HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի կալանքը ևս երկարացվեց երկու ամսով

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկին բավարարել է քննիչի միջնորդությունը Արմեն Բիլյանի կալանավորման ժամկետի երկարացման վերաբերյալ։ Դատարանը նաև մերժել է Բիլյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Փաստաբան Արմինե Ֆանյանը ասում է, որ ինչպես առաջին ատյանի դեպքում, այսօր ևս նույն պատճառաբանություններով է կալանքի ժամկետը երկարացվել, մասնավորապես նշվել է, որ Արմեն Բիլյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի գործի քննությանը, փախուստի կդիմի։ Սակայն այս անգամ, փաստաբանի դիտարկմամբ՝ միջնորդության բավարարման հիմքում նաև մեծ դեր է խաղացել այն հանգամանքը, որ նրան առաջադրված մեղադրանքը խստացվել է։

«Բիլյանը դատարանում հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս պահին նրան առաջադրված սպանության մեղադրանքն է աբսուրդային։ Այս կալանքի ժամկետների երկարացման մասով, կարծում եմ, խոսելն անգամ ավելորդ է, քանի որ բոլորիս էլ հայտնի է, որ կալանավորման ժամկետները, միևնույնն է, երկարացվելու են»,- նշում է փաստաբանը։

Այս պահին Արմեն Բիլյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (սպանություն) և 238 հոդվածի 4-րդ մասով։ Մասնավորապես՝ նա մեղադրվում է ոստիկանության աշխատակից Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ։

Արմինե Ֆանյանը դեռևս իր պաշտպանյալին առաջադրված նոր մեղադրանքի գործին ծանոթ չէ, սակայն պաշտպանական կողմի տեղեկություններով՝ մեղադրանքի առաջադրման հիմքում մեկ վկայի ցուցմունք է հանդիսացել, այլ փաստական տվյալ փաստաբանը դեռ չունի։

Հիշեցնենք, որ Բիլյանին այժմ առաջադրված են չորս մեղադրանքներ. նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը), նաև վերջին օրերին ավելացված՝ 104-րդ հոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդկետերն (սպանություն) ու 238 հոդվածի 4-րդ մասը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter