Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները և բժիշկ մասնագետը երեկ` նոյեմբերի 16-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:
«Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ համատեղ կրկին քննարկվել են զինծառայողների ընտանիքների անդամների կողմից ներկայացված զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված մտահոգությունները:
Մասնավորապես, ուսումնասիրվել են զինծառայողներին տրամադրված կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, անցկացված ռազմաբժշկական փորձաքննությունների, ինչպես նաև զինծառայողների բուժման ընթացքի և արդյունքների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև հոսպիտալում բուժում ստացող մի շարք զինծառայողների հետ»:
Օմբուդսմենի գրասենյակն այլ մանրամասներ չի հաղորդում, միայն նշում է, որ զինծառայողների առողջական վիճակը տեղում ուսումնասիրելու, համապատասխան բժշկական փաստաթղթերին ծանոթանալու նպատակով նման ձևաչափով իրականացվող համատեղ աշխատանքները և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների այցերը կրելու են պարբերական բնույթ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել