Վիճաբանություն և դանակահարություն Մարալիկում. տուժել է 4 անձ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի նոյեմբերի 12-ին Մարալիկում 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։
2016 թ. նոյեմբերի 12-ին կտրած-ծակած վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարալիկ քաղաքի երեք բնակիչներ։ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ անմիջապես միջոցներ ձեռնարկվել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները՝ հանցագործության կատարման վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Նախնական քննության տվյալներով՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի նախկին մշակույթի տանը հարակից այգում տեղի է ունեցել վիճաբանություն Հառիճ գյուղի բնակիչ հանդիսացող երկու եղբայրների եւ Մարալիկ քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել երեք անձի։ Հարվածների հետեւանքով Տիգրան Անդիկյանին պատճառվել են «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի» ձևով, Կարեն Սարոյանին՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի» ձևով և Հակոբ Իսպիրյանին՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, չթափանցող, արյունահոսող վերքի» ձևով մարմնական վնասվածքներ: Տուժողները բուժօգնության են տեղափոխվել «Գյումրի բժշկական կենտրոն»։ Նույն օրը բուժօգնության է տեղափոխվել նաեւ եղբայրներից ավագը։
Քրեական գործով 4 անձ ճանաչվել է տուժող, առգրավվել դեպքի պահին նրանց կրած հագուստները, վերցվել փորձանմուշներ՝ դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Դանակի գործադրմամբ 3 անձի մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է եղբայրներից կրտսերը, ով 16 տարեկան է։ Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել