Դեկտեմբերի 1-ից Երևանում չջեռուցվող մանկապարտեզ չի մնա
«Մինչև դեկտեմբերի 1-ը կջեռուվեն մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները», - այսօր քաղաքապետարանում կայացած ասուլիսում ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Երևանի քաղաքապետարանի 161 նախակրթարանից ջեռուցման խնդիր ունեցող վերջին 12-ում ևս գազով լոկալ ջեռուցման կաթսայատներ են կառուցվել, որոնց շահագործումը կմեկնարկի մինչև դեկտեմբերի 1-ը:
Գայանե Սողոմոնյանը որպես ՆՈւՀ-երի 2011-ի ամենախոշոր բարեփոխում է գնահատել ապրիլի 1-ից Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները անվճար դարձնելու որոշումը՝ ընդգծելով, որ մինչ բարեփոխումը ՆՈւՀ-եր հաճախել է 25.000 երեխա, իսկ այսօր արդեն 29.000 նախադպրոցական է հաճախում մանկապարտեզներ, 6000-ն էլ հերթագրված է:
2012-ի բյուջեով արդեն նախատեսված է ֆինանսավորում՝ հաջորդ տարի ևս նախակրթարանների անվճար գործելու համար:
«Քաղաքապետի հանձնարարությամբ այս շաբաթ բազմաթիվ շրջայցեր ենք կատարել նախակրթարաններ՝ ջեռուցման պայմաններին, ջեռուցման համակարգերի կառուցման ընթացիկ աշխատանքներին, երեխաների սննդակարգին ու պահպանվող նորմերին տեղում ծանոթանալու համար»,- ասել է Գայանե Սողոմոնյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ խստացվել է նաև մանկապարտեզներ մատակարարվող սննդի վերահսկողությունը. քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում առաջարկվում է ծնողներին մասնակից լինել սննդի որակի ստուգմանը և հանձնմանը խոհանոց:
Գայանե Սողոմոնյանը նշել է նաև, որ ՆՈւՀ-երի տարածքային բարելավման նպատակով, այդ հաստատություններում ազատ տարածքների համար նախկինում կնքված վարձակալության պայմանագրերը չեն երկարաձգվելու. տարածքները հատկացվելու են մանկապարտեզներին: «Այդպիսով թե ծանրաբեռնված խմբերը կթեթևացվեն, թե հերթացուցակը կնվազի»,- ասել է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել