HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀՀ-ի ազատ տնտեսական գոտիներում գործունեություն է ծավալում 15 ընկերություն

Համաձայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հետք»-ին փոխանցած տվյալների՝ ներկայում Հայաստանում գործում է ազատ տնտեսական երկու գոտի՝ «Ալյանս»-ն ու «Մերիդիան»-ը։  Ընդհանուր առմամբ, այս գոտիներում գրանցված է 15 ընկերություն։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է կառավարության  2013 թվականի որոշմամբ։ Այս գոտում գրանցված է 9 ընկերություն։ Այս գոտում գործունեություն ծավալող ընկերություններն ունեն բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) և ՀՀ-ի տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում:

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է կառավարության 2014 թվականի փետրվարի որոշմամբ։ Սակայն այս գոտու շահագործման մեկնարկը  տրվել է 2015թ. մարտի 12-ին։ Այս գոտում, որպես գործունեության տեսակ,  սահմանված են արտադրաարդյունաբերական`ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտները: Վերջին տվյալներով «Մերիդիան»-ում գրանցված է 6 ընկերություն։

Ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին ընկերությունը եղել է «Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ-ն։ 2014-ից գործունեություն ծավալող ընկերությունը զբաղվում է ռոբոտաշինությամբ,  կրթական և արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրությամբ։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ընկերության տնօրեն Ռուբեն Օսիպյանը՝ ազատ տնտեսական գոտու գործունեությունում, վարչարարությունում, սահմանափակումներում կան «մանր» հանգամանքներ, որոնք ընդհանուր առմամբ ազդել են այն որոշման վրա, որ ընկերությանը տրված հավաստագրի ժամկետի լրանալուն պես՝ 2017-ին նրանք դուրս կգան գոտուց։

«Թերությունները գերակշռում են առավելություններից։ Մեզ ավելի հեշտ  է ազատ, մենք մեր որոշումներով աշխատենք սովորական ռեժիմով, քան՝ այդ արտոնյալ ռեժիմով»,-ասում է Ռուբեն Օսիպյանը։

Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակ է հանդիսացել  ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումը, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի նպաստումը, նոր աշխատատեղեր ստեղծումը, կայուն տնտեսական զարգացում ապահովելը։

Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ (շահագործող) կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված առևտրային իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ մասնաճյուղերը, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունները, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում բացառապես ազատ տնտեսական գոտում։

 

Ազատ տնտեսական գոտիների հիմնական կարգավորող փաստաթուղթ է հանդիսանում ԱԺ-ի կողմից 2011-ին ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքը։

Համաձայն այդ օրենքի՝ ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվությունը տրվում է կառավարության որոշմամբ` հանձնաժողովի կողմից` հայտատուի ներկայացրած գործարար ծրագրի գնահատման արդյունքում տրված եզրակացության հիման վրա։

Իսկ դիմումատուի հայտի մերժման հիմք կարող է հանդիսանալ սահմանված գործարար ծրագրին ներկայացվող պահանջների անհամապատասխանությունը:

Ազատ տնտեսական գուտում չեն կարող իրականացվել ռադիոակտիվ նյութերի արտադրություն եւ առեւտուր, զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի արտադրություն ու առեւտուր, առանց ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ներմուծում, պահպանում, արտադրություն եւ առեւտուր։ Նաև արգելվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքն ազատ տնտեսական գոտի` առանց մաքսային հսկողության

Ազատ տնտեսական գոտում գրանցված շահագործողի թույլտվությունը դադարեցվում է կառավարության որոշմամբ՝ լիազոր մարմնի եզրակացության հիման վրա։

Շահագործումը դադարեցվում է

  • շահագործողի ցանկությամբ.
  • կազմակերպչի և շահագործողի միջև պայմանագրի լուծման դեպքում.
  • ազատ տնտեսական գոտու լուծարման դեպքում.
  • թույլտվությամբ սահմանված ժամկետը լրանալու դեպքում.
  • թույլտվությամբ սահմանված պահանջների խախտման կամ չկատարման դեպքում.

  

Եթե դիտարկենք ազատ տնտեսական երկու գոտինեում՝ «Ալյանս»-ում ու «Մերիդիան»-ում գործունեություն ծավալող ըներությունների գրանցման տարեթվին, ապա կնկատենք, որ երկու գոտիներ էլ ընկերությունների մեծամասնությունը մուտք է գործել 2016 թվականին:

Իսկ ազատ տնտեսական գոտու ստեղծումից մինչ օրս 2 ընկերությունների՝ շահագործողի գործունեության դադարեցման որոշումը է կայացվել, այն էլ այդ ընկերությունների ցանկությամբ։

 Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Արմեն Բաղդասարյան
Ինչպես կարելի է ազատ տնտեսական գոտւմ գրանցվել, և ինչե դրա համար անրհաժեշտ, շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter