Համայնքային գրադարանների պահպանությունը տարհանված է ՀՀ պետական քաղաքականությունից
Մետաքսե Պետրոսյան
Համայնքային գրադարանների զգալի մասն այսօր վերածվել է արխիվի, որտեղ հատկապես չափահաս մարդիկ, դեպքից դեպք են այցելում։ Գրադարանների ֆիզիկական մաշվածությունը, շենքային անմխիթար պայմանները, փոշու ստվար շերտով ծածկված, ցրտի ու խոնավության բորբոսահոտից քայքայված գրականությունը, չի ձգում պատանիներին ու երիտասարդներին։ Ֆոնդերը չեն համալրվում նոր գրականությամբ, մամուլով, չունեն տեխնիկական հագեցվածություն, տվյալ դեպքում՝ համակարգիչ եւ ինտերնետ կապ, որն ընթերցողին հնարավորություն կտար գոնե համացանցի միջոցով ծանոթանալ իրեն հետաքրքրող գրականությանը։
1997թ․ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջով (ՏԻՄ) համայնքային գրադարաններն (ՀԳ) անցան համայնքապետարանների ենթակայության։ Օրենքը նախատեսում էր, որ գրադարաններն իրենց հետագա գործունեությունը պետք է իրականացնեն համայնքապետարանների իրավասության ներքո, միեւնույն ժամանակ պարտավորեցնելով համայնքապետարաններին՝ կազմակերպելու իր ենթակայության կազմակերպությունների ու հաստատությունների գործունեությունը, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքները:
Սկզբնական շրջանում ՏԻՄ կառույցները գտնվելով դեռեւս ձեւավորման ու կայացման փուլում, ինչպես նաեւ ֆինանսական անբավարար միջոցների պատճառով, առանձնակի ուշադրություն չցուցաբերեցին գրադարաններին, իսկ հետո դրանք առհասարակ դուրս մղվեցին օրակարգից։ Այսօր հանրապետության մարզերում բարեկարգ ու կենսունակ գրադարաններ շատ քիչ կգտնեք։ Համայնքային գրադարաններն այլեւս ի վիճակի չեն սպասարկել ու բավարարել ներկա սերնդին եւ կորցրել են ընթերցողների կեսից ավելիին։
Վերացավ նաեւ կենտրոնից կառավարվող միասնական պետական քաղաքականությունը՝ գրադարաններին գույքով, գրականությամբ, մամուլով եւ մեթոդական ուղեցույցներով ապահովելու գործընթացը։ Արդյունքում, 1991 թ·-ին Հայաստանում գործող հանրային բնույթի 1318 գրադարանից 2015 թ.-ին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, մնացել է 830-ը։ «Ըստ այդմ` 1991 թ·-ի համեմատ համայնքային գրադարանների թիվը կրճատվել է 488-ով»,- «Հետք»-ին պարզաբանել է մշակույթի նախարարությունը:
Ինչ խոսք, սրանք բավականին խոսուն թվեր են պետական վերահսկողությունից իսպառ «տարհանված» ոլորտի մասին պատկերացում կազմելու համար։

«Միայն զենքը չէ ազգային անվտանգության խնդիր, կրթությունը, մշակույթը, դրա պահպանությունը` նույնպես։ Ես շատ կարեւորում եմ հենց գյուղական գրադարանների, դպրոցների դերն այս հարցում»,-ասում է Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը։
ՀԳ-ի ներկայիս գրեթե կաթվածար վիճակի պատճառը ԱԳ-ի փոխտնօրենի կարծիքով՝ նաեւ համակարգի աշխատողների կրավորական պահվածքն էր, շատ բաներ պայմանավորված են գրադարանավարների ու նրանց ղեկավարների անհատական որակներով։ Ըստ նրա՝ նույն հնարավորություններն ու պայմաններն ունեցող շատ ՀԳ-ներ նման ծայրահեղ վիճակից խուսափելու ելքը գտնում են։ Նրանք ակտիվորեն համագործակցում են եւ՛ իրենց մարզային գրադարանի, եւ՛ Ազգային գրադարանի, ե՛ւ մշակույթի նախարարության հետ։ Իրենց խնդիրների մասին բարձրաձայնում են հասցեական, այլ ոչ թե այստեղ-այնտեղ եւ այն էլ ամեն ինչ ավարտվելուց հետո։ Եղել են շենքերի օտարման կամ ֆոնդերը մեկ այլ գրադարանի միացնելու գործընթացներ կամ ընդհանրապես անհետ կորել են ֆոնդերը, քանի որ գրադարանի ղեկավարը չի տեղեկացրել ոչ ԱԳ-ին, ոչ էլ ՄՆ-ին։

Տկն Ղազարյանի համոզմամբ՝ ֆոնդերը մեկ այլ գրադարանի միացնելը եւս հարցի լուծում չէ, քանզի ամենափոքր համայնքում անգամ կան երեխաներ, որոնց կրթելու, դաստիարակելու գործը նաեւ գրադարանավարի պարտականությունն է: «Գրադարանավարը, ինչպես ուսուցիչը, դաստիարակ է, կրթող է, լուսավորության ջահը բռնողն է: Գրքի մաշվածությունը գրադարանը փակելու պատճառ չպետք է լինի, կարեւորը գրքի նկատմամբ սերը պահելն է»,- շեշտում է զրուցակիցս: Մինչդեռ, կան ՀԳ-ներ, որոնց գրադարանավարները զուր ժամանակ չեն վատնում ամբողջ օրը գրադարանում պարապ նստելու վրա, այն բացում են միայն կոնկրետ պահանջի դեպքում։

Հարցի լուծումը տկն Ղազարյանը տեսնում է բացակայող վերահսկողության մեխանիզմների, միջգերատեսչական կապերի եւ աշխատանքների վերանայման ճանապարհով: «Եթե Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության (ՏԿԶՆ) ենթակայության տակ կան մշակութային ենթակայության օջախներ, տվյալ դեպքում, գրադարանները, պետք է անցնեն ՄՆ վերահսկողության»,- եզրահանգում է նա։
Առկա վիճակի հաղթահարման համար ԱԳ-ն եւ ՄՆ-ն հավաստում են, որ ներկայումս զբաղված են այդ մեխանիզմները մշակելու գործընթացով։ Մնում է, որ Կառավարությունը կարողանա մշակել այնպիսի հստակ մեխանիզմներ, որը համայնքապետարաններին կպարտավորեցնի ապահովել ՀԳ գործունեությունն ու զարգացումը։

2013 թ․ընդունվեց Կառավարության եւս մեկ որոշում՝ հանրային գրադարանների հավատարմագրման մասին ըստ որի՝ ՀԳ-ները հավատարմագրվելով Մշակույթի նախարարությանը կարող են ձեռք բերել նոր գույք, մեթոդական խորհրդատվություն եւ ուղեցույցներ: Գրադարանավարները կարող են նաեւ որակավորման դասընթացների մասնակցել, ինտերնետ կապ ունենալ մեկ տարի ժամկետով, մասնակցել էլեկտրոնային շտեմարանի համալրման գործընթացին եւ այլն։ ԱԳ փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանի ներկայացրած տվյալներով` այս պահին հավատարմագրված են 25 համայնքային գրադարաններ, բայց դրանք քաղաքային գրադարաններ են, այլ ոչ՝ գյուղական: Վերջիններս, օրինակ Մեղրիի, Սպիտակի քաղաքային գրադարանները նախարարության միջոցով ԱԳ-ից ստացել են գույք, գրականություն, համակարգչային տեխնիկա, սկաներներ, վերապատրաստում են անցել, մասնակցում են թվայնացման աշխատանքներին:
Տկն Ղազարյանի ասելով՝ չնայած որ համայնքային գրադարաններն իրենց իրավասությունից դուրս են, եւ իրենք նրանց վերահսկելու մեխանիզմներ չունեն, այնուամենայնիվ, դեռեւս խորհրդային շրջանում ստեղծված կապերը չեն քանդվել վեջնականապես։ Այն դժվար տարիներին էլ իրենք թե՛ մեթոդական եւ թե՛ ֆոնդային օգնություն են ցուցաբերել հանրապետության գրադարաններին իրենց հնարավորության սահմաններում։ «Մի ողջ համակարգ էր ներդրվել դա hաջողեցնելու համար եւ ԱԳ-ն որեւէ տարի չի դադարեցրել Հայաստանի գրադարանների վիճակագրական վերլուծությունների տեղեկատուի հրատարակությունը, որտեղ իմի են բերվում Հայաստանի բոլոր հանրային գրադարանների, գրադարանային գործընթացի բոլոր ցուցանիշներով տվյալները, վերլուծվում ու տպագրվում են»,- մեկնաբանում է փոխտնօրենը:

| Ազգային գրադարանի ընթերցասրահը |
Իսկ ինչու՞ չեն հավատարմագրվում գյուղական համայնքների գրադարանները, ի՞նչն է խանգարում նրանց ներգրավել այս համակարգում։ Չէ՞ որ այս պարագայում հնարավորություն կունենան առավել լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, մշտական ակտիվ համագործակցության մեջ լինել ԱԳ-ի եւ ՄՆ հետ։ Համայնքային գրադարանների աշխատակիցներից ոմանք, որոնք չցանկացան ներկայանալ, մատնանշում էին համայնքապետերի եւ մշակույթի տան տնօրենների ոչ ադեկվատ վերաբերմունքը։ Պարզվում է, որ վերջիններիս այնքան էլ դուր չի գա, եթե իրենց ենթակայության հիմնարկները փորձեն փոքրիշատե ինքնուրույն գործունեություն ծավալեն։
Քանի որ ՀԳ-ները ֆինանսավորողը համայնքապետարաններն են, որեւէ հնարավոր աջակցության ակնկալիք գրադարանները կարող են ունենալ միայն վերոնշյալ հաստատությունից։ Դիմելու դեպքում, սակայն, նրանք կամ` մերժվում են, կամ` մոտ ապագայում բյուջեի «սուղ միջոցներից» ֆոնդի համալրման հնարավոր սուտ խոստումով դրվում անորոշ ապասման մեջ։ Սրան գումարվում է նաեւ այն չնչին աշխատավարձը եւ աշխատատեղը կորցնելու վախը, ինչն էլ գրադարանավարներին ստիպում է համակերպվողի կեցվածք ընդունել։
Այսինքն, ՀԳ բացարձակ կախյալ վիճակը համայնքապետերի բարեհաճությունից, թույլ չի տալիս նրանց լիարժեք եւ ինքուրույն գործունեություն ծավալել։ Սույն հանգամանքը հաստատում է նաեւ մշակույթի նախարարությունը` մեր հարցմանն ի պատասխան տրված մեկնաբանության մեջ: «Գրադարանների հավատարմագրման համար հիմնական խնդիրը իրավաբանական անձի կարգավիճակ չունենալն է, քանի որ դրանց հիմնական մասը գործում է մշակույթի տներին կամ այլ հաստատություններին կից, մինչդեռ առանձին իրավաբանական անձի կարգավիճակը, որպես առաջնահերթություն, դրված է 2013 թ. ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգի եւ վկայականի ձեւը սահմանելու մասին» N187-Ն որոշմամբ սահմանված կարգով:

| Ազգային գրադարանի ընթերցասրահը |
Ի դեպ, վերջերս մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը Էջմիածնում անցկացված «Հայկական գրադարանների միջազգային 4-րդ համաժողովում» հայաստանյան գրադարանների խնդիրների ու իրավիճակի վերաբերյալ իր զեկույցում այն միտքն առաջ քաշեց, որ պետք է «դրդել» համայնքային գրադարաններին իրավական անկախություն ձեռք բերել։ Թե որքանո՞վ է դա իրատեսական, դժվար է ասել։ Բայց, եթե անդրադարձ կատարենք ՏԻՄ քաղաքականության կայացման ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունեցող եվրոպական երկրների փորձին, ապա կտեսնենք, որ ՀԳ-ները կանոնավոր գործում են նաեւ այդ օրենքի շրջանակում ու գրեթե ոչնչով չեն զիջում մեծ քաղաքների գրադարաններին գոնե նորմատիվային չափանիշներով։
Ուշադրության արժանի մեկ այլ հանգամանք եւս, որը բնորոշ է մեր երկրում կատարվող թեկուզեւ բարեփոխումներին․ որպես կանոն դրանք կրում են բեւեռացված բնույթ։ Խոսելով ԱԳ վերջին տարիների ձեռքբերումներից, Հ· Ղազարյանն հավաստում է, որ իրենց ներկայիս վիճակը չի կարող համեմատության մեջ դրվել մեկ տասնամյակ առաջ եղածի հետ։ Այսօր ԱԳ-ն, Հայաստանում եւ աշխարհում հայատառ, տպագիր արտադրանք պահպանող, հավաքող, համալրող, սպասարկող ամենամեծ հաստատությունն է: «Տարեկան ունենում ենք 35-40·000 միավոր գրականության համալրում, 1 մլն 500·000 սպասարկում, 200·000-ից ավելի հաճախում, 27-29·000 ընթերցող: Չնայած այն հանգամանքին, որ մենք թվայնացման աշխատանքների մեջ բավականին առաջ ենք գնացել՝ տեքստային եւ տեղեկատու շատ լավ շտեմարաններ ունենք, այդուհանդերձ, գրադարան այցելողների թիվը չի նվազում»,- հայտնեց տկն Ղազարյանը:

Նշեց նաեւ, որ ԱԳ գործող գիտական, ընդհանուր, ատենախոսությունների, մամուլի ընթերցասրահներում ունեն համակարգիչներ, UCOM-ն ապահովել է անվճար WI_FI եւ ընթերցողները կարողանում են աշխատել թե՛ գրադարանի եւ թե՛ իրենց համակարգիչներով: Բացի այս, «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է ինտերնետի ազատ մուտքի սրահ որտեղ ընթերցողի տրամադրության տակ, ծրագրային փաթեթներով ապահովված, 15 համակարգիչ կա։ ԱԳ շտեմարաններից օգտվում են ամբողջ աշխարհից։ Կայքի այցելությունների թիվը տարեկան կազմում է 100.000։
ՄՆ ենթակայությամբ գործող 13 եւ հավատարմագրված 25 գրադարաններում, որոնք գրեթե նույնչափ տեխնիկապես հագեցված են, ընթերցողը կարող է օգտվել թե՛ շտեմարաններից եւ թե՛ թվայնացված վճարովի ու անվճար ամենատարբեր նյութերից։
Իհարկե, այս ձեռքբերումներն ուրախացնող են, բայց, միեւնույն ժամանակ, փաստում են այն բեւեռացված, ոչ հավասարաչափ բաշխված միջոցների մասին, ինչի վերաբերյալ իրենց դժգոհությունն էին արտահայտում ՀԳ-ի աշխատակիցները։
Օրենքը գրադարանների համար նախատեսում է նաեւ պետական աջակցության այլ միջոցներ։ Ըստ փոխտնօրենի՝ ԱԳ-ն ստանում է պետական սուբսիդավորում, որով ողջ աշխարհից հայագիտական գրականություն են ձեռք բերում, իհարկե, չմոռանալով նաեւ ՀԳ-ին։ Տկն Ղազարյանի համոզմամբ, ճիշտ կլինի, եթե տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն էլ սուբսիդավորի ՀԳ-ին։

Դեռեւս 2007-08 թթ· գործում է նաեւ ԱԳ-ի շրջիկ գրադարանը, որը կոչվում է «Բիբլիոբուս», որով տարեկան 7-8 այցելություն է կատարվում մարզային ու համայնքային գրադարաններ: Դրանով գրականություն է տարվում, որոնց ցանկը ստանում են ՄՆ ցուցակների կամ տեղերից ներկայացված պահանջի հիման վրա: Մարզային գրադարաններին են բաշխում նաեւ տարեկան 7-8000 կտոր անհատներից նվիրատվությամբ ստացված գրականությունը։ Սեմինարներ են կազմակերպում, մեթոդական օգնություն են ցույց տալիս կապված գրադարանային գործընթացների հետ:
Պետք է նշել սակայն, որ այս օժանդակությունից եւս բոլոր համայնքները չէ, որ հնարավորություն ունեն օգտվելու: «Համալրվում են համայնքներում համեմատաբար ակտիվ գործունեություն ծավալող գրադարանները (2013 թ.՝ 50038 միավոր, 2014 թ.` 40831 միավոր, 2015 թ.` 50281 միավոր գրականություն)»,- պարզաբանում է մշակույթի նախարարությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել