Մեկնարկել է Երիտասարդ ռեժիսորների 6-րդ հանրապետական փառատոնը
Հայաստանի թատերական գործիչների միությունը նոյեմբերի 23-30-ը Երևանում անցկացնում է Երիտասարդ ռեժիսորների 6-րդ հանրապետական փառատոնը, որին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ռեժիսորներ:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների նոր բեմադրությունները՝ բացահայտելով նոր անուններ:
Այս տարի փառատոնում կներկայացվի 9 ներկայացում, այդ թվում՝ 2-ը մարզային թատրոնից: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանի «Բլեզ» ներկայացումով, իսկ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը՝ բեմադրիչ Սարգիս Մանուկյանի «Խիստ սիրահարված տաքսիստը» ներկայացումով:
Թատերասեր հանրության դատին կհանձնվեն երիտասարդ ռեժիսորներ Գոռ Մարգարյանի «Լյուսիեն Լյուկ», Զարուհի Անտոնյանի «Թևավորը», Իրա Հարությունյանի «Գայլն ու յոթ ուլիկները», Լիլիթ Մելիքյանի «Մահը թակում է դուռը», Գոհար Փոքրիկյանի «Ուրիշ մարդը», Հենրի Քոչարյանի «Զգուշացեք, կանայք են», Սամսոն Մովսիսյանի «Քիթը» բեմադրությունները:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ ներկայացումներից հետո կանցկացվեն թատերական քննարկումներ:
Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ-ն, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Առաջին անգամ փառատոնը անցկացվել է 2006թ.-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել