HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենքների իմացությունն օգտակար է բարենպաստ շրջակա միջավայր ունենալու համար (Մաս II)

Մաս I

Կրկին անդրադառնանք դույզն-ինչ բնապահպանական տեղեկատվություն պարունակող որոշումների ընդունմանն ու կայացմանը` հասարակայնության պարտադիր մասնակցության խնդրին: Ճշմարտության դեմ չմեղանչելու նպատակով ճիշտ կլինի ասել` ՇԱՀԱԳՐԳԻՌ հասարակայնության (այսուհետ` ՇՀ) մասնակցության խնդրին:

Քանզի, պետք է իրատես լինենք և ասենք, որ մեր հասարակայնությունը մեծամասամբ իներտ է ու, ցավոք, անտարբեր շրջակա միջավայրի նկատմամբ, էլ ուր մնաց, որ ակտիվ գործողություններ իրականացնի, ասենք` որևէ մեկի տնտեuական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման  ուղղությամբ:

Ասենք, որ «ՇԱՀԱԳՐԳԻՌ հասարակայնության» սահմանումը ևս ՀՀ օրենսդրության մեջ (տվյալ դեպքում` ՀՀ բնապահպանական օրենսդրության մաս կազմող Օրհուսի Կոնվենցիայում) տրված է:

«Շահագրգիռ հաuարակություն» նշանակում է. հաuարակություն, որը ենթարկվում է ազդեցության կամ կարող է ենթարկվել ազդեցության որոշում ընդունելու գործընթացով, այն հարցերով, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ կամ որոնք շահագրգռվածություն ունեն այu գործընթացում: Սույն uահմանման նպատակների համար հաuարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են շրջակա միջավայրի պահպանությանը և համապատաuխանում են ազգային oրենuդրության կողմից ներկայացվող բոլոր պահանջներին, համարվում են շահագրգիռ կազմակերպություններ (Կոնվենցիայի հոդված 2, կետ 5):

Ըստ Կոնվենցիայի` «հաuարակություն» նշանակում է` մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ  իրավաբանական անձ և նրանց ընկերությունները, կազմակերպությունները կամ խմբերը` համաձայն (Կոնվենցիայի անդամ երկրի) ազգային oրենuդրությանը կամ պրակտիկայի (Կոնվենցիայի հոդված 2, կետ 4):

Ինչպես արդեն վերը նշեցինք, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի գաղափարախոսության առանցքը կազմում է` շրջակա միջավայրի վրա որևէ տնտեսական գործունեության կամ հայեցակարգի ազդեցության փորձաքննության անցկացման գործընթացում  հենց օրենսդրորեն շահագրգիռ հասարակայնության ակտիվ մասնակցության ԱՊԱՀՈՎՈՒՄԸ:

Ըստ Օրենքի` այդ հասարակությունը այն բնակչությունն է, որն առաջնահերթ կերպով է կրելու կամ  կրում նախատեuվող գործունեության (կառուցում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական վերազինում, լուծարում) կամ  հայեցակարգի /հնարավոր/ ազդեցությունը:

Այդ հասարակություն, ըստ Օրենքի` կոչվում է ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔ (Օրենքի հոդված 1, կետ 9): 

Իսկ «հայեցակարգ» հասկացության մեջ Օրենքը ներառում է հայեցակարգերը, ծրագրերը, համալիր uխեմաները և գլխավոր հատակագծերը (Օրենքի հոդված 1, կետ 2):

Ելնելով իր առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից և ղեկավարվելով վերոնշյալ երկու կարևոր իրավական  ակտերի ուժով (տես` Կոնվենցիայի hոդված 2, կետ 3, «բ» ենթակետ)` ԳԻՏԱԿԻՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ իրավասու է պահանջել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն (ՇՄԱՓ) նաև բնապահպանական տեղեկություն պարունակող օրինագծերի նկատմամբ և թույլ չտալ, որպեսզի ընդունվեն օրենքներ` ելնելով միմիայն «ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ», անտեսելով սովորական մարդու,  բնության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Այս օրերին ՀՀ բնապահպանության նախարարությունը, հակասելով ՀՀ օրենսդրությանը և ՀՀ կառավարության 2002թ. oգոuտոuի 8-ի N1237-Ն որոշմամբ հաստատված իր իսկ կանոնադրությանը, և առանց ՇՀ դրական կարծիքի ու համաձայնության՝ ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում իր իսկ կողմից նախաձեռնած մի օրինագիծ, որի նպատակն է. «բարելավել գործարար միջավայրը»:

Այնինչ, իր իսկ կանոնադրության համաձայն՝ սույն նախարարությունը կոչված է   մշակելու և իրականացնելու Հայաuտանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեuուրuների բանական oգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը (Կանոնադրության 1 կետ):

Եվ այս նախարարության նպատակն ու խնդիրները պետք է լինեն ոչ թե գործարար միջավայրին, ըստ ամենայնի, աջակցելը, այլ այն, ինչը հենց ամրագրված է իր իսկ կանոնադրության 7-րդ կետում: Այն է.

« ա) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված իր իրավաuությունների uահմանում ՀՀ շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուuական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպեu նաև բնական ռեuուրuների ողջամիտ oգտագործման ու վերականգնման պետական քաղաքականության ձեւավորումն ու կառավարումը.

բ) շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուuական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպեu նաև  բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական ռեuուրuների ողջամիտ oգտագործման եւ վերարտադրության պետական կառավարման ապահովումը.

դ) ՀՀ բնապահպանական oրենuդրությամբ uահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահuկողության իրականացման ապահովումը»:   

Վերջին ենթակետը հենց պարտադրում է, որ բնապահպանության նախարարությունն ինքը վերահսկի, որ բնապահպանական օրինագծերն անցնեն «Իրավական ակտերի մասին», ՇՄԱՓ և այլ ՀՀ օրենքներով պահանջվող ողջ ընթացակարգի պահպանմամբ, ներառյալ` հասարակական լսումները, հանրային քննարկումները և ՇՀ դրական կարծիքը:

«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` բնապահպանության նախարարության կողմից, որպես այդ ոլորտի Լիազոր և իրավասու մարմին, իրականացվելիք բնապահպանական վերահսկողության հիմնական ուղղություններից մեկն էլ հենց բնապահպանական պետական փորձաքննությունն է: Եվ այս ուղղությամբ նախարարության անելիքը պետք է լինի վերահսկել, որպեսզի ապահովված լինի` «բնապահպանական պետական փորձաքննական եզրակացության առկայությունը», իսկ հետագայում նաև՝  «փորձաքննության ենթարկված փաuտաթղթերում ամրագրված բնապահպանական պահանջների  ու միջոցառումների կատարումը» (Հոդված 22, կետ 8):

Այսուհանդերձ, նախարարությունն ինքն է շրջանառության մեջ դրել և նույնիսկ արդեն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրել հակաբնապահպանական և հակաօրենսդրական օրենքի մի նախագիծ, ինչպիսինն է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ անտեսելով ՇՄԱՓ օրենքով ամրագրված` օրինականության և որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքները:

Ավելորդ չեմ համարում կրկին շեշտել, որ.

- հասարակությունն ԻՐԱՎԱՍՈՒ է պահանջել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն` բնապահպանական տեղեկություն պարունակող օրինագծերի նկատմամբ,

- այդ փորձաքննությունը պետք է դիտարկել որպես ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ գործունեություն, ինչպես որ ամրագրված է Օրենքում: Իսկ փորձաքննության նպատակը պետք է լինի կանխորոշելը, կանխարգելելը և նվազագույնի հասցնելը «հայեցակարգի և նախատեսվող գործունեության  վնասակար ազդեցությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեսական և սոցիալական զարգացման վրա» (հ.2, կետ 1):

Փորձաքննությունը պետք է ելնի նաև.

- բնական պաշարների արդյունավետ, համալիր և բանական օգտագործման պահանջներից, և.

- էկոլոգիական համակարգերի  հավասարակշռության և բնության մեջ գոյություն ունեցող  բույսերի ու կենդանիների բոլոր տեսակների պահպանության անհրաժեշտությունից`նկատի ունենալով ներկա և ապագա սերունդների շահերը (հ.2, կետ 2):

Օրենքի 4-րդ` «Փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունները» հոդվածում ամրագրված են նախատեսվող գործունեության տեսակները (ըստ բնագավառների), որոնք ենթակա են պարտադիր փորձաքննության:

Այս հոդվածի 1-ին կետում նշված նախատեսվող գործունեություններից մի մասը, անկախ սահմանային չափերից, պարտադիր ենթակա են փորձաքննության, իսկ մյուս մասը՝ միայն սահմանային չափերը գերազանցելու դեպքում են ենթակա փորձաքննության:

Օրենքը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին դրսևորել նախաձեռնություն և պահանջել փորձաքննություն անգամ սահմանային չափերը չգերազանցող նախատեսվող գործունեությունների համար, անշուշտ, Լիազոր մարմնի որոշմամբ (հոդված 4, կետ 4):

Բոլոր դեպքերում, փորձաքննության ընթացքում չպետք է մոռանալ փորձաքննության խնդիրների այն ողջ համալիրը, ինչն ամրագրված է Օրենքի 3-րդ հոդվածում.

- «Վերլուծել նախատեսվող գործունեության, հայեցակարգի և դրանց այլընտրանքների հնարավորությունն ու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով էկոլոգիական բոլոր սահմանափակումները,

- գնահատել նախատեսվող գործունեության, հայեցակարգի ու դրանց այլընտրանքների հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և վտանգավորության աստիճանը,

- ստուգել շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության, հայեցակարգի և դրանց այլընտրանքների հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանը, հետևանքների վերլուծման ամբողջականությունը և ստույգությունը, այդ հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարությունը, ինչպես շահագործման ու իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ,

- ապահովել բնական պաշարների արդյունավետ, բանական օգտագործումը,

- արգելել շրջակա միջավայրի վրա անդառնալի վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած նախատեսվող գործունեություն, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված,

- ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ»:

Ռուզաննա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter