HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Չավարտված գրառումներ

Բելառուսցի լրագրողը մեր ծանոթության հաջորդ օրը հարցրեց' հայերն ինչո՞ւ ծառ չեն սիրում: Ես զարմացած ասացի' սիրում են: Ասաց' բա ինչո՞ւ են ծառերը կտրում, տեղահանանում: Հասկացա, որ «Հետքի» բնապահպանական բաժնի լուսանկարներն է նայել. այնտեղ Երեւանի փողոցներում հատվող ծառերի լուսանկարներ շատ կան: Ասացի' դե, պաշտոնյաներն են անում: Հարցրեց' նրանք հայե՞ր չեն: Մի պահ կարծեցի, թե կատակ է անում, բայց դեմքի լրջությունը տեսնելով ասացի' չէ, պաշտոնյաները ազգություն չեն ունենում: Նա բարձրաձայն ծիծաղեց, ասածս շատ զվարճացրեց նրան:

2010-ի մայիսի 19-ին Համբուրգի քաղաքապետարանի դահլիճում «Արևելյան Եվրոպայի մամուլի ազատություն-2010» հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ ռուս հայտնի գրող Վիկտոր Երեֆեեւը, դիմելով մրցանակակիրներիս, ասաց, որ մենք բոլորս հերոսներ ենք: Ես քմծիծաղեցի' մենք ի՞նչ հերոսներ: Եւ ահա «Ռուսական գեղեցկուհի» հանրաճանաչ գրքի հեղինակը' Վիկտոր Երեֆեեւը, մրցանակակիրներիս աշխատանքի կարեւորությունը շեշտելու համար երեւի գրողի իր ձիրքը օգտագործեց ու ասաց' դուք հերոսներ ենք:

Արարողությունից հետո տեղի հեռուստաընկերություններից մեկի լրագրողը, երբ սկսեց հարցեր տալ, հասկացա, որ գրողի ասածների ազդեցության տակ է: Ու որոշեցի միանգամից ցրել այդ «մշուշը». ասացի, որ Վիկտորը սխալվել է, այստեղ հերոսներ չկան: Մենք ընդամենը մեր մասնագիտական պարտականությունն ենք կատարում' ինչպես հացթուխը, ծրագրավորողը կամ ֆերմերը: Ասացի' հերոսներին ուրիշ տեղ պետք է փնտրել, մեր գրած պատմությունների մեջ:

Մեր հարեւան երկրի «հերոսներից» ոմանք մտածում էին հենց Գերմանիայում քաղաքական ապաստան խնդրելու մասին, եւ արդեն իսկ ապաստան ստացածներն այցելել էին այս տարվա մրցանակակիրներին: Եւ ես նույն օրը երեկոյան Վիկտորին ասացի, որ իր ելույթի «հերոսները» գոնե երկիրը չպետք է լքեն, հերոսությունը պիտի այնտեղ' երկրում անեն:

Վիկտորը, որ մշտապես գինովցած էր, լսում էր եւ կարծես թե համաձայնեց ասացներիս հետ: Չգիտեմ, հերոս բառը մի տեսակ նյարդայնացնում էր: Մի օր առաջ ինտերնետում կարդացել էի Վիկտորի «Энциклопедия русской души» աղմկահարույց գործից հատվածներ, որտեղ գտել էի այսպիսի տողեր. «Я готов перепить самых крепких мужиков, и три-четыре бутылки водки за вечер не производят на меня особого воздействия, разве что утром немного чешется кожа на животе»:

Նաեւ աստղային հիվանդությամբ էր տառապում Վիկտորը: Անընդհատ ուզում էր ուշադրության կենտրոնում լինել, գուցե իսկապես այդպիսին պետք է լինել, չգիտեմ: Երբ զրուցում էինք, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին էր հարցնում, Ղարաբաղի մասին պատմեցի, ասաց' հա, գիտեմ: Բայց քիչ հետո խոսելիս ասաց' Կարադագ, ուղղեցի, հասկացա, որ նա ասում է հենց այնպես' ցույց տալու, որ այդ խնդրի մասին էլ գիտի: Ասաց, որ հոյակապ երկիր ունենք ու պատմեց, որ եղել է Երեւանի կոնյակի գործարանում ու քսաներկու տարվա կոնյակ է ըմպել: «Հրաշք էր»,- ասաց Վիկտորը:

Ու հայկական կոնյակի «ազդեցությամբ» ամեն ինչ հոյակապ է թվացել Վիկտորին: Կոնյակոտ աչքերով նայել է Արարատին: Մի պահ նույնիսկ կոնյակի հոտ զգացի Վիկտորի վրայից, չնայած նա գինի էր խմում ողջ երեկոյի ընթացքում: Այս գրառումներս հենց այստեղ' Համբուրգի կենտրոնում, սրճարանում նստած էի անում, հոգնել էի մարդկանց բազմությունից, ու քանի որ թռիչքին բավականին ժամանակ կար, սրճարանում նստած որոշեցի գրել:

Բացօթյա սրճարանին կից հանրային զուգարան մտնելիս լսեցի հայերեն խոսակցություն: Մուտքի մոտ փող հավաքող կնոջ կողքին կանգնած էր մեկ ուրիշը, նրանք էին հայերեն խոսացողները: Ես մի քանի վայրկյան ոտքս կախ գցեցի:

Մոտեցա, նրանցից մեկն ասաց' Գուդն Տագ, այսինքն' բարեւ: Ես շարժվեցի, ու նրանք շարունակեցին հայերեն խոսակցությունը: Մյուսը սկսեց պատմել, թե գնացքով չգիտեմ ուր է գնացել: Մինչ այդ փորձել էի հանդիպել Համբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ու տարբեր մարդկանց նամակներ էի ուղարկել հանդիպման խնդրանքով, բոլորը հրաժարվել էին հանդիպել: Մտածում էի, երեւի հայաստանցի լրագրողը իրենց անհարմար հարցեր պիտի տա: Ես փորձում էի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպել, չէր ստացվում, եւ ահա Համբուրգի կենտրոնում, դեմ դիմացս երկու հայ հայտնվեցին հանրային զուգարանում:

Այստեղ' Գերմանիայում, Համբուրգի քաղաքապետարանից տաս րոպե քայլելուց հետո հասել էի այդ սրճարանը, համակարգիչս հանել ու որոշել էի գրել այդ հինգ օրերի հանդիպումների մասին, բայց այդպես էլ չկարողացա շարունակել գրել: Հանրային զուգարանի երկու հայ կանայք «կանգ էին առել» կոկորդումս...

2010թ,. 19-ը մայիսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter