HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անբարեկարգության պատճառով Վանաձորն անհրապույր է դարձել

Գայանե Սարգսյան, Տաթեւ Սարգսյան

Վանաձորի փողոցային լուսավորության սպասարկման աշխատանքներն իրականացնում է «Կ և Ա Մոնտաժշին« ՍՊԸ-ն, որը վերջին տարիներին մշտապես միայնակ է մասնակցում քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին ու այն շահում՝ ներկայացնելով քաղաքապետարանի առաջարկած գնից աննշան ցածր գին: 

2016 թվականին կատարվելիք աշխատանքների համար քաղաքապետարանն առաջարկել էր 20 մլն դրամ, կազմակերպությունը մրցույթը շահեց 19 մլն 900 հազար դրամ նախահաշվային արժեքով:

 Քաղաքի փողոցներում լուսավորության վերականգնման աշխատանքների համար առանձին էր մրցույթ հայտարարվել, որին այս տարի առաջին անգամ «Կ և Ա Մոնտաժշին»-ն ունեցավ մրցակից՝ հայտ ներկայացրեց  «Սահակյան Շին» ընկերությունը:

Ըստ ՀՀ էլեկտրոնային ռեգդիստրի, «Սահակյան Շին» ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ Վլադիմիր Սերժիկի Սահակյանը, Վարդան Գառնիկի Սահակյանը և Գագիկ Հենրիկի Սահակյանը՝ Սպիտակի համայնքապետը:

Քաղաքապետարանի գնային առաջարկի՝ 10 մլն դրամի դիմաց ընկերությունն առաջարկել է 7 մլն 470 հազար, «Կ և Ա Մոնտաժշինը» ՝ 8.5 մլն դրամ: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սահակյան Շինը»: 

2015թ.-ի սեպտեմբերից Վանաձորի քաղաքապետարանը մեկ ժամով կրճատել էր փողոցների գիշերային լուսավորության ժամանակահատվածը՝ մինչ այդ գործող ժամը 24:00-ից դարձնելով 23:00-ն:

2015թ. սեպտեմբերի 24-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը 283-Ա որոշմամբ հաստատել էր փողոցային լուսավորության այս նոր գրաֆիկը

Սա վերջին երեք տարվա մեջ երրորդ կրճատումն էր: Մինչ 2013-ը Վանաձորում գիշերային լուսավորությունն ապահովվում էր մինչ ժամը 01:00-ն: 2013թ.-ից փողոցի լամպերն անջատվում էին 24:00-ին:

Լուսավորության 4-ժամյա աշխատանքային գրաֆիկի անցնելը քաղաքապետարանում հիմնավորում էին բյուջեի միջոցների սղությամբ:

«Քաղաքում ունենք 4000-4200 լամպ, օրվա կտրվածքով մեկ ժամվա ընթացքում ծախսվում է  միջինը 800-1000 ԿՎՏ էներգիա: Եթե օրական միացնում ենք 4 ժամ, ունենում ենք մոտ 3200-4000 ԿՎՏ-ի ծախս: Ամսվա կտրվածքով ստացվում է 100.000-120.000ԿՎՏ ծախս: Հիմա մեկ ժամ շուտ անջատելով, փաստորեն, մենք օրական կարողանում ենք խնայել 800-1000 կվտ/ժ էներգիա, որը ամսվա կտրվածքով կկազմի մոտ 30.000 ԿՎՏ, այսինքն՝  շուրջ 1.5 մլն դրամի խնայողություն կունենանք»,- 2015թ. հոկտեմբերին  տված հարցազրույցում ասել էր «Կ և Ա Մոնտաժշինի» ներկայացուցիչ Սարգիս Հովհաննիսյանը:

Գիշերային լուսավորության ժամանակահատվածի կրճատումը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել վանաձորցիների շրջանում: Դժգոհում էին հատկապես նրանք, ում աշխատանքային ժամն ավարտվում էր 23:00-ից հետո: Խնդիրը լայն քննարկման առարկա էր դարձել նաև սոցիալական ցանցերում: Վանաձորցիները դիմել էին Վանաձորից ընտրված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ խնդրելով աջակցել լուսավորության նախկին գրաֆիկը  վերականգնելու հարցում:

Վերջինս գրությամբ և  հրապարակավ դիմել էր Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանին.

 «Տնտեսումներ իրականացնելը ժամանակի հրամայականն է, սակայն դրանք անհրաժեշտ է իրականացնել այն ոլորտներում, որտեղ կա նման հնարավորություն, եւ դա խնդրահարույց չի լինի քաղաքի բնակչության համար: Մասնավորապես, քաղաքի լուսավորությունը երեկոյան եւ գիշերային ժամերին հատկապես ձմռանը կրճատելը խիստ խնդրահարույց է բնակչության անվտանգության եւ հանցավորության աճի հետ կապված:

Մյուս կողմից, անհրաժեշտ է հաշվի առնել, որ քաղաքում չափազանց շատ են անբարեկարգ փողոցները, ինչն իր հերթին կարող է գիշերային խավարում անցորդների կողմից վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսանալ: Այստեղ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ Վանաձորը, լինելով Հանրապետության 3-րդ քաղաքը, ամենախիտ բնակեցված բնակավայրերից է:

Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ Վանաձորը տուրիստների ներգրավման խնդիր ունի, սակայն եթե քաղաքը զուրկ է գիշերային լուսավորությունից, ապա այդտեղ չի կարող խոսք լինել գիշերային կյանքի մասին, հետեւաբար դա ունի խիստ բացասական ազդեցություն զբոսաշրջության զարգացման տեսանկյունից»:

Պատգամավորն առաջարկել էր տնտեսումներ իրականացնել այլ ոլորտներում: Մասնավորապես՝  «քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ուռճացված աշխատակազմի եւ այլ ոլորտներում, որոնց վերաբերյալ ծախսերը մշտապես քննադատության տեղիք են տվել»:

Է. Մարուքյանը որպես տնտեսման տարբերակ տրամադրել էր նաեւ LED էներգախնայող լամպերի միջոցով քաղաքում լուսավորություն ապահովելու դեպքում էներգիայի եւ միջոցների խնայողության հաշվարկները:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պատգամավորն առաջարկել էր չեղյալ համարել խնդրո առարկա կարգադրությունը եւ Վանաձոր քաղաքում ապահովել պատշաճ լուսավորություն, ինչպես որ նախկինում էր՝ մինչեւ ժամը 01:00-ն:

Պատգամավորի առաջարկին ի պատասխան՝ քաղաքապետը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ ամեն մարդ պետք է  զբաղվի իր գործով և ինքը շատ լավ գիտի՝ ինչպես կառավարել քաղաքը:

Այդուհանդերձ, որոշ ժամանակ անց քաղաքի լուսավորության գրաֆիկը վերականգնվեց մինչեւ 24:00-ն: Նախկին գրաֆիկին անցնելու մասին, սակայն, քաղաքապետարանի պաշտոնական կայքում որևէ հայտարարութուն չէր տեղադրվել::

Քաղաքում գիշերային լուսավորությունը ողջ գիշեր պահպանվում է տարվա մեջ մի քանի օր միայն. Ամանորին ու ընտրությունների օրերին: Մնացած օրերին վանաձորցիները կեսգիշերից հետո խարխափում են՝ սեփական մաշկի վրա զգալով  համատարած մթության, թափառող շների, բաց դիտահորերի ու անբարեկարգ փողոցների ամբողջ վտանգը: Եվ սա՝ քաղաքի առաջնային փողոցներում: Ինչ վերաբերում է երկրորդային ու ծայրամասային փողոցներին, դրանց զգալի մասը դեռևս սպասում է լուսավորության անցկացման իր հերթին:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության ու բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ Միշա Ազարյանի խոսքով՝ քաղաքում, ընդհանուր առմամբ, լուսավորված է 353 փողոցներից 170-ը: Երկկողմանի լուասվորություն ունի 5 փողոց և 2 էստակադա: Մյուս փողոցերում գործում է  միակողմանի լուսավորության համակարգ:

Չնայած նրան, որ թվային պատկերում լուսավորված է փողոցների գրեթե 50 տոկոսը, քաղաքապետարանից վստահեցնում են՝ քաղաքի 90 տոկոսը լուսավորված է: 

«Շատ քիչ փողոց է մնում լուսավորելու ու ծայրամասային փողոցներում լուսատուների ավելացման խնդիր ունենք, որ մարդիկ չբողոքեն»,- ասում է Մ. Ազարյանը:

Երբ նկատում եմ, որ թվային տվյալներով չլուսավորված փողոցների թիվը մեծ է, վերջինս պատասխանում է.«Դե հիմա ես փողոցներ ասեմ, դուք տեսեք արժե՞ սրանք լուսավորել: Օրինակ՝ գրված է Ազատամարտիկների առաջին նրբանցք, գոյութուն էլ չունի, Ազատամարտիկների փողոց, որ կոմունիստների ժամանակաշրջանում  անգամ այդ փոքրիկ նրբանցքներում լուսավորություն չի եղել: Կամ Անդրանիկի նրբանցքը…Թեկուզ Երրորդ մասում՝ ոչ բնակելի տուն գոյություն ունի, ոչ հիմնարկ կա, էնտեղ լուսավորության ի՞նչ կարիք կա: Կամ Մայմեխի խճուղին լուսավորելու իմաստը ո՞րն է՝ բնակելի չի, որ դրա լուսավորության վրա մենք փող ծախսենք»:

Չլուսավորված փողոցների իմ ցանկից առանձնացնում եմ դեպի քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոց տանող ու միաժամանակ ներքաղաքային թիվ 15 երթուղուն ծառայող փողոցը, ինչից մշտապես բողոքում են վարորդները:

 Տարիներ շարունակ խոսվում է այս փողոցի ասֆալտապատման ու գիշերային լուսավորության անցկացման անհրաժեշտության մասին, բայց սայլը տեղից չի շարժվում: Եվ այսպիսիի փողոցները քիչ չեն:

Զրուցակիցս անմիջապես համաձայնվում է՝ այո, այդտեղ պետք է:

Վանաձորի քաղաքապետարանի 2013-2016թթ. զարգացման քառամյա ծրագրով գիշերային լուսավորության ապահովում տողով նպատակ էր դրվել համայնքի փողոցների գիշերային լուսավորության ամբողջական վերականգնումը՝ որպես լուծման ուղիներ մատնանշելով «քաղաքի փողոցների 90 տոկոս գիշերային լուսավորության վերականգնումն ու էլեկտրաէներգիայի խնայողության համար նոր սարքավորումների ու տեխնիկայի ձեռքբերումը»: 

Այս տարվա մարտին Վանաձորի քաղաքապետարանը քաղաքի զարգացման քառամյա ծրագրի 2015թ. հաշվետվության ներկայացման ժամանակ փողոցների գիշերային լուսավորության վերականգնում տողում նշեց՝ «կատարված է»՝ հարկ չհամարելով ներկայացնել, թե հատկապես ի՞նչ է կատարված: 

Երկու օր անց, սակայն, տարածած պաշտոնական մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացվեց. «Չլուսավորված են մնում քաղաքի փոքր փողոցները, իսկ գլխավոր, կենտրոնական փողոցները ապահովված են գիշերային լուսավորությամբ գրեթե 90 տոկսով»:

Այս գարնանը Վանաձորի քաղաքապետարանը պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել էր, որ «առաջարկություն է եղել քաղաքի գործող լամպերը փոխարինել էկոնոմ լամպերով, առաջարկն ընդունվել է, այժմ քննարկումներ են իրականացվում»:

Քննարկումները, սակայն, որևէ որոշման այդպես էլ չվերածվեցին ու հարցը նախկին քաղաքապետից փոխանցվեց Մ. Ասլանյանին, ով նոյեմբերի 2-ին այս մասին մեր հարցին ի պատասխան նշեց, որ հստակ որևէ բան դեռևս չի կարող ասել. հարցն ուսումնասիրման կարիք ունի: 

Բաց դիտահորերն անորակ աշխատանքի՞, թե՞ բարձիթողի վիճակի արդյունք են

Վանաձորի փողոցներում համայնքային ենթակայության շուրջ 1370 անձրևաջրատար դիտահոր կա: Չնայած նրան, որ ամեն տարի շուրջ 8 մլն դրամ է հատկացվում քաղաքի դիտահորերի կապիտալ նորոգման համար, քաղաքի տարբեր թաղամասերում  բնակիչները շարունակում են բողոքել բաց դիտահորերի հետևանքներից:

Նախորդ ձմռանը Տերյան փողոցում երկար ժամանակ բաց մնացած դիտահորից խուսափելու համար թաղամասի բնակիչները որոշել ու դիտահորում տեղադրել էին «նոր ճանապարհային նշան»՝ եղևնու տեսքով, որպեսզի գոնե այդ կերպ կարողանան անցորդներին ու վարորդներին զգուշացնել դիտահորի բաց լինելու մասին: 

Լրագրողների բազմաթիվ ահազանգերից հետո Վանաձորի քաղաքապետարանում տեղեկացել էին խնդրի մասին, սակայն ամիսներ շարունակ այդ դիտահորն այդպես էլ չնորոգեցին՝ պայմանավորելով ձմեռային եղանակով, ինչը թույլ չէր տալիս շինարարական աշխատանք իրականացնել տեղում:

Մի քանի տարի առաջ տեղացած հորդ անձրևից հետո Վանաձորի Լենինգրադյան փողոցում սելավաջրերը քշել-տարել էին 7-8 տարեկան տղա երեխայի, ով այդ հոսքի մեջ եկել-ընկել էր բաց դիտահորը: Նրան փրկել էինփրկարարները:

 2016թ. դիտահորերի կապիտալ նորոգման համար հայտարարված մրցույթը շահել է հայտ ներկայացրած միակ մասնակիցը՝ «Գունաշեն» ՍՊԸ-ն՝ 6.979.200 դրամ նախահաշվային արժեքով:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության ու բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Ազարյանի խոսքով՝ գումարն արդեն իսկ սպառվել է: Սա նշանակում է, որ տարվա վերջին երկու ամիսներին տարբեր պատճառներով վնասված դիտահորերի համար այլևս գումար չկա:

Նշված գումարի շրջանակներում կապիտալ նորոգվել է 43 դիտահոր և 63 կափարիչ:

Սա կազմում է դիտահորերի ընդհանուր թվի ընդամենը 7.7 տոկոսը: Քաղաքապետարանում ասում են, որ համայնքի բյուջեն թույլ չի տալիս ավելի մեծ գումար նախատեսել դիտահորերի նորոգման համար: Խնդրի լուծումը կոմունալ բաժնի մասնագետ Մ. Ազարյանը տեսնում է բնակիչների կողմից դիտահորերի պահպանման մեջ:

Վերջինս ասում է, որ դիտահորերի կափարիչները հաճախ գողանում են, հաճախ էլ դրանք ջարդվում են՝ չդիմանալով մեքենաների ծանրությանը:

«1950-ականների դիտահորեր ունենք: Մեքենաների անիվների տակ չեն դիմանում: Չի նախատեսված, որ 20 տոննայանոց մեքենա վրայով երթևեկի, անմիջապես ծռվում, ջարդվում է: Այդ ծանրության համար չի նախատեսված»,-նշում է Մ. Ազարյանը:

Հարցին՝ որքանո՞վ են որակյալ «Գունաշենի» պատրաստած կափարիչները, ո՞վ է ստուգում դրանց որակը տեղադրելուց առաջ, զրուցակիցս պատասխանում է.«Ինչքան հնարավոր է՝ որակով են պատրաստում, ստուգում ենք, որակով է լինում:  Ըստ նախահաշվի՝ մենք ստուգումները կատարում ենք և նախագծի խախտմամբ չենք ընդունում այդ կազմակերպության աշխատանքները: Էնպես որ, բարձիթողի վիճակ չէ»:
Բաց դիտահորերի վերաբերյալ բաժին ահազանգողների մեծ մասը դրանցում  հայտնված վարորդներն են:

«Ես էլ իմ մեքենայով ընկել եմ ու 25.000 դրամանոց անիվս տրաքացրել: Չեմ կարողացել շրջանցել ու տվել անիվս գցել եմ աղբարկղ,- անկեղծանում է Մ. Ազարյանը՝ այս հարցում մեղադրելով տվյալ դիտահորի կափարիչը գողացողին,-ինչո՞ւ պետք է 25.000 դրամ վնասի տակ ընկնեի մի ոմն գողի պատճառով»:

Մասնագետի խոսքով՝ գողությունների թիվը կտրուկ կպակասի, եթե բնակիչներն աչալուրջ լինեն: «Որ իրենց աչքի դեմը գողանում, տանում ծախում են, բա դրա համար ինչո՞ւ չեն բողոքում կամ ձեռքը բռնում ասում՝ տղա ջան, ինչի՞ես տանում,- ասում է Մ. Ազարյանն ու տեղեկացնում,-միայն այս տարի ոստիկանությունում  ունեցել ենք դիտահորի գողության հայտնաբերման երկու դեպք: Գողացողը գողոնը հետ է վերադարձրել, որը տեղադրվել է նախկին տեղում»:

Մ. Ազարյանի խոսքով՝ չուգունե ու մետաղե կափարիչները գողանալուց հետո ջարդում ու մաս-մաս հանձնում են մետաղ ընդունող վաճառակետերում:

 Ասում է, որ փորձել են պայմանավորվածություն ձեռք բերել այդ վաճառակետերի տերերի հետ, որպեսզի նրանք չընդունեն հանձնվող կափարիչները, սակայն ապարդյուն:«Ասում են՝ ջարդված կտորներ են բերում, ես ի՞նչ իմանամ՝ գողացած է, թե չէ»,- վաճառակետերի աշխատակիցների պատասխանն է փոխանցում մասնագետը: 

Դիտավորյալ ոչնչացվող ծառերը քաղաքապետարանում չեն նկատում

Այս տարի վաղ գարնանից սկսած՝ Վանաձորի տարբեր հատվածներում իրականացված էտման աշխատանքները բնակիչների զարմանքն ու զայրույթը հարուցեցին: Էտ իրականացնող կազմակերպությունն այն որակեց խորը էտ: Գոնե վերջին 10 տարվա ընթացքում էտման նման խորությունվանաձորցիները չէին հիշում:

 «Այն մարդիկ են խոսում, որ չեն հասկանում էտման աշխատանքներից: Մենք էդ գումարը որ տրամադրում ենք, էնպես ռացիոնալ ենք ուզում օգտագործենք, որ ամեն տարի էդ ծառի վրա էտում չկատարվի: Մենք ինչքան էտում կատարել ենք, էնպես կատարել ենք, որ ռացիոնալ լինի,- բացատրում է քաղաքապետարանի կումունալ տնտեսության ու բարեկարգման բաժնի գլխավոր մասագետ Մ. Ազարյանն ու մատնացույց անում քաղաքապետարանին կից ձգվող Տիգրան Մեծի պողոտան,-հիմա Տիգրան Մեծի վրա որ էտման աշխատանքները կատարվել են ծայրից ծայր, ինչ սիրուն տեսք է ստացել, չէ՞»:

Հիշելով ողջ գարնան ու ամռան ընթացքում ծառերի խղճուկ տեսքը՝ նրա հետ չեմ համաձայնում: 

Խորը էտը, սակայն, այնքան չի հուզում վանաձորցիներին, որքան Վանաձում նոր թափ ստացող ծառերի արհեստական ոչնչացման տենդենցը: Քաղաքի տարբեր հատվածներում կառուցված վաճառքի ու սպասարկման կետերի դիմաց հայտնված որոշ ծառերաղետալի վիճակում են:

Նժդեհի փողոցին կից մայթին գտնվող այս ծառը ոչ միայն չափազանց խորը էտման է ենթարկվել, այլև ամբողջությամբ կեղևահանվել է:

Նույնն է վիճակը նաև քաղաքի կենտրոնում գտնվող «Միլենիում» գեղեցկության սրահի դիմաց. ծառից մնացել է միայն բունը, որը կեղևահան է արվել: «Միլենիումից»  հետ չի մնացել կից գործող «Ռեֆլեքս» գեղեցկության սրահը, որի դիմացի ծառի բունը թեև չեն կեղևահանել, փոխարենը ծառից թողել են քոթուկ՝ ի ապացույց այն բանի, որ ծառը չեն կտրել: 

Մի քանի մետր այն կողմ՝ հագուստի շուկա տանող մուտքի դիմաց ևս ծառից միայն բունն է մնացել: Թեք կտրված ծառի բունը հիմա ծառայում է որպես թռչունների կերաման. կերած պիցցայի թերմացքը հենց այստեղ են նախընտրել դնել ուտողները:

Քաղաքի ոչ կենտրոնական թաղամասերում էլ կարելի է հանդիպել վաճառակետերի դիմաց չորացած ծառերի բների, որոնք վաղն, ամենայն հավանականությամբ, կհատվեն հենց վաճառակետերի տերերի կողմից՝ ծառը չորացել է հիմնավորմամբ:

«Ի՞նչ վերահսկողություն է կատարվում քաղաքի կանաչ տարածքներիպահպանության ուղղությամբ, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել այդ վերահսկողության արդյունքում ու ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվել» հարցին Մ. Ազարյանը պատասխանում է.«Եթե մենք նկատենք, անմիջապես նրանց դեմ պատիժ կկիրառենք, բայց նման դեպքեր մենք չենք նկատել: Դա գիշերով են անում, եթե էդ տիպի հանցագործ քայլի դիմում են, գիշերով կանեն, թե չէ՝ եթե մեկին բռնեցին, անմիջապես տույժ-տուգանքի կենթարկեն: Պիտի ձեռքին բռնես»:

Ձեռքին բռնել, սակայն, մինչ օրս քաղաքապետարանի աշխատակիցներին չի հաջողվում:

 Կանաչ տարածքները՝ վաճառակետեր

Վանաձորում տարածված է նաւե կանաչ տարածքները վաճառակետերի վերածելու  վատ «ավանդույթը»: Մի քանի ամիս առաջ քաղաքի կենտրոնական՝ Մյասնիկյան փողոցին կից կանաչ տարածքը, որը մի ժամանակ ծաղկանոց էր, ժամերի ընթացքում ոչնչացվեց: Մի քանի օրվա ընթացքում այստեղ բացվեց արագ սննդի վաճառակետ: Այն ակտիվորեն սկսեց բիզնես գործունեություն ծավալել: 

Ամիսներ անց մի քանի քայլ ներքև բացվեց ճիշտ նույն ոճի մեկ այլ վաճառակետ՝ կրկին արագ սննդի համար նախատեսված:  

Սրանց զուգահեռ մեկ խաչմերուկ այն կողմ՝ կրկին մայթին, կից կանաչ տարածքի վրա կառուցվեց ևս մեկ վաճառակետ՝ նախատեսված պտուղ-բանջարեղենի ու մսի վաճառքի համար: 

Հասկանալու համար՝ Վանաձորի քաղաքապետարանի կողմից թույլատրվա՞ծ է  արդյոք այդ վաճառակետերի կառուցումը, և եթե այո, ապա ի՞նչ հիմքով են թույլատրվել, դիմեցինք Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Արշավիր Ղուկասյանին: Վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե իրավասու չէ, քաղաքապետ Մ. Ասլանյանը արգելել է որևէ տեղեկատվության տրամադրում:

Ստիպված՝ գրավոր հարցմամբ դիմեցինք Վանաձորի նորընտիր քաղաքապետին՝ խնդրելով  տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե քաղաքի կենտրոնական մասում մայթերին կից կանաչ տարածքների վրա իրավական ի՞նչ հիմքով և ո՞ւմ է թույլատրվել կառուցել վաճառակետեր: Խնդրել էինք տրամադրել վաճառակետերի գործարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի լուսապատճենները: Տեղեկատվության հարցմանը կից քաղաքապետին էինք ներկայացրել վերջին մեկ տարում կանաչ տարածքներում կառուցված վաճառակետերի լուսանկարները:

Մեր ծավալուն հարցմանը քաղաքապետը բավականին հակիրճ պատասխան էր տվել: Մ. Ալանյանը նախ շրջանցել էր առաջին հարցն ու չէր տրամադրել նշված վաճառակետերի օրինականությունը կամ անօրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ, չէր նշել դրանք տնօրինողների անունները: Փոխարենը ընդհանրական պատասխանել էր.«Ձեր բարձարացրած հարցերի վերաբերյալ Վանաձորի համայնքապետարանի կողմից սկսվել է ուսումնասիրություն՝ համայնքի տարածքում կատարված ինքնակամ և կանաչ գոտիներում կատարված շինարարությունների վերաբերյալ:

Վանաձորի համայնքապետարանի կողմից խիստ հսկողության տակ է վերցվում ինքնակամ կառույցների հայտնաբերման, կասեցման և նոր հողհատկացումների գործընթացը քաղաքաշինական նորմերին համապատասխան կատարելու հարցը»:

Գրության ավարտին քաղաքապետը խոստացել էր. «Ուսումնասիրությունների ավարտից հետո նշված հարցի վերաբերյալ Ձեզ կտրվի տեղեկատվություն»:

Թե ի՞նչ ժամկետներում է նախատեսվում ավարտել ուսումնասիրությունը՝ ոչ մի խոսք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter