
Հանձնեցի քննություններս ու նորից սլացա Ազատության միջով
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Մեկ ամիս է` բանտի չորրորդ հարկում բացվել է սպորտային խուց, ուր հաճախում ենք ես ու խցակիցս (ինչպես մեկժամյա զբոսանքի խուց, այնպես էլ սպորտային խուց բանտարկյալներին տանում են խուց առ խուց): Մեկ ժամ գանտելներով, շտանգայով և այլ սարքերի վրա մարզվում ենք, վերջում էլ ֆիքսված հեծանիվը տեղադրում ենք լուսամուտի առաջ և նայելով բանտի դիմացի փողոցին, սարերին` արագ-արագ պտտում հեծանիվի անիվները` երևակայելով, թե ազատության մեջ ենք սլանում…
Այս անգամ լավ մարզվելուց հետո եկանք խուց, հոգնած խորը քնի մեջ ընկա: Սովորաբար ցերեկները քնել չեմ սիրում, բայց այս անգամ այդպես ստացվեց: Մեկ էլ քնիս մեջ լսում եմ դռան ծանր շղթայի ձայնը, վեր թռնում, խցակիցս՝ նույնպես: Արդեն մութը վրա էր տվել, նայում եմ ժամին` ա՛յ, քեզ բան`18:00, այս ժամին սովորաբար խցի դուռ չեն բացում, բանտում շարժը դադարում է:
-
Մհե՛ր, պատրա՞ստ ես,- հարցնում է հսկիչը:
-
Ինչի՞ն պետք է պատրաստ լինեմ,- զարմանում եմ ես:
-
Ո՞նց, չգիտե՞ս:
-
Ի՞նչը,- կամաց-կամաց քնից հետ եմ գալիս իրականություն:
-
Քննության ես,- հսկիչն էլ իր հերթին է զարմանում:
-
Ո՞նց, լու՞րջ ես ասում:
-
Հա՛, դասախոսները քեզ են սպասում:
Պարզ էր, որ չի կատակում: Գիտեի, որ մոտ օրերս գալու են, բայց, թե կոնկրետ որ օրը, չգիտեի:
-
Բա ինչի՞ չեք զգուշացրել նախօրոք… լա՛վ, դուռը փակի, արագ-արագ փոխվեմ, լվացվեմ ու գամ:
Բանակային արագությամբ պատրաստվեցի և գնացի քննական սենյակ: Դասախոսներին ճանաչում եմ. 4 տարի առաջ ներկա են գտնվել ընդունելության քննություններին: Ահա քաշում եմ քննական տոմսերից մեկը: Մեկուսարանի աշխատակիցը, ով նախկինում քննիչ է եղել, հարցնում է` կարող է ներկա գտնվել: Դասախոսները և ես չենք առարկում:
Չնայած, որ ընտրել եմ քրեական իրավունքը և մասնագիտանում եմ այս ուղղությամբ, շատ հետաքրքիր առարկա է նաև միջազգային մասնավոր իրավունքը: Երկրորդ առարկան հարկային իրավունքն է. այս մեկը դժվար է անվանել հաճելի, բայց կարևոր է: Ի զարմանս ինձ ստացվեց հակառակը, հարկային իրավունքից գիտելիքներս գնահատվեցին գերազանց, իսկ միջազգային իրավունքից` լավ:
Հաջորդ օրը, նույնպես անսպասելի, (սահմանված կարգի համաձայն, նորից ինձ չէին նախազգուշացրել) առավոտյան ասացին.
-
Մհե՛ր, դատի ես, պատրաստ եղի, կես ժամից ոստիկանները գալու են:
Ա՛յ քեզ բան, նորից անակնկալ, բայց արդեն սովորել եմ «բանակային» տեմպին: Վերջին անգամ այս ամռանն էի սլացել ազատության միջով: Երևի Աստծո կամքն է, որ ժամանակ առ ժամանակ տեսնեմ բաց երկինքը, մարդկանց, քաղաքը, վերջնական վերադառնալուն պատրաստ լինելու համար…
Հարազատներիս տեսա, նաև տարբեր ոստիկանների և կալանավորների հետ ծանոթացա… Այլ դատական նիստեր էլ կային, և սպասում էինք մինչև բոլորը ավարտվեն: Երբ վերադառնում էինք, արդեն մութ էր: Ես մի քանի վայրկյան տեսա բաց երկինքը, անգամ մեկ-երկու աստղ երևաց: Ազատությունը մի քանի մետր այն կողմ էր, բայց ես չէի կարող առաջ գնալ: Պիտի նստեի մեքենան:
Նայում էի մեքենայի լուսամուտից գիշերային Երևանին: Կանգառներում կանայք, տղամարդիկ, երեխաներ, մեծահասակներ էին կանգնած, փողոցներով լուսարձակները միացրած մեքենաներ էին սլանում:
Այս անգամ զգացողություններիս բույլին միախառնվել էր ինչ-որ մի նոր, անսպասելի զգացողություն ևս: Ուրախությանը, զայրույթին, հանգստությանը, վրդովմունքին, հավատին միացել էր նաև տարօրինակ տագնապի զգացողություն: Երբ մոտեցանք բերդին և ճռալով բացվեց ծանր դարպասը, փորձում էի հասկանալ` մինչ այս գոյություն չունեցող տագնապի աղբյուրը: Այդպես էլ չգտա: Առավոտյան, երբ սուրճ էի խմում, անսպասելի գտա… Այս տարիներին քանի անգամ էլ վոռանյոկով պտտվել եմ Երևանով, միշտ էլ օրը ցերեկ է եղել, բացի… բացի մահապատժի դատավճռի գիշերից: Ահա և անհասկանալի տագնապի պատճառը: Անմիջապես հանգստացա ու ժպտացի: Հոգեբանական գիտությունը ճիշտ է այս առումով, կարևորը գտնես զգացմունքներիդ, զգացողություններիդ աղբյուրը, և ամեն ինչ իր տեղն է ընկնում: Շարունակում եմ ժպտալ… Ամեն բան դեռ առջևում է և, անկասկած, ԱՍՏԾՈ կամքով:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել