Հայաստանում կնշվի Air France ավիաընկերության 10-ամյա հոբելյանը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպանատանը նոյեմբերի 17-ին մեծ շուքով կնշվի Air France ավիաընկերության Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի տասներորդ տարեդարձը՝ ֆրանսիական Բոժոլե Նուվո գինու տոնակատարությամբ:
Այս առիթով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ին, տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և Air France ընկերության ներկայացուցիչներ:
Air France – 10 տարի Հայաստանում
Air France-ի Փարիզ-Երեւան առաջին չվերթն իրականացվել է 2006 թվականի ապրիլի 8-ին: Էյրբաս Ա320 ինքնաթիռով Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակության կազմում էին քաղաքական եւ հասարակական գործիչներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի ավիացիոն եւ տուրիզմի ոլորտի ղեկավարներ: Առաջին չվերթի պատվավոր հյուրն էր լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրը:
Երկու մայրաքաղաքներն իրար կապող եվրոպական առաջատար ավիաընկերության վերոնշյալ չվերթը նոր խթան դարձավ ինչպես գործարար եւ տուրիստական, այնպես էլ մշակութային կապերի ընդլայնման եւ ամրապնդման համար: Եվրոպական խոշորագույն ավիաընկերության կողմից առաջարկված երթուղիների լայն ցանցի շնորհիվ՝ նոր հնարավորություններ ստեղծվեցին ոչ միայն հայաստանցիների, այլեւ աշխարհով մեկ սփռված հայության համար:
Այսօր ավիաուղին դեպի Երեւան իրականացնում է շաբաթական չորս չվերթ ամառային եւ երկու չվերթ ձմեռային չվացուցակով:
Այս տասը տարիների ընթացքում Air France-ը մայրաքաղաքների միջեւ տեղափոխել է ավելի քան 500.000 ուղեւորի` իր ուրույն տեղը գտնելով Հայաստանի ավիացիոն շուկայում:
Air France ավիաընկերություն
Համաշխարհային ավիացիայի առաջատար Air France ավիաընկերությունը հիմնադրվել է 1933 թվականին: 2004 թվականին կազմավորվել է Air France-KLM խումբը, որն այժմ իրականացնում է օրական 2200 չվերթ աշխարհով մեկ՝ իր 352 օդանավերի միջոցով: Խումբն առաջարկում է չվերթներ 320 ուղղություններով դեպի աշխարհի 114 երկրներ:
Բոժոլե Նուվո գինու տոնակատարություն
Համաշխարհային ճանաչում ունեցող այս տոնն առաջին անգամ Հայաստանում նշվել է 2010 թվականին, այնուհետեւ 2013-ին` նպատակ ունենալով նոր շունչ հաղորդել ֆրանս-հայկական դարավոր բարեկամական հարաբերություններին:
Այս տարի գինու տոնակատարությունը հնարավոր դարձավ իրականացնել Air France ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցության շնորհիվ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել