
Ցանկանում էր բիզնեսով զբաղվել, բայց զրկվեց նաև բնակարանից
«Արվալ» ՍՊԸ-ն զբաղվում է շինարարությամբ, այդ թվում՝ հիդրոէլեկտրոկայանների կառուցմամբ: Ընկերության հիմնադիր Գուրգեն Թադևոսյանը պատմում է, որ իր ընկերությունը Վայոց ձորի մարզի Եղեգիս և Գողթանիկ համայնքների վարչական տարածքում կառուցել է թվով երկու հէկ:
Հիմնադրելով ընկերությունը` Գ. Թադևոսյանը նպատակ է ունեցել շահույթ ստանալ, մրցակցային պայմաններում զարգացնել տնտեսությունը: Սակայն ոչ միայն չի հաջողվել նպատակներին հասնել, այլև ճիշտ հակառակը. ինչպես ինքն է ասում, իր հիմնադրած ընկերության պատվիրատու համարվող կազմակերպությունների նախածրագրված և ապօրինի գործողությունների արդյունքում կանգնել է ունեցվածքը կորցնելու վտանգի առջև:
Գուրգեն Թադևոսյանն իրեն ապօրինի ունեզրկելու և խաբելու փաստերը ներկայացրել է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԱԾ տնօրեն Գևորգ Կուտոյանին, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և այլն:
Նա պատմեց, որ «Արվալ» ՍՊԸ-ի հիմնական պատվիատուները եղել են «ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.» և «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ները: Վերջինիս հետ կնքել է թվով 3 շինարարական կապալի պայմանագիր: «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ի անունից իր հետ բանակցել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, իսկ որպես այդ ընկերության շահառուներ` հանդիսացել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորական, գնդապետ Վաղարշակ Ավետիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողական վարչության պետ Հրանտ Սուվարյանը:
Գուրգեն Թադևոսյանը նշեց, որ Գողթանիկ գյուղում «Եղեգիս-2» փհէկ-ի կառուցման շինարարական աշխատանքները գրեթե մոտեցել են ավարտին, սակայն մոտ 23 մլն դրամի լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել, որը նախատեսված չի եղել աշխատանքների կատարման նախագծով և նախահաշվով:
««ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ի կողմից ինձ հետ բանակցող Գևորգ Մաչանյանը մի քանի անգամ հանդիպման ժամանակ թե իր, թե Վաղարշակ Ավետիսյանի, Հրանտ Սուվարյանի անունից նշել է, որ գումար չունեն շինարարության համար: Որոշվեց, որ աշխատանքները կատարելու համար իրենց՝ «Արմսվիսբանկ»-ից վարկ վերցնեմ, պայմանով, որ նրանք կարճ ժամանակում կմարեն վարկը: Հավատալով գործընկերներիս` «Արմսվիսբանկ»-ի հետ կնքեցի վարկային պայմանագիր, որի ապահովման համար գրավ դրեցի Երևան քաղաքի Կիևյան փողոցի վրա գտնվող իմ միակ բնակարանը»,- ասում է Գուրգեն Թադևոսյանը: Նրա խոսքով՝ ինքն անձամբ փակել է վարկի 3 ամսվա տոկոսագումարը՝ հույս ունենալով, որ վերը նշված անձինք կմարեն վարկի գումարը:
Ըստ Թադևոսյանի՝ վարկի գումարները ծախսվել են հէկի կառուցման համար: Այդ նպատակով միայն անկանխիկ եղանակով մոտ 21,5 մլն դրամի փոխանցումներ է կատարել: 15-20 օր իրենց խնդրանքով սպասելուց հետո առանց «Արվալ» ՍՊԸ-ին տեղյակ պահելու մնացած աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ի հետ և «Արվալի» կողմից տրամադրված նյութերով և պատրաստի կոնստրուկցիաներով իրականացրել ավարտման աշխատանքները: Ըստ Գուրգեն Թադևոսյանի՝ «Արվալ» ՍՊԸ-ի կողմից անավարտ էր մնացել միայն հէկի շենքի մոնտաժման, հողի հետլիցքի և ցինկապատ թիթեղով պատերի իրականացման աշխատանքները, որի համար կծախսվեր ընդամենը 4-5 միլիոն դրամ:
«Մի քանի ամիս անց Գևորգ Մաչանյանը և նրա գործընկերները, ցանկանալով «քցել» ինձ սկսեցին խուսափել վարկը մարելու նախկինում տված իրենց խոստումներից և պարտավորությունից»,- ասում է Գ. Թաևոսյանը:
«ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ն այդ ժամանակահատվածում՝ 2014թ. օգոստոսի 19-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել` ընդդեմ «Արվալ» ՍՊԸ-ի: Պահանջը եղել է պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարված ճանաչելու և դրա դիմաց ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային հաշիվ դուրս գրելուն պարտավորեցնելու մասին: Քաղաքացիական գործի քննության ընթացքում կատարողական ակտերն ընդունելուն պարտավորեցնելու և որպես հետևանք գումար բռնագանձելու պահանջներով հակընդդեմ հայցեր է ներկայացրել նաև «Արվալ» ՍՊԸ-ն: Ընկերությունը պահանջում է պարտավորեցնել «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ին ընդունել կատարված լրացուցիչ հողային աշխատանքները և որպես հետևանք բռնագանձել 21 մլն 300 հազար ՀՀ դրամ: Դատաքննությունը շարունակվում է:
«Արվալ» ՍՊԸ-ի միջնորդությամբ, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք է դրվել «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Գուրգեն Թադևոսյանն ասաց, որ «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ի կողմից կապալային աշխատանքների կատարման համար «Արվալ» ՍՊԸ-ին վճարվել է ընդհանուր 90.533.000 դրամ: Այդ գումարների միջոցով «Արվալ» ՍՊԸ-ն կատարել է երեք պայմանագրերով նախատեսված աշխատանքները: Սակայն, 1220 մմ խողովակների բեռնափոխադրման համար «ՌԱԵԼ ԳԷՍ»-ը վճարել է մասնակի՝ պարտք մնալով 1.298.400 դրամ, իսկ լրացուցիչ հողային աշխատանքների համար, որի արժեքը կազմել է 20.832.000 դրամ «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ն չի վճարել: Վերջինս 04.09.2012թ. գրությամբ հրաժարվել է կապալի պայմանագրից՝ հիմքում դնելով «Արվալ» ՍՊԸ-ի կողմից ժամանակին աշխատանքները չկատարելու հանգամանքը: Բացի այդ, լրացուցիչ կատարված աշխատանքները «ՌԱԵԼ ԳԷՍ»-ի կողմից չեն ընդունվել:
Գուրգեն Թադևոսյանը նշում է, որ իրականությանը չի համապատասխանում աշխատանքները ժամանակին չկատարելու պնդումը, քանի որ լրացուցիչ համաձայնագիրը կնքելուց հետո, երբ պետք է սկսեին աշխատանքներն իրականացնել, տեսել են, որ այդ աշխատանքներն իրականացվում է մեկ այլ կապալառուի` «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից, այսինքն` պայմանագրի չկատարման պատճառը եղել է «ՌԱԷԼ ԳԷՍ» ՍՊԸ-ն, իրենք հնարավորություն չեն ունեցել իրականացնել այն:
Գ. Թադևոսյանը պնդում է, որ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «Արվալ» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքների մեծ մասը, որոնք պատասխանող կողմը հրաժարվել է ընդունել, վերագրվել են «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ին և արտացոլվել կատարողական ակտերով: Ըստ նրա՝ «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ի հետ նման պայմանագրի կնքումն իր մեջ հնարավոր է քրեաիրավական տարրեր է պարունակում, քանի որ «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ն կանխամտածված կատարողական ակտերը չընդունելով «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքել է կապալի պայմանագիր, որով վերջինս իբրև կատարել է 128.639.030 ՀՀ դրամի աշխատանք, այն դեպքում, երբ այդ աշխատանքները «Արվալ» ՍՊԸ-ի կողմից արդեն կատարված էին:
Գուրգեն Թադևոսյանը նշում է, որ Գևորգ Մաչանյանը, Վաղարշակ Ավետիսյանը և Հրանտ Սուվարյանը երկրում որոշակի ազդեցություն և կարողություն ունեցող մարդիկ են: Նրա կարծիքով՝ դեպքերի ու իրադարձությունների համադրումը ցույց են տալիս, որ ինքը գործ է ունեցել խարդախության հետ: Սակայն, պաշտոնյաները հույս ունենալով «մաքրել» իրենց կողմից կատարվածը փորձել են դա իրականացնել դատարանի միջոցով: Նման պահանջ առաջ քաշելը պատճառաբանվում է աշխատանքային ծավալների այն չափով, որը փաստացի վճարված է, իսկ լրացուցիչ աշխատանքները դուրս են մնացել:
«Ներկայումս իմ միակ բնակարանը Գևորգ Մաչանյանի կողմից ղեկավարվող «Արմսվիսբանկ»-ը ցանկացած պահի կարող է բռնագրավել՝ ի սեփականություն իրեն: Այդ նպատակով նույնիսկ բանկից կատարել են այցելություններ: Ես ոչ միայն կորցնում եմ իմ կողմից սեփական քրտինքով ստեղծած բիզնեսը, այլև իմ բնակարանը: Չի բացառվում, որ մի օր ընտանիքով հայտնվեմ փողոցում»,-ասում է Գուրգեն Թադևոսյանը:
Վերջինս «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ի շահառուների մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Գուրգեն Թադևոսյանն ասում է, որ նշված բաժնի հետաքննության տեսուչ Ա.Սարգսյանը կայացրել է ապօրինի որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Պատճառաբանվել է, որ այն քաղաքացիաիրավական վեճ է:
«Նույնիսկ «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ի մասով բազմաթիվ անգամ իմ ներկայությամբ ոստիկանությունում արտահայտվել է՝ «մեր Արմենը» հանցավոր բառակապակցությունը` նկատի ունենալով ընկերության հիմադիր Արմեն Հախնազարյանին: Քրեական հետապնդման մարմինը ոչ թե իրականացրել է հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններ, այլ հակառակը՝ իրականացրել է հանցագործության կոծկման բնույթի ապօրինի գործողություններ»,-նշում է Գ. Թադևոսյանը: Նա հավելում է, որ հետաքննիչը նույնիսկ չի էլ անդրադարձել աշխատանքների ապօրինի հավելագրումներին՝ իրականացնելով ակնհայտ թերի քննություն:
«Արվալ» ՍՊԸ-ի տնօրենը քրեական գործ չհարուցելու որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին: Վերջինիս կողմից այն մերժվել է և այժմ որոշումը բողոքարկվում է դատական կարգով:
Քանի որ «Արվալ» ՍՊԸ-ն ընդունել է կատարված աշխատանքների փաստը, կանգնել է նաև խոշոր հարկային պարտավորությունների առջև՝ այդտեղ ևս կրելով զգալի վնասներ:
Գևորգ Մաչանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Գուրգեն Թադևոսյանը ճիշտ չի ասում: Ինքն ընդամենը 7 սեփականատերերից մեկն է և անձամբ Գ. Թադևոսյանի հետ բանակցություններ չի վարել: Ըստ նրա՝ բանակցությունները եղել են ընկերության տնօրենի և Թադևոսյանի միջև: Այդ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն էլ տնօրենը ներկայացրել է 7 բաժնետերերին, այդ թվում՝ իրեն:
«Ես ոչ մի պայմանավորվածություն ոչ մեկի հետ չեմ ունեցել: 7 փայատերերից մեկն եմ եղել և բոլոր որոշումները կայացվել են բոլորի համաձայնությամբ: Ինքն ուղղակի իմանալով, թե ես ով եմ, փորձում է շանտաժ անել»,-ասում է Գևորգ Մաչանյանը հավելելով, որ Թադևոսյանը այդ հարցերով բազմիցս քննչական մարմիններին է դիմել և բանավոր շատ բան կարող է ասել:
Ինչ վերաբերում է Կիևյան փողոցում գտնվող Թադևոսյանի բնակարանի գրավադրմանը, Գևորգ Մաչանյանն ասում է, որ դա եղել է բնակարանի սեփականատիրոջ «հոժար կամքով», իր ընդհանուր բիզնեսների համար:
«Ինքը, որպես բիզնեսմեն գրավ է դրել իր բիզնեսի համար վարկ է վերցրել, որ հետո փակի: Հերթական անգամ սուտ է ասում այդ մարդը: Ես ո՞նց կարող եմ համոզել, օրինակ քեզ՝ հիմա համոզում եմ, արի քո տունը դիր գրավ ու ինձ պարտքով փող տուր: Դու նման բան կանե՞ս: Ես ինչի պետք է նրան համոզեի, եթե արդեն 90 միլիոն դրամ կանխավճար էր փոխանցվել իրեն: Եթե թղթերով նայեք հարցեր չեն առաջանա, պատրաստ ենք ամբողջությամբ ներկայացնել: Ես հո ապուշ չեմ ասեմ՝ արի վարկ վերցրու հետո ես քո տեղը կփակեմ, ոնց նման բան կասեի»,- նշում է Գևորգ Մաչանյանը:
Ըստ նրա, Թադևոսյանը բնակարանը գրավ դնելու համար նոտարի մոտ է գնացել, սեփական միջոցներով ծախսեր է կատարել և բանկային վճարներով երևում է, թե գումարը վերցրել ինչ է արել:
«Պետք է հեքիաթների չհավատաք: Ինչի՞ պետք է ես համոզեի, որ ինքը վարկ վերցներ: Ինքն իր համար, իր բիզնեսների համար վարկ է վերցրել, բերել գրավ է դրել ոնց որ բոլորը: Հետո խնդիրներ են առաջացել: Հարյուր անգամ բացատրել ենք, որ իր տունը մեզ պետք չի: Հա, պրոբլեմներ ես ունեցել, ոչ առաջինն ես, ոչ վերջինը, բանկը պատրաստ է քո հետ տարբերակներ քննարկել քո պրոբլեմը լուծելու համար: Դա իր պրոբլեմն է, մենք դրա հետ կապ չունենք»,-ավելացրեց Գուրգեն Թադևոսյանը:
Հ.Գ. «ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.» ՍՊԸ-ի հետ ունեցած վեճին կանդրադառնանք առաջիկայում:
Լուսանկարները տրամադրել է Գ. Թադևոսյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել