
«Մղարթի ոսկու հանքավայրը նվեր է արարչի կողմից»,- ասում է հանքի պետը
«Մուլտի Գրուպ» ընկերությանը պատկանող (սեփականատերն է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը) Մղարթի ոսկու հարստացման ֆաբրիկան մեկ ամսից ավելի է` չի աշխատում:
Մղարթի ոսկու հանքի պետ Նելսոն Պողոսյանը տեղեկացրեց, որ այն չի աշխատելու եւս 3 ամիս: «Մուլտի գրուպ»-ը վերջին տարիներին Մղարթ հանքավայրի շրջակայքում 500 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում լեռնահետախուզական աշխատանքներ է իրականացրել: Արդյունքում հայտնաբերվել են ոսկու, պղնձի եւ մոլիբդենի հարուստ հանքավայրեր: «Հետքին» այդ մասին հայտնեց Նելսոն Պողոսյանը:
Նա մասնագիտությամբ երկրաբան է եւ ղեկավարում է նաեւ լեռնահետախուզական աշխատանքները: Վերջինս մեզ հավաստիացնում էր, թե Մղարթի ոսկու հանքավայրը աշխարհում ամենաանվտանգն է. «Հիմա ասեմ Ձեզ, եթե աշխարհում կա պարզագույն հանքավայր, որը նվեր ա հայ ժողովրդին Արարչի կողմից, դա Մղարթի հանքավայրն է: Էկոլոգիապես մեր հանքը մաքուր է: Մարդիկ չեն հասկանում էն հասարակ բանը, որ ամեն հանքավայր չէ, որ վնաս է»,- ասում է Նելսոն Պողոսյանը:
Իսկ մինչ այդ նա գտնում է, որ Մղարթը մետաղածնական գոտի է, որտեղ գտնվող Մեծ ձոր, Շեկ աղբյուր տարածքներում կան ոսկու մեծ պաշարներ, որը կարող է հետագայում մեր երկրի զարգացման համար օգտագործվել: Նա կարեւորեց հատկապես Հագվի գյուղի հանքավայրը, որն ուսումնասիրվել է դեռ խորհրդային տարիներին: «Մենք դեռ հանքանյութերը ուսումնասիրում ենք: Ընդամենը հորատել ենք մի քանի հորատանցքեր, ստացել ենք տվյալներ: Կան ոսկու, ինչ-որ տեղ մոլիբդենի եւ պղնձի պարունակություններ»,- ասում է Նելսոն Պողոսյանը:
Վերջինիս խոսքից պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը բնապահպանական նկատառումներով այդ հանքավայրերի լայնամասշտաբ շահագործում առայժմ չի նախատեսում: «Մենք շատ մեծ դաստիարակություն ու խիղճ ունենք: Հաշվի առնելով Հագվի գյուղի տեղանքի Էկոլոգիան, անտառածածկույթը` բոլոր պարամետրերով մենք էնտեղ հետագա աշխատանքներ չենք կատարելու»,- հավաստիացնում է հանքի պետը:
«Այդ դեպքում ինչու՞ է «Մուլտի Գրուպ»-ը Մղարթի դաշտակում լեռնահետախուզական աշխատանքների վրա ներդրումներ կատարում» հարցին Ն. Պողոսյանը պատասխանեց. «Ասեմ Ձեզ: «Մուլտի Գրուպ»-ն ունի երկրի ընդերքը ուսումնասիրելու լիցենզիա: Շատ ընկերություններ կան, չէ՞, որ ընդերքը ուսումնասիրում են, տեսեք` կանադացիներն էլ են ընդերքը ուսումնասիրում, ասենք Վարդենիսում: Այս տարածաշրջանում «Մուլտի Գրուպ»-ն է ուսումնասիրում ընդերքը»:
Անդրադառնալուվ Մղարթում ոսկու արտադրությանը` Նելսոն Պողոսյանն ասաց. «Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք, այս պարագայում մենք դեռ ոչինչ չենք արտադրում, մեր գործարանը չի աշխատում»: Արտադրությունը դադարեցնելու պատճառը, հանքի պետի ասելով, հանքակառուցման փուլում ներդրումային աշխատանքների անհրաժեշտությունն է: Ներկայումս հանքում աշխատում է մոտ 50 մարդ: Աշխատողների թիվը վերջին երկու տարիներին հանքավայրում եւ գործարանում չի ավելացել:
Գործարանի արտադրանքի արտահանման մասին Նելսոն Պողոսյանն ասաց. «Մենք այստեղ արտադրում ենք խտանյութ, թե ում է առաքվում, ես այդ հարցով չեմ զբաղվում: Ինչ-որ ընկերություն կա Երեւանում, իրացվում է, բայց տեղական շուկայում է դա իրացվում: Այդ մասին հստակ ինֆորմացիա կարող եք ստանալ վերեւում»: Մղարթի ոսկու բաց հանքի շահագործման առաջին լիցենզիան «Մուլտի գրուպ»-ը ստացել է 2004 թ. «Այդ պահից էլ մենք սկսել ենք ոսկու հարստացման գործարանի կառուցումը,- ասում է Ն. Պողոսյանը,- սա Թեղուտ չի, սա կուզենայի Ձեզ շատ ռեալ բացատրել ու կխնդրեի, որ Դուք իմ ասածները ճիշտ մեկնաբանեք: Այն, ինչ Մղարթում մեր ընկերության կողմից կատարվում է, զուտ փորձարարական նշանակություն ունի: Ու ամեն ամիս ձեռնարկությունը ներդրում է կատարում»:
Հանքավայրում աշխատողների միջին ամսական աշխատավարձը 100 հազար դրամ է: «Ինչպիսի ներդրրումային ծրագրեր է իրականացրել «Մուլտի Գրուպ»-ը ծայրահեղ աղքատ վիճակում գտնվող Մղարթ գյուղում»,- հարցրի Նելսոն Պողոսյանին` նրան ներկայացնելով Մղարթի մշակույթի տան անմխթար վիճակը:
«Էս տարի Մղարթի գյուղապետը դիմել է ինձ, ամբողջ գյուղի ճանապարհները մեր ատվալներով տարել եմ, լրիվ բուլդուզերով դզել եմ: Եթե Մղարթի գյուղապետը դիմի պրն Ծառուկյանին, վստահ եմ` կլուբը կկարգավորվի: Ես չգիտեմ` իրենք ինչ են ուզում, եթե ուզում են, ցանկացած հարցով կարող են դիմել մեզ»,- ասաց հանքի պետը:
Ոսկու խտանյութի մշակման հարակից տարածքում 3 պոչամբար էր փռված, նրանցից մեկը կիսառեկուլտիվացված է: Հանքի պետը փորձեց մեզ բացատրել, թե ինչ են այդ պոչամբարները. «Հանքավայրից բերված ապարը մանրացվում է գործարանում, որից 2 տոկոսը ենթարկվում է կորզման, 98 տոկոսը` նույն հանքը, ոնց որ վերեւում կա, պարզապես վերածված է ավազի եւ լցվում է պոչամբարներ: Դրա մեջ քիմիական ոչ մի վտանգավոր էլեմենտ չկա: Մենք սիստեմատիկաբար ստուգում ենք»:
Իր ներդրումներով «Մուլտի Գրուպ»-ն ի՞նչ ակնկալիքներ ունի Մղարթից: Նելսոն Պողոսյանն ասում է. «Առաջիկայում ոսկու գործող հանքավայրի աշխատանքներն ավարտելուց հետո, հետախուզման տվյալների հիման վրա հանքավայրը մենք պետք է տանք միջազգային խոշոր փորձաքննության, այդ թվում` նաեւ բնապահպանական, հանքավայրի պաշարները հաշվելու համար»:
Ըստ նրա` Մղարթի ոսկու հանքավայրի պաշարների օգտագործման տեւողությունը կախված է ոսկու հարստացման գործարանի մշակման հնարավորությունից. «Այսօր Մղարթի հանքավայրի բուն կենտրոնական տեղամասը մի քանի հարակից տեղամասեր ունի: Մեր մոտ եզրագծված պաշարները կարող են կազմել մոտ 10-15 տոննա, իսկ կանխորոշ ռեսուրսները կարող են լինել 30 տոննա կամ ավելի: Մղարթի ոսկու հանքավայրը տարիների ընթացքում խոստումնալից արտադրություն կապահովի, բայց ոչ հիմա»,- գտնում է Նելսոն Պողոսյանը:
Ըստ նրա` Մղարթում «Մուլտի Գրուպ»-ի բոլոր ներդրումները կատարվում են ապագայի համար:
Մեկնաբանություններ (36)
Մեկնաբանել