HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում բացվեց ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը

Մարինե Ստեփանյան

Նոյեմբերի 10-ին կայացավ ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում տեղակայված ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսը, IBM-ի` համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովը, այլ բարձրաստիճան հյուրեր, բիզնեսի, կրթության և ՏՏ ոլորտների ներկայացուցիչներ: Կենտրոնի պաշտոնական բացման շրջանակներում անցկացվում է «Ավելի խելացի Հայաստան 2016» հեքեթոնը, որին մասնակցում է նորարար երիտասարդներից կազմված 14 թիմ:

Խոսելով ISTC կենտրոնի բացման մասին` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ այն պետական և մասնավոր կառույցների համագործակցության լավագույն օրինակ է: «Մենք փորձում ենք աշխատել չորս ուղղություններով: Առաջինը կրթությունն է: Մենք ոչ միայն կազմակերպում ենք կարճատև դասընթացներ ՏՏ ոլորտի մասնագետների համար, այլև փորձում ենք միջամտել համալսարանների կրթական գործընթացին: Մենք կարծում ենք, որ ավելի լավ կրթությունը բարձրակարգ մասնագետներ ստեղծելու կարևոր գրավականներից է: Երկրորդ ուղղությունը աքսելերացիան է: Որպես նորարարական կենտրոն` մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ստարտափերի թիմերին, և որն ամենակարևորն է, մեզ հասանելի են IBM-ի ամենավերջին տեխնոլոգիաները: Մեր կենտրոնի մյուս նախաձեռնությունը ամերիկյան համալսարանների հետ համագործակցությունն է: Մենք ընտրում ենք այն համալսարանները, որտեղ ներկայացված է IBM-ը, և փորձում ենք կապ հաստատել հայ և ամերիկացի ուսանողների միջև: Եվ մեր գործունեության վերջին ուղղությունը երկրում էկոհամակարգի ստեղծումն է»,- պատմեց Բագրատ Ենգիբարյանը:

ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրումը USAID-ի (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն), IBM-ի, ՀՀ Կառավարության, Երևանի պետական համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև համագործակցության արդյունք է:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսի խոսքով` ISTC-ի ստեղծումը հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների նշան է. «Կարծում եմ, որ այս կենտրոնը Հայաստանում ՏՏ ոլորտի հաջողության ապացույցն է, որը արձանագրվել է այս դահլիճում նստած մարդկանց տքնաջան աշխատանքի և ԱՄՆ Կառավարության, դեսպանատան և USAID-ի փոքր ավանդի շնորհիվ: USAID-ի աջակցությունը ՏՏ ոլորտին սկսվել է շուրջ տասը տարի առաջ: Այդ ժամանակվանից սկսած ԱՄՆ կառավարությունը, գործելով USAID-ի միջոցով, կարծում եմ, մեծ դեր է խաղացել Հայաստանում հզոր ՏՏ ոլորտ կառուցելու հարցում: Այս կենտրոնի ստեղծումը մենք դիտարկում ենք որպես մեծ ձեռքբերում Հայաստանում ոլորտի զարգացման և հզորացման համար: Կենտրոնը նպաստում է ՏՏ ոլորտի աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանը, քանի որ այն ուղղություն է տալիս տեխնիկական և ղեկավար թիմերին, ես սեփական աչքով տեսա դա` շրջելով կենտրոնում»: Ըստ դեսպան Ռիչարդ Միլլսի` այլ ոլորտներում ՏՏ լուծումների կիրառումը մեծ դեր է խաղում տնտեսության մյուս ճյուղերի արագ զարգացման հարցում: «Կարծում եմ`այսօրվա հեքեթոնը օրինակ է, թե ինչպես են ստեղծարար հայ երիտասարդները միավորվում` տեղեկատվական տեխնոլոգիաները այլ ոլորտներ ներմուծելու և կիրառելու համար»,- ասաց դեսպանը:

IBM-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Սերգեյ Բելովը կարևորեց ISTC-ի կառուցողական դերը` նշելով, որ այն հեշտացնում է նոր տեխնոլոգիաների մուտքը և մատակարարում դրանք տեղի խելացի ուսանողներին: «Ապագայում մեր մոլորակին սպասում են մեծ փոփոխություններ, ինչպիսին են գլոբալ տաքացումը, ուրբանացման բարձր մակարդակը: Մարտահրավերները պահանջում են ստեղծել ավելի խելացի լուծումներ: Այս մարտահրավերներին դիմակայելու համար կառավարությունը, արդյունաբերությունը, ակադեմիան պետք է համագործակցեն բոլոր ուղղություններով` խելացի լուծումներ գտնելու համար: Ակնհայտ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները այս լուծումների էական մաս են կազմում»,- ասաց Բելովը:

ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստարտափ աքսելերացիոն ծրագրի ղեկավար Արեգ Գևորգյանը, խոսելով «Ավելի խելացի Հայաստան 2016» հեքեթոնի մասին, նշեց, որ այն իր ձևաչափով առաջին անգամ է իրականացվում Հայաստանում: «Ծրագրում ներառել ենք 3 ոլորտներ` հեռահաղորդակցություն, ֆինանսներ և առողջապահություն: Աշխատել ենք տվյալ ոլորտների մասնագետների հետ, ովքեր ձևակերպել են իրենց ոլորտներում առկա խնդիրները, և այդ խնդիրները առաջադրվել են մեր թիմերին: Թիմերը երկու օրվա ընթացքում փորձելու են նորարար լուծումներ գտնել դրանց համար: Կա հինգ մրցանակ, որոնցից երեքը նախատեսված են վերոնշյալ ոլորտների լավագույն լուծումների համար: Դրանք տրամադրվում են մեր գործընկերների` «Ռոստելեկոմ Արմենիա»-ի,  «Արդշինբանկ»-ի և «Ինգո Արմենիա»-ի կողմից` 1000-ական ԱՄՆ դոլարի չափով: ISTC-ի կողմից կտրվի հատուկ մրցանակ IBM-ի տեխնոլոգիաների օգտագործմամբ լավագույն ինովացիոն լուծման համար` 500 ԱՄՆ դոլարի չափով: Մի քանի թիմի կտրվի IBM-ի ամպային տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն»,- պատմեց Արեգ Գևորգյանը:

Այսօր մասնակից 14 թիմերը ժյուրիին կներկայացնեն իրենց ստեղծած նորարարական լուծումները, կամփոփվեն հեքեթոնի արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter