Պահանջում են հակասահմանադրական ճանաչել «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հոդվածները
Նոյեմբերի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի լիազոր ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը դիմում են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների դրույթները ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-րդ և 43-րդ, 83.5-րդ, 117-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Բողոքում մասնավորապես հիմնավորվում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահել, որ վերջիններս մշակեն և իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատեն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք:
Ընդ որում, սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի դրույթներով սահմանված է, որ գաղտնի տեղեկությունների վերաբերյալ ցանկերը՝ որպես տեղեկություն, ևս գաղտնի են: Այլ կերպ ասած, գերատեսչության գաղտնի՝ հրապարակման ոչ ենթակա իրավական ակտով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք գաղտնի են:
Այսպիսի պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարևոր և ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան դիմելու հիմք է եղել կազմակերպության տեղեկատվություն ստանալու հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարի գրությունը:
Կազմակերպությունը 2010 թ. փետրվարի 10-ին տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություններ այն մասին, թե 2009 թ. ծառայության ընթացքում քանի ժամկետային և պայմանագրային զինծառայող է մահացել ՀՀ զինված ուժերում, նրանց անունը, ազգանունը և հասցեն:
Ի պատասխան կազմակերպության գրությանը՝ նախարարությունը 2010 թ. փետրվարի 20-ին պատասխանել է. «...պահանջվող տեղեկատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» համաձայն՝ հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ համարվում է ծառայողական գաղտնիք: Հաշվի առնելով վերոգրյալը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարող Ձեզ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը»:
2010 թ. փետրվարի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոր հարցում է ուղարկում նախարարություն՝ խնդրելով տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանը և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկատվությունների ընդլայնված գերատեսչական ցանկը»:
Նախարարությունը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը՝ համարելով այն պետական, ծառայողական գաղտնիք:
Կազմակերպությունը Վարչական դատարանում վիճարկել է պաշտպանության նախարարության տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու իրավաչափությունը: Դատարանները մերժել են կազմակերպության հայցը և բողոքները՝ վկայակոչելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել