 թվականի ապրիլի 11-ին ընդունել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, որի 5-րդ հոդվածը սահմանում է հենց ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ:

Դրանք են.

1) շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեuուրuների բանական (արդյունավետ) oգտագործման, բնապահպանական oրենuդրության նորմերի կատարման նպատակով ՀՀ տարածքում բնապահպանական վերահuկողության ապահովումը.
2) բնապահպանական oրենuդրության կիրարկմամբ իրավախախտումների հայտնաբերման և համապատաuխան որոշումների կայացման ապահովումը.
3) տնտեuական գործունեության հետեւանքով շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաuտելը.
4) բնական ռեuուրuների գերշահագործման կանխարգելումը:

Ռուզաննա Ղազարյան

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
Իսկոյան Աիդան չլիներ ով էր Օրհուսի կոնվենցիայի մասին իմացողը Հայաստանում:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter