HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ժամանակավոր կասեցվել է Հերացու փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի գործունեությունը

Համաձայն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի նոյեմբերի 15-ին թարմացված տվյալների՝ նոյեմբերի 12-ին Հերացի փողոցի թիվ 2/5 հասցում հրդեհ բռնկված «CPS» բենզալցակայանը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերջին անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննությունն է անցել այս տարվա մայիսի 27-ին։

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի՝  բենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։ Իսկ այդ օբյեկտները, ըստ օրենքի, տարեկան առնվազն մեկ անգամ ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը՝ մայիսի 27-ին կայացած տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում ՊՈԱԿ-ի կողմից տրվել է բենզալցակայանի շահագործման դրական եզրակացություն։

Պայթյունից մեկ օր անց բենզալցակայանը կրկին վերսկսել էր գործունեութունը և

երեկ, բնակիչների ահազանգից հետո, ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանի հրամանով ժամանակավոր կասեցվել է այդ բենզալցակայանի գործունեությունը։

«Բենզալցակայանի վերագործարկման ահազանգը ստանալուն պես, նախարարությունը միջոցառումներ է ձեռնարկել և, այնուամենայնիվ, չունենալով վթարի փորձաքննության արդյունքները, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավոր կասեցրել է բենզալցակայանի գործունեությունը»,- նշում  է Նանա Գնդոյան։

 

Գնդոյանը նաև հավելում է, որ քանի դեռ չկան փորձաքննության արդյունքները, դեռևս հայտնի չէ՝ պայթյունի պատճառ է հանդիսացել բենզալցակայանի տեխնիկական թերացումը, թե ավտոմեքենայի կայծը։ Այս պահին գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական կոմիտեի կողից, որի շրջանակներում իրականացվում է նաև  փորձաքննությունը:

 

Երկու օր առաջ ահազանգ էինք ստացել Հերացի փողոցի բնակիչ Մերի Կարապետյանից, ով իր մտահագությունն էր հայտնել, որ դեպքից մեկ օր անց բենզալցակայանը կրկին շահագործվում է։  Բնակիչը մեզ էր ուղարկել ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին՝ այդ շենքի բնակիչների կողմից ուղղված նամակը, որում ասվում է. «Արդեն իսկ պայթյունի հաջորդող օրը բենզալցակայանը վերագործարկվել է: Սպիտակ պաստառներով ժամանակավորապես կոծկվել են հրդեհի հետքերը, և բենզինի առևտուրը շարունակվում է ՀՀ տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքի դրույթների կոպիտ խախտմամբ»,-ասում է նա

Բնակիչներին նաև անհանգստացնում է, որ բենզալցակայանը տեղակայված է անմիջապես հետիոտնի համար նախատեսված անցումի մայթին, և որևէ մեքենայի լիցքավորման պահին այդ մայթով հետիոտնի անցումը դառնում է անհնար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հրդեհ էր բռնկվել Երևանի Հերացու փողոցում գործող CPS բենզալցակայանում։ Այրվել էր բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377LL64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ 600 լ բենզին, բենզալցակայի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ։

Հավելենք, որ ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի՝  արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում այն արտադրություններ կամ առանձին տեղամասերը, արտադրամասերը, արտադրական հրապարակները, պահեստարանները, տեղակայանքները, տեխնոլոգիական սարքավորումները կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter