
Ժանտա՞խտ, թե՞ թունավորում կերից. հակադիր տեսակետներ խոզերի անկման պատճառների շուրջ
Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ Արտակ Լուլուկյանն ահազանգել էր, որ օգոստոս 11-28-ը իր ունեցած 36 խոզերը սատկել են թունավոր կերի պատճառով։
Հրապարակման հաջորդ օրը սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ մինչ մեր հրապարակումն արդեն նմուշառվել և լաբարատոր փորձաքննության են ենթարկել Լուլուկյանի՝ սատկած խոզի միսն ու կերը, և Բերդ քաղաքում ժամանակավոր դադարեցվել է տվյալ կերի վաճառքը, ինչպես նաև, ՍԱՊԾ-ի նախնական տվյալներով՝ հաստատվել էր խոզի կերի շեղումը։
Դեպքից հետո Արտակ Լուլուկյանից վերցրել էինք խոզերին տրված կերի նմուշը և այն հանձնել փորձաքննության՝ «Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբարատորիայում։
Երկու փորձաքննություն, երկուսն էլ տարբեր պարզաբանումներով
«Ստանդարտ դիալոգ» լաբարատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը, մանրամասնելով լաբարատոր փորձաքննության արդյունքները, պարզաբանեց, որ խոզի կերը մանրէների ընդհանուր թվի, աղիքային ցուպիկի մանրէների առկայությունը չի համապատասխանում Մաքսային Միության թիվ 317 որոշման, ՄՄ ՏԿ 201-/00 նախագծով սահմանված պահանջներին. «Համաձայն ստացված արդյունքների՝ տվյալ մանրէները չեն կարող հանդիսանալ համատարած կամ միանգամից մի քանի գլուխ կենդանիների անկման պատճառ։ Տվյալ մանրէները չեն հանդիսանում համաճարակային սուր պաթոգեն մանրէներ, որոնք կարող էին առաջ բերել կենդանիների թվաքանակի նման կտրուկ անկման»,-նշում է լաբարատորիայի ղեկավարը։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ 2016 թվ-ի սեպտեմբերի 2-7-ը ՍԱՊԾ պետի հրամանով ծառայության աշխատակազմի Տավուշի մարզային կենտրոնի մասնագետները Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում գործող անհատ ձեռնարկատերեր Հայկանուշ Բադալյանին և Կալին Մանուչարյանին պատկանող խանութներում, շուկայահանված կերերի անվտանգության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով, իրականացրել են անասնահամաճարակային մշտադիտարկում և դրա արդյունքում Ա/Ձ Հայկանուշ Բադալյանի խանութում հայտնաբերվել է 20 պարկ, իսկ Կալինա Մանուչարյանի խանութում՝ 10 պարկ վրացերեն մակնշված անասնակեր։
Այնուհետ այդ խանութներում հայտնաբերված անասնակերից, ինչպես նաև Արտակ Լուլուկյանի տնտեսությունում առկա անասնակերից կատարվել է նմուշառում, նմուշները տեղափոխվել են լաբարատոր փորձաքննության, միաժամանակ անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում տրվել են նաև անասնակերի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր։
Համաձայն ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ն տրամադրած անասնաբուժական փորձաքննության եզրակացություններին՝ ներկայացված երեք կերի նմուշներում հայտանբերվել են աղիքային խմբի մանրէներ, բորբոսասունկ՝ Mucor, ՄԸՔ 7 x 105 ԳԱՄ/գ, կոլիտիտրը 0.01, ՄԸՔ 19 x 105 ԳԱՄ/գ, կոլիտիտրը 0.001, ՄԸՔ 15 x 105 ԳԱՄ/գ, կոլիտիտրը 0.001։ Ներկայացված նմուշներում անաերոբային ինֆեկցիայի հարուցիչներ՝ s.aureus չեն հայտանբերվել։
Հիմք ընդունելով ՀՀ «Կերի մասին» օրենքի 2-րդ գլխի 7-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ ՍԱՊԾ-ի, վերոնշյալ կերերը համարվում են վտանգավոր (կարող են վնաս պատճառել կենդանու առողջությանը) և նույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դրանք ենթակա են օգտահանման կամ ոչնչացման։ Այդ իսկ պատճառով 30 պարկ անասնակերը ոչնչացավել է։
Լուլուկյանը օգոստոսի 31-ին գյուղացիներից մեկի հետ դիմել էր Բերդի ոստիկանական բաժանմունք՝ բողոք ներկայացնելով, որ տեղի է ունեցել խոզերի թունավորում և ցանկանում է հայտնաբերել՝ ո՞վ է այդ կերը ներմուծել Հայաստան և ինչու՞ է այն վաճառվում միայն Տավուշի մարզում։ Դեպքի առթով հարուցվել էր քրեական գործ։
Քննչական կոմիտեն ասում է՝ կերը ներկրողը ներկման թույլտվության թուղթ է ցույց տվել, ՍԱՊԾ-ն էլ ասում է՝ նման ընկերության կեր Հայաստան չի ներկրվել
Ինչպես մեզ տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ Տավուշի բնակիչներ Ա․ Լուլուկյանը և Խ. Մկրտչյանը ճանաչվել են տուժող։ Քննությումբ պարզվել է այն անձի ինքնությունը, ումից Լուլուկյանն ու Մկրտչյանը գնել են վրացական արտադրության կերը, ինչպես նաև մի քանի այլ վերավաճառողների և ապրանքը Վրաստանից Հայաստան ներմուծած անձանց ինքնությունը։ Ներմուծողը ևս հարցաքննվել է և ցուցմունքում հայտնել, որ ներկրման ժամանակ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում կերը ենթարկվել է համապատասխան զննման, որից հետո թույլատրվել է ներկրումը։ Ըստ քննչական կոմիտեի՝ ներկայացվել է համապատասխան ակտ՝ բուժսանիտարական կարանտին հսկողություն անցնելու վերաբերյալ, որի համաձայն՝ կերի մեջ կարանտինային օբյեկտներ չեն հայտնաբերվել։
Քննությամբ պարզվել է նաև, որ նշված կերը վաճառվել է հանրապետության տարբեր մարզերում, որակի վերաբերյալ բողոքներ չեն ստացել։ Իսկ ցուցմունքներում մատնշված հանգամանքները ստուգելու, խոզերի սատկելու պատճառները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են։
Ա. Լուլուկյանի փոխանցած պարկերի վրա նշված էր «Bevrili» ընկերության անվանումը։ Ընկերությունը գրանցված է Վրաստանում։ Կերի պարկերի վրա ո՛չ հայերեն, ո՛չ վրացերեն մակնշումներ չկան։
Հակառակ ՀՀ քննչական կոմիտեի այն տեղեկատվության, որ ներկրողի կողմից ներկայացվել է 2016 թվականի հուլիսի 31-ին՝ բուժսանիտարական կարանտին հսկողություն անցնելու վերաբերյալ համապատասխան ակտ, որի համաձայն՝ կերի մեջ կարանտինային օբյեկտներ չեն հայտնաբերվել, ՍԱՊԾ-ն մեզ հաղորդել է, որ Վրաստանի Հանրապետությունից «Bevrili» ընկերության կողմից արտադրված խոզի կեր ՀՀ չի ներմուծվել։
ՊԵԿ-ից նաև փորձեցինք պարզել, թե արդյոք 2015 թվականին և մինչ 2016 թվականի երկրորդ եռամսյակը «Bevrili» ընկերության կողմից արտադրված խոզի կեր Հայաստան ներկրվե՞լ է, սակայն հարցմանը ի պատասխան տեղեկացրին, որ կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերքներ՝ այս դեպքում խոզի կեր կոնկրետ անվանումով ապրանք առանձնացված չէ, այդ իսկ պատճառով հայցվող տեղեկատվությունը տրամադրելն անհնար է։
Անասնաբույժ Արեգ Սարուխանյանը, ծանոթանալով մեր կողմից, սննդի անվտանգության պետական տեսչության, ինչպես նաև օգոսոտոսի 24-ին՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից արված լաբարատոր փորձաքննության արդյունքներին, պարզաբանում է, որ նմուշներում ոչ մի ծանր մետաղ չի հայտնաբերվել, այսինքն` իր դիտարկմամբ՝ կերային թունավորումների մասին խոսք լինել չի կարող (ըստ հետազոտության արդյունքների)։ Կերում հայտնաբերվել է սունկ, որը նման հետևանքների չի հանգեցնում, իսկ միկրոբային ծագման եղել է միայն Ecoli-ը, որի հայտնաբերված քանակը չի առաջացնի նման հիվանդություն, նշաններն էլ այլ կլինեին:
«Ստացվում է, որ պատճառները կերի մեջ չեն: Նման նշաններ, ինչպես խոզի տերն է ասել, կարող են լինել հիմնականում խոզերի ժանտախտի ժամանակ, որը Տավուշի մարզում միշտ եղել է ու լինելու է, քանի դեռ տեղի բնակչությունը չի հասկանում, որ «բրախած» վիճակում խոզ պահելը լուրջ վնասներ է բերում: Հավանաբար ժանտախտն էլ եղել է»,-նշում է անասնաբույժ Արեգ Սարուխանյանը։
ՍԱՊԾ-ն մեզ է տրամադրել նաև Լուլուկյանի սատկած խոզերի փորձաքննության արդյունքները, որով իրավասու մարմինը հայտնել է, որ փորձաքննության է ուղարկել մեկ գլուխ հինգ ամսական խոզի ներքին օրգաններ, որի քիմիա-թունաբանական հետազոտության արդյունքում նմուշներում թունանյութեր չեն հայտնաբերվել, ստամոքսի պարունակյալում կերակրի աղի պարունակությունը նորմայի թույլատրելի սահմաններում է, բացի այդ նմուշառված խոզի ներքին օրգաններում ինֆեկցիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել, իսկ նմուշներից պատրաստված արտատպվածքներում արյան պարազիտային հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել։
Կենդանիների առողջապահության համաշխարահային կազմակերպության և համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի փորձագետ Գրիգոր Գրիգորյանը, ծանոթանալով լաբարատոր փորձաքննության արդյունքներին, ասում է՝ դրա արդյունքները օբյեկտիվ համարել չի կարելի, քանի որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է առաջինը ստուգեր խոզերի մոտ ժանտախտ կա, թե ոչ։
Սակայն, դիտարկելով տիրոջ կողմից նշած ախտանիշները, հավանական է համարում, որ խոզերի անկման պատճառ է հանդիսացել հենց ժանտախտը։
«Կերի շեղումը կարող էր բերել մասսայական անկման, սակայն տիրոջ նկարագրած ախտանիշները ավելի շատ ժանտախտ են հիշեցնում, իսկ քանի որ ժանտախտը չի բացառվել, ես հակված եմ մտածել, որ այն եղել է անկման պատճառ։ Այդ ախտանիշները չեն կարող ժանտախտի առիթ դառնալ, սակայն ժանտախտը կարող է նման ախտանիշներով ընթանալ»,-նշում է Գրիգոր Գրիգորյանը։
Նրա դիտարկմամբ՝ ոչ միայն Տավուշում, այլև ողջ Հայաստանում ժանտախտը սովորական է դարձել հսկողության բացակայության պատճառով։
Սատկած խոզերին պատվաստած անասնաբույժ Միքայել Հովհաննիսյանը, ով նաև անձամբ է հերձել անկած խոզերին, մեզ հետ զրույցում պնդեց, որ խոզերը սատկել են կերի թունավորումից։ Սակայն նա չի հերքում, որ ամռան ամիսներին Բերդի, Նավուրի և Իծաքարի շրջաններում ականատես է եղել խոզերի դասական ժանտախտի դեպքերի։
«Ժանտախտը տևում է 1-3 օր, մաքսիմում՝ հինգ օր, իսկ Լուլուկյանի խոզերի մոտ 10-15 օր այդ հիվանդության գործընթացը տևել է։ Թույնն ազդել է աստիճանաբար, և կենդանիները սատկել են թունավոր կերից։ Խոզերի կլինիկական նշանները թունավորման էին»,-նշում է անասնաբույժը։
Մարգահովիտ համայնքում օգոստոս ամսին ևս նման՝ կենդանու ոտքերի, ականջների ծայրերից արյան հոսքի ախտանիշներով անասուններ էին սատկել: Համայնքի ղեկավարը Սամվել Անանյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Մարգահովիտ համայնքում վերջին օրերին դաբաղի զանգվածային դեպքեր են գրանցվում։ Հաջորդ օրը ՍԱՊԾ-ից տեղակացրել էին, որ ծանոթացել են հրապարակմանը և քայլեր են ձեռնարկում՝ պարզելու եղելությունը։
Նրանցից նաև հայցել էինք այդ համայնքում սատկած անասունների նմուշառված օրինակների փորձաքննության արդյունքները, սակայն գերատեսչությունը ի պատասխան մեր հարցմանը տեղեկացրեց, որ ՍԱՊԾ-ի Լոռու մարզային կենտրոնի անասնաբույժ մասնագետները և համայնքը սպասարկող անասնաբույժը օգոստոսի 30-ին մեկնել են Մարգահովիտ համայնք և ուսումնասիրության ընթացքում անկած կենդանիների դիակներ չեն հայտնաբերել։
Տեսչության, մեզ փոխանցված տվյալների համաձայն, 2016-ի առաջին կիսամյակում Տավուշի մարզում գրանցվել է բրուցելոզ հիվանդություն՝ 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների և 8 գլուխ մանր եղջերավոր կենդանիների անկման դեպքով։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը այս տարվա հունվարի 20-ից Հայաստանից որոշ ապրանքատեսակների արտահանման ժամանակավոր սահմանափակում է կիրառել։ Քանի որ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի ՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել էր կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որից հետո ՌԴ-ն հունվարի 20-ից ժամանակավոր արգելք էր մտցրել դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների՝ խոզերի, խոշոր և մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի և մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի, ու տվյալ կենդանիների հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման համար: Սակայն նոյեմբերի 7-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպման ժամանակ ՍԱՊԾ արդեն նախկին պետ Արմեն Հայրապետյանը դիմել էր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությանը՝ հիվանդության հնարավոր ներթափանցումը ՌԴ կանխելու նպատակով 20.01.2016-ից կիրառվող որոշ սահմանափակումներ վերացնելու առաջարկով:
Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
http://greenfeed.gr-ի
Մեկնաբանել