
Վ. Սարգսյան. «Սա ազգ-բանակ գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն է»
Երեկ կառավարության կողմից հավանության արժանացած զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի ստեղծմանն անդրադառնալով՝ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը այսօր ԱԺ քննարկմանը նշեց, որ հիմնադրամը հնարավորություն է ունենալու նաև նման ծրագրեր իրականացնել արտերկրում գործող և մասնագիտացված այլ հիմնադրամների հետ փոխգործակցությամբ։ Ըստ նրա, այս աշխատելաոճը թույլ կտա շատ ավելի մեծ գումար կուտակել և խնդիրները լուծել որակապես նոր մակարդակով։
Իր այն դիտարկմանը, թե այս հիմնադրամի միջոցները հնարավոր չէր կուտակել ՊՆ-ին հատկացվող բյուջեի սահմաններում, նախարարը ասում է, որ հնարավոր է , քանի որ բյուջեն քաղաքական որոշումների և կոմպրոմիսների որոշակի փաստաթուղթ է։
Իր խոսքով՝ նախորդ շաբաթ ԱԺ-ում ՊՆ-ին 2017-ին հատկացվող բյուջեն քննարկելուց հետո մեծ ոգևորությամբ վերադարձել է նախարարություն և գործընկերներին ասել, որ ՊՆ-ն միակ պետական կառույցն է, որի բյուջեն ոչ թե կրճատում, այլ փորձում են հնարավորինս շատ միջոցներ գտնել՝ հասկանալով այն խնդիրները, որոնք ծառացել են զինված ուժերի և բանակի առջև։
Նախարարը կարծում է, որ այս և բոլոր մնացած նախաձեռնություններն արդյունավետ կլինեն միայն այն ժամանակ, եթե հաջողվի առաջիկայում նաև կտրուկ բարձրացնել բյուջեի կառավարման արդյունավետությունը, հատկապես զինված ուժերի և պաշտպանության նախարարության համակարգում։ Նախարարը վստահեցնում է, որ նախարարությունը ղեկավարելու իր մեկ ամսվա ընթացքում սա առաջին և միակ նախաձեռնությունը չէ, որ հասցրել է կատարել և, որ շատ ավելի խորքային գործընթացներ են սկսված, որոնք միտված են նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն։
Սակայն պարզաբանում է, որ որքան էլ բարձրացնեն արդյունավետությունը, նախարարությունը ունի սպառազինությունների զարգացման հստակ ծրագիր, որը պահանջելու է շատ ավելի մեծ միջոցներ, երկար տարիներ, քան այն միջոցներն են, որոնք պետական բյուջեն ի վիճակի է հատկացնել պաշտպանության նախարարությանը։
Սարգսյանը այս նախագիծը համարում է սոցիալական խավին ուղղված, սակայն պաշտպանական բնույթի քաղաքականություն. «Սա ազգ-բանակ գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն է, որտեղ յուրաքանչյուրը, ամեն ամիս աշխատավարձը ստանալիս, լրացուցիչ, առանձին տողով մտածում է առաջնագծում կանգնած զինծառայողի մասին, և դա ոչ միայն արդար է, այլև պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված և ամուր երկրում»,-նշում է ՊՆ նախարարը։
Վիգեն Սարգսյանը հավաստիացնում է, որ ծրագրի շրջանակներում հավաքված գումարները միայն ծախսվելու են այս նախագծի վրա և այլ ծրագիր այդ հիմնադրամից չի ֆինանսավորվելու։ Սա համարում է ամենակարևոր երաշխիքը, որը փաստելու է՝ հիմնադրամի դրամական միջոցներն օգտագործվելու են նպատակային։ Իսկ հիմնադրամի գործունեության թափանցիկությունը ապահովելու և հասարակության կողմից վերահսկողություն իրականացնելու համար ստեղծվելու է կայքէջ, որը իրական ժամանակում արտացոլելու է հավաքագրված գումարի և հատուցում ստացած անհատների անվանացանկը։
Իսկ հիմնադրամը ղեկավարող հոգաբարձուների խորհուրդը ունենալու է կառավարության կողմից նշանակված երեք անդամներ, որոնք, ըստ Սարգսյանի, պարտադիր չէ, որ կառավարության անդամներ լինեն, նրանք պարզապես կարող են նշանակվել կառավարության կողմից, իսկ Կենտրոնական բանկի երեք ներկայացուցիչներ կհետևեն հիմնադրամի ֆինանսական կառավարմանը։ Քաղաքացիական հասարակության երեք անդամները կընդգրկվեն հատկապես այն շահառու կառույցներից, կազմակերպություններից, որոնք դաշտում մեծ թվով են ներկայացված, ներկայացնում են պատերազմի վետերաններին, հաշմանդամություն ունեցողներին և զոհվածների ընտանիքներին։ Ասում է՝ պարտադիր չի, որ քաղհասարակության անդմաներին ընտրեն կառավարության և Կենտրոնական բանկի անդամները, և հնարավոր է օրենքի նախագծում փոփոխություն կատարվի, նրանք ընտրվեն քաղաքացիների կողմից։
Քննարկմանը ներկա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշեց՝ ակնհայտ է, որ այդ 1000 դրամը հարկատեսակ է, և չպտեք է վախենալ և ասել, որ սա հարկ է՝ բանակին։ Պատգամավորը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ նախարարը արդարացի է համարու՞մ, որ 70 հազար դրամ ստացող մանկավարժից էլ, ԱԺ պատգամավորից էլ, ով 400 հազար դրամից ավելի գումար է ստանում, պետք է գանձվի 1000 դրամ։
Այս դիտարկմանը ի պատասխան ՊՆ նախարարը հայտնեց, որ մեծ հույս ունի, որ այն բարոյական և քրիստոնեական ընկալումը, որ ում շատ է տրված, նրանից շատ է ակնկալվում մոտեցումը գործելու է և, որ բացի պարտադիր 1000 դրամից, յուրաքանչյուր անձ կամավոր կերպով կարող է այդ 1000 դրամից ավել հատկացնել հիմնադրամին։
Նախարարը բոլոր քննադատություններն ընդունելով, ցանկանում է լինել արդարացի և հայտնել, որ երկար տարիներ է արդեն բազմաթիվ գործարարներ, պետական պաշտոնյաներ շատ ավելի մեծ մասնակցություն են ունենում նման ծրագրերին, քան որևէ մեկը նրանցից անգամ ակնկալում է։ Նախարարի գնահատմամբ՝ նրանցից որևէ մեկը դա ի ցույց չի դնում, պարզ պատճառով, որովհետև դա բարեգործության կարևոր սկզբունքներից է։
Քոքոբելյանի հաջորդ դիտարկմանը, թե արդյո՞ք այս խնդիր հնարավոր չէ լուծել այն ստվերի հաշվին, որ հանրապետությունում կա, նախարարը հակադարձում է, որ պետական ապարատում նվազագույն աշխատավարձ ստացողների 1000 դրամները կփոխհատուցի պետությունը, իսկ մասնավորի սեկտորի աշխատողներինը՝ գործատուները։ Իսկ այս ծրագրի հունվարից 28-ից հետո ներդրվելու մասով՝ Սարգսյանը պարզաբանում է, որ ծրագիրը ապահովագրական է, այն չի կարող հետադարձ ժամկետ ունենալ։
ՊՆ նախարարը, վերհիշելով ապրիլյան պատերազմը, ասում է, որ այդ դեպքերը հուշեցին, որ երբ չկա մեկ միասնական համակարգ, ապա մենք ունենում ենք բավականին էմոցիոնալ և չկանոնակարգված վիճակ։ Որպես օրինակ նշում է զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որոնք բնակվում են Երևանին մոտ և տարբեր խողովակներից ստացել են առավել մեծ աջակցություն, քան հեռավոր շրջանում ապրողների ընտանիքները։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել