HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Կոսովոյի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության համատեքստում

Արտաշես Խալաթյան

Ազգային ժողովի պատգամավորի օգնական, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ, ՄԱՀՀԻ Առաջնորդության ակադեմիայի շրջանավարտ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների առանցքային հիմնահարցը Լեռնային Ղարաբաղի (այսուհետ՝ ԼՂ) կարգավիճակն է, որը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա: Այս առումով շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ նշում են, որ ԼՂ կարգավիճակի ամրագրման համար կարող է նախադեպ ծառայել Կոսովոյի հակամարտության հանգուցալուծման կառուցակարգը[1]:

Եվ, իրոք, Կոսովոյի կոնֆլիկտն իր սկզբնավորման ու զարգացման պատմական և քաղաքական համատեքստով նման է ԼՂ կոնֆլիկտին, և, որ ամենակարևորն է, Կոսովոյի հիմնախնդրի լուծման գործում մեծ դեր է կատարել ՄԱԿ-ի միջազգային դատարանը, որն այդ հակամարտությունը զուտ քաղաքական-բանակցային հարթությունից տեղափոխել է իրավական տիրույթ: Վերջինս, շնորհիվ պաշտոնական իրավական կանոնների, վեճի լուծման առավել որոշակի և կանխատեսելի եղանակ է:

Կոսովոյի կարգավիճակի հիմնախնդրի հանգուցալուծման կառուցակարգն արժեքավոր է հենց միջազգային-դատական վերահսկողության տարրի առկայությամբ: Ավելին՝ 2010թ. հուլիսի 22-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից ընդունված խորհրդատվական եզրակացությունը, որով իրավաչափ ճանաչվեց 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության հռչակումը, թերևս առաջին անգամ արժեքավոր իրավական մեկնաբանություն է տրվել ազգերի ինքնորոշման սկզբունքին հետգաղութատիրական շրջարկում, և սահմանվել են հստակ իրավական չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական գնահատական տալ ինքնորոշման համար պայքարող ազգային հանրույթի կողմից անկախության հռչակման և սեցեսիայի ակտին:

Այս հանգամանքը Կոսովոն դարձնում է խիստ կարևոր նախադեպ հայկական կողմի համար թե՛ բանակցային գործընթացում և թե՛ ԼՂ միջազգային-իրավական ճանաչման համատեքստում:

Կոսովոյի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության նորմատիվ էությունը կառուցված է երկու փոխկապակցված հարցերի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի արտահայտած դիրքորոշման վրա. 1. իրավաչա՞փ է արդյոք ազգային հանրույթի կողմից մայր պետությունից իր անկախության միակողմանի հռչակումը, 2. ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի ազգային հանրույթի անկախության կամ արտաքին ինքնորոշման (external self-determination) ակտը, որպեսզի միջազգային իրավունքի տեսանկյունից ճանաչվի լեգիտիմ: 

Ըստ ՄԱԿ-ի միջազգային դատարանի՝ ինքնորոշվող ժողովրդի կամ ազգի կողմից իր անկախության միակողմանի հռչակումն ինքնին չի խախտում միջազգային իրավունքը, քանի որ միջազգային իրավակարգը չունի նման գործողության արգելք[2]: Փաստորեն այս դեպքում ՄԱԿ-ի դատարանը կիրառել է միջազգային իրավունքի հայտնի «Լոտուսի կանխավարկածը», որը հանգում է ներպետական իրավունքին բնորոշ «այն, ինչ արգելված չէ, թույլատրելի է» կանխադրույթին[3]: Սրանից կարելի է հանգել հետևության, որ մայր պետությունը չի կարող դելեգիտիմացնել իր ինքնորոշման իրավունքն իրացնող և նրա տարածքային ամբողջականությունից անջատվող ազգային հանրույթի կողմից անկախության հռչակման ակտը և ուժ կիրառել այդ հանրույթի նկատմամբ, ինչպես արեցին Սերբիան՝ Կոսովոյի նկատմամբ և Ադրբեջանը՝ սանձազերծելով հայերի էթնիկ զտումներ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և ադրբեջանական այլ տարածքներում՝ ռազմական ագրեսիա սկսելով բուն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշվող բնակչության նկատմամբ:

Բացի այդ, ՄԱԿ-ի դատարանն իր խորհրդատվական եզրակացության 80-րդ կետում անդրադարձել է պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հարաբերակցությանը՝ նշելով, որ տարածքային ամբողջականության սկզբունքի գործողությունը տարածվում է պետությունների միջև հարաբերությունների վրա[4]: Այդպիսով, ՄԱԿ-ի դատարանը չեղարկել է ինքնորոշվող ազգային հանրույթի սեցեսիոն գործողությունների վիճարկման մյուս հիմքը՝ ազգերի ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության  ենթադրյալ հակասության ու տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության թեզը՝ փաստելով ազգերի ինքնորոշման սկզբունքի ինքնաբավ բնույթը:

Մեր կարծիքով՝ ըստ ՄԱԿ-ի դատական ատյանի տրամաբանության՝ տարածքային ամբողջականության սկզբունքը հանգում է ընդամենը պետությունների կողմից միմյանց նկատմամբ ագրեսիա չկիրառելու միջազգային-իրավական պարտավորությանը[5]: Նման մոտեցումը երևան է հանում ՄԱԿ-ի դատարանի ներքին կողմնորոշումը դեպի հետգաղութատիրական մեկնաբանմամբ՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի լեգիտիմացիա: Այս փաստն առանցքային կարևորություն ունի, քանզի ՄԱԿ-ի դատարանը միջազգային իրավունքի ձևավորմանը նպաստող հիմնական սուբյեկտներից մեկն է:

ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունում հանգամանալից անդրադարձ կա նաև այն հարցին, թե ապրիորի, որպես միջազգային-իրավական երևույթ իրավաչափ համարվող անկախության միակողմանի հռչակումը ձևական ինչ չափանիշների պետք է համապատասխանի, որպեսզի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հնարավոր լինի որոշել՝ լեգիտի՞մ է արդյոք անկախության (անջատման) տվյալ ակտը, թե՞ ոչ:

Վերլուծելով խորհրդատվական եզրակացությունում տեղ գտած իրավական դատողությունները՝ կարելի է Դատարանի դիրքորոշումն այս հարցում բանաձևել հետևյալ կերպ. անկախության միակողմանի հռչակումն իրավաչափ է, եթե այն իրականացվել է ինքնորոշվող ողջ ժողովրդին ներկայացնող կազմակերպության կողմից, և անկախության հռչակումը կապված չէ միջազգային իրավունքի բացարձակ խախտման հետ[6]: Ըստ այդմ,  ինքնորոշման համար պայքարող և ժողովրդի շահերը ներկայացնող մարմին պետք է հանդես գա որոշակի կազմակերպական կառուցվածք ունեցող ազգային ազատագրական շարժում կամ ներկայացուցչական այլ մարմին[7]:

Կոսովոյի անկախությունը հռչակվել է ներկայացուցչականության բարձր մակարդակ ունեցող մարմնի՝ Կոսովոյի խորհրդարանի կողմից, որը, սակայն, ձևավորվել էր ՄԱԿ-ի անցումային վարչակազմի հսկողությամբ և ինստիտուցիոնալ աջակցությամբ: Մինչդեռ ԼՂ անկախության հռչակման ակտը նույնիսկ գերազանցել է ՄԱԿ-ի դատարանի սահմանած ժողովրդավարական լեգիտիմացիայի նվազագույն շեմը, քանզի 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ անկախությունը հռչակվել է ԼՂԻՄ բնակչության ուղղակի կամարտահայտմամբ՝ պլեբիսցիտի կամ հանրաքվեի միջոցով, ինչը ժողովրդավարության բարձրագույն դրսևորումն է:

Միով բանիվ, ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդգծել է, որ անկախության միակողմանի հռչակման իրավաչափությունը պայմանավորված է նաև նրանով, թե արդյոք անկախության միակողմանի հռչակումը հետևանք է կամ այլ կերպ կապված է ուժի անիրավաչափ կիրառման կամ միջազգային իրավունքի այլ հիմնարար սկզբունքների խախտման հետ (jus cogens նորմեր և այլն)[8]: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ, եթե Կոսովոյի դեպքում երբեմն հնչում են պնդումներ, որ այդ երկրամասի իշխանությունները սկզբնապես կազմակերպել են բռնություններ և նույնիսկ էթնիկ զտումներ շրջանի ազգային փոքրամասնությունների և, հատկապես, սերբերի նկատմամբ[9], ապա ԼՂ պարագայում ակնհայտ է թե՛ ղարաբաղյան շարժման խաղաղ և իրավաչափ բնույթը և թե՛ հետագայում սանձազերծված ռազմական գործողություններում ԼՂ ժողովրդի՝ ինքնապաշտպանվողի կարգավիճակը:   

Այսպիսով, չնայած որոշ առումով զգուշավոր կեցվածքին և ազգերի ինքնորոշման սկզբունքի ներքին իմաստի ու կիրառման հիմնախնդրի ոչ ամբողջական բացահայտմանը՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը մեծ նշանակություն ունի ազգերի ինքնորոշման իրավունքի հետգաղութատիրական մեկնաբանման ու դրա կիրառման իրավական հիմքերի մշակման գործում: Այն, հիրավի, «դուռ է բացում» ազգային ազատագրական շարժումների և ազգերի համար՝ հասնելու իրենց ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը: Խոսքը վերաբերում է հատկապես ԼՂ-ին:

Ինչպես ցույց տվեց հոդվածի շարադրանքը, ԼՂ-ը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից մշակված իրավական չափանիշներին և կանխադրույթներին, ուստի ունի բոլոր անհրաժեշտ իրավաբանական և փաստական հիմքերն իր կողմից հռչակված անկախության միջազգային իրավական ճանաչմանը հասնելու համար:

Հետևաբար, ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը կարող է հզոր հաղթաթուղթ դառնալ հայկական կողմի համար: Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ-ն ակտիվ դիվանագիտական գործընթաց սկսի ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում՝ ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման ու հարգման վերաբերյալ բանաձևերի և այլ փաստաթղթերի ընդունմանը հասնելու համար՝ այդ թվում հղում կատարելով Կոսովոյի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի վերը վերլուծված դատական ակտի վրա:

Անհրաժեշտ է նաև Կոսովոյի գործով ՄԱԿ-ի դատարանի այս իրավական ակտն օգտագործել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցով երկկողմ միջպետական բանակցություններում՝ հարստացնելով հայկական կողմի իրավական փաստարկների թղթածրարը վերոնշյալ արժեքավոր նախադեպով: Բացի այդ ղարաբաղա-ադրբեջանական բանակցությունների առկախման դեպքում Կոսովոյի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը կարող է նախադեպային իրավական հիմք դառնալ հայկական կողմի համար՝ ՄԱԿ-ի դատարանում կամ միջազգային դատական այլ մարմիններում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի ճանաչման և ամրագրման նպատակով միջազգային դատական գործընթաց նախաձեռնելու պարագայում:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)



[1] Տե՛ս 2008թ. ԵԱՀԿ-ի ավագ խորհրդատու Դ. Լինչի ելույթը Բաքվում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի միջազգային սեմինարում, https://armenpress.am/arm/news/140135/eahk-i-nerkayacucichy-kosovon-nakhadep-e-hamarum.html, Ջ. Նիքսի, Կոսովոն նախադեպ է ղարաբաղյան խնդրի լուծման համար, Ստեփանակերտ, 2012թ., http://www.artsakhtert.com/arm/politics/item/2300

[2] Տե՛ս Advisory Opinion on the Accordance with International Law of Unilateral Declaration of Independence in Respect of Kosovo, p.32, para 84 (I.C.J. 2010)

[3] Տե՛ս Burri, Thomas. The Kosovo Opinion and Secession: The Sounds of Silence and Missing Links German L aw Journal. 11(2010):881-890

[4] Տե՛ս  Advisory opinion, p. 30, para 80

[5] Պատահական չէ, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանն իր դիրքորոշումը հիմնավորելու համար հղում է կատարում ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածին և Հելսինկյան եզրափակիչ ակտի 4-րդ հոդվածին, որոնց համաձայն՝ արգելվում է անիրավաչափ ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը պետությունների (ընդգծումն իմն է)  տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ, (Տե՛ս  Advisory opinion, at 30) Ավելին՝ տարածքային ամբողջականության՝ որպես միջպետական հարաբերություններում կիրառվող սկզբունքի կարգավիճակի վերաբերյալ իրավադրույթներ պարունակող միջազգային համաձայնագրերն իրականում ավելի մեծ թիվ են կազմում Տե՛ս Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագիր և այլն:

[6] Տե՛ս Advisory opinion  p.20, para52, p.30- 31, para 81 and 36-39, para 102-109

[7] Տե՛ս Cassese, Antonio. Self-Determination of Peoples. Cambridge: University Press,1995, pp.165-166

[8] Տե՛ս Advisory Opinion, at 30-31, para 81

[9] Տե՛ս A. Bolgari, Comparative Analysis of the Secessions of Kosovo and South Ossetia and Their Subsequent Independence Recognition, Kent State University, 2011, p.53, Տ. Թորոսյան, Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի հակամարտությունների ընդհանրություններն ու առանձնահատկությունները, Երևան, 2007, էջ 9,12,14

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter