
1000 դրամանոցներով հիմնադրամի տրամաբանությունը. որքան կկազմի քաղաքացիներից հավաքվող ընդհանուր գումարը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Կենտրոնական բանկի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ծրագիր է մշակել՝ ինչպես կտրուկ ավելացնել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ, այնպես էլ ամսական վճարները)։
Ծրագիրը, որը նախատեսված է 20 տարվա համար, այսօր արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը։ Սպասվում է, որ առաջիկայում ԱԺ-ում ևս կքննարկվի, որից հետո պարզ կդառնա, թե ինչ տեսքով այն օրենքի ուժ կստանա։
Ըստ նախագծի՝ 2017-ի հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից, ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր՝ ավելացված վճարներ:
Նախ՝ փորձենք պարզ բացատրել, թե ինչ չափի վճարների մասին է խոսքը։ Հեղինակները ծրագրի շահառուներին երկու մասի են բաժանել։ Առաջինը զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն են, երկրորդը՝ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները։
Առաջին խմբի շահառուները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար, այնուհետև 20 տարվա ընթացքում ամսական վճարներ։ Ծրագիրը կառավարությունում ներկայացրած ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նշած տվյալներից ստացվում է, որ եթե ծրագիրը փոփոխությունների չենթարկվի, ապա մասնավորապես սպայական անձնակազմի ներկայացուցիչները կստանան ամսական 300 հազ. դրամ (20 տարում այդ գումարը կկազմի 72 մլն դրամ+միանվագ 10 մլն դրամը=82 մլն դրամ), ենթասպաների համար նախատեսված է ամսական 250 հազ. դրամ (60 մլն դրամ+10 մլն դրամ=70 մլն դրամ), իսկ շարքային զինծառայողների համար՝ ամսական 200 հազար դրամ (48 մլն դրամ+10 մլն դրամ=58 մլն դրամ)։ Այլ խոսքով՝ առաջին խմբի շահառուներից յուրաքանչյուրի համար նախատեսված է 20 տարում վճարել 58-82 մլն դրամ։ Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն իրենց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք):
Իսկ երկրորդ խմբի շահառուներին՝ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներն, կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար: Այնուհետև սպայական անձնակազմին՝ 200 հազ. դրամ ամսական (48 մլն դրամ+5 մլն դրամ=53 մլն դրամ), ենթասպաներին՝ 150 հազ. դրամ (36 մլն դրամ+5 մլն դրամ=41 մլն դրամ), իսկ շարքայիններին՝ 100 հազ. դրամ (24 մլն դրամ+5 մլն դրամ=29 մլն դրամ)։
Ի դեպ, ինչպես երևում է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ծրագիրը ներկայացնելուց հետո որոշ փոփոխություններ են արվել, քանի որ օրերս նախագահականից ստացված հաղորդագրության մեջ նշվում էր, որ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացածների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այսինքն՝ երկրորդ խմբի համար վճարների շեմը նվազեցվել է։
«Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի»,- հանրապետության նախագահին ծրագիրը ներկայացնելիս նշել է ՊՆ նախարարը:
Եվ մեկ կարևոր հանգամանք՝ այս ծրագիրը հետադարձ ուժ չի ունենալու, ինչը նշանակում է, որ եկող տարվա հունվարի 28-ից առաջ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին այն չի վերաբերելու։ Նրանք շարունակելու են վճարվել այն կարգով, որն այսօր սահմանված է։
Փողը՝ քաղաքացու գրպանից
Ծրագիրը որպես այդպիսին ողջունելի է, ինչ-որ տեղ էլ՝ պարտադիր ու ուշացած։ Սակայն այս ծրագրում ամենախնդրահարույցը ծրագրի ֆինանսավորման աղբյուրների ընտրությունն է։ Այսպես՝ ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական վճարելու է 1000 դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Հատուկ այդ նպատակով թողարկվելու են նաև արժեթղթեր և այլն։ Բայց գլխավոր աղբյուրը, ինչպես պարզ է դառնում ծրագիրը ներկայացնողների խոսքերից, լինելու են քաղաքացիներից հավաքագրված 1000-ական դրամները։
Ծրագրի այս կետի վերաբերյալ հանրության արձագանքները միանշանակ չեն։ Ոմանք ողջունում են այն և նորմալ համարում աշխատավարձից ամսական 1000 դրամ հատկացնելը։ Իսկ մի մասն էլ դժգոհ է այն տրամաբանությամբ, որ պետությունը գումար հավաքելու ամենահարմար աղբյուր դարձյալ քաղաքացու գրպանն է համարել։ Ու եթե այս ծրագիրն օրենքի ուժ ստանա, ապա յուրաքանչյուրի աշխատավարձը 1000 դրամով կպակասի։ Յուրաքանչյուրի, եթե ծրագրում չներառվեն բացառություններ։
Խնդիրը բոլորովին այն չէ, որ աշխատողները դեմ են այս ծրագրին կամ առավել ևս՝ պակաս հայրենասեր։ Խնդիրն այն է, որ այդ գումարը կարող է հավաքվել այլ աղբյուրներից՝ պետբյուջեից խարդախությամբ յուրացված միջոցները հետ բերելով, չարաշահումներ թույլ տվող պաշտոնյաներին տուգանելով, պետբյուջեից տարբեր հիմնադրամների հատկացվող անիմաստ ծախսերը կրճատելու հաշվին, ստվերային տնտեսությունը կրճատելով և այլն։
Ծրագրի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. « … եթե մենք ասում ենք՝ «ազգ-բանակ», եթե նույնիսկ այս կարգախոսից, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապա դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական խոսքերով, այլ նաև, իհարկե, մասնակցությամբ»։ Այդ մասնակցությունն էլ հենց 1000 դրամն է։ Ու ոմանց մոտ տպավորություն է, որ ծրագրում խաղադրույք է արվում «ազգ-բանակ» գաղափարի վրա։
Ծրագրի ֆինանսավորման աղբյուրների մյուս վիճելի հարցն այն է, որ եթե փոփոխություններ չարվեն, ապա ստացվում է, որ օրինակ` 60 հազ. դրամ աշխատավարձ ստացողից և 2 մլն դրամ ստացողից գանձվելու է նույնչափ գումար՝ 1000 դրամ։ Եթե 2 մլն դրամ ստացողի համար դա, երևի թե, մեծ գումար չէ, ապա 60 հազ. դրամ ստացողի համար դա կազմում է իր աշխատավարձի մոտ 2%-ը։ Այս հարցի առնչությամբ այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր կարծիքով՝ նվազագույն աշխատավարձ ստացողներից գումար չի գանձվի, իսկ այն, որ բարձր և ցածր աշխատավարձ ստացողներից միաչափ է գանձվելու, ըստ նրա, ենթակա է քննարկման։
Յուրաքանչյուր դեպքում բանակում զոհերի ու վիրավորների մասին թեման նույնքան ցավոտ է, որքան այդ թեմայով հաշվարկները, սակայն ծրագրի հիմքում հստակ հաշվարկներ են հարկավոր։
«ՍիվիՆեթ»-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի գլխավոր իրավական խորհրդական Վարուժան Ավետիքյանը նշել է, որ ծրագրի ֆինանսական տրամաբանությամբ՝ տարեկան 100 զոհի և 50 վիրավորի դեպքում ծրագիրը կարող է սպասարկվել։ Իսկ չնախատեսված դեպքերում կներգրավվեն լրացուցիչ միջոցներ։
Որքան գումար կարող է հավաքագրվել քաղաքացիներից
Թե ինչ չափի գումար կարող է հավաքվել, եթե յուրաքանչյուր աշխատողից գանձվի 1000 դրամ, կարելի է մոտավոր հաշվել։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր Հայաստանում (այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ) զբաղվածների թիվը կազմում է շուրջ 1 մլն մարդ։ Նրանց թվում և՛ այսպես կոչված գրանցված աշխատողներն են, և՛ չգրանցված, ինքնազբաղված անձինք։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հանրապետությունում զբաղվածների մոտ կեսն է գրանցված աշխատող։ Ստացվում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը շուրջ 500 հազար է։ Հենց նրանցից էլ գանձվելու են 1000-ական դրամները, եթե ծրագիրն օրենքի ուժ ստանա։
Մոտավոր և կոպիտ հաշվարկներով՝ աշխատող քաղաքացիներից վերը նշված հիմնադրամին ամսական կփոխանցվի 500 մլն դրամ։ Նորից կոպիտ հաշվարկներով՝ տարեկան այդ գումարը կկազմի մոտ 6 մլրդ դրամ։ Գումարած՝ մնացած աղբյուրներից հավաքագրումները, գումարած այն, որ աշխատողների թիվը կարող է ավելանալ և այլն։ Այլ խոսքով՝ բավականին լուրջ գումարների մասին է խոսքը։
Խոստանում են թափանցիկ աշխատել
ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն այսօր կառավարությունում հայտնել է, որ հիմնադրամը, որը հավաքագրելու է գումարները, կունենա կառավարման համակարգ՝ ՀՀ Կենտրոնական բանկի, կառավարության և հասարակության ներկայացուցիչների ընդգրկմամբ։ Հիմնադրամը նաև կունենա հոգաբարձուների խորհուրդ, որի գործառույթն է լինելու հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ կառավարման ապահովումը։ Ծրագրի հեղինակները խոստանում են թափանցիկ աշխատել։
«Յուրաքանչյուր քաղաքացի կարողանալու է առցանց տեսնել, թե որքան գումար հավաքվեց, որքան եկամուտ ապահովվեց և որ զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը ստացավ հատուցում»,- հայտարարել է Կենտրոնական բանկը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել