HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Առողջապահության վարչությունը չի վերահսկել մարզպետի հրամանի կատարումը

Այս տարվա ապրիլին վանաձորցի նկարիչ Կարեն Դավթյանի (Կապո)` ավտովթարի ենթարկվելու եւ մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Քրեական գործի նախաքննությունը կատարվում է ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում: 

Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ նախաքննական մարմնի կողմից հարց է առաջադրվել նաեւ Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրում տուժող Կարեն Դավթյանի նկատմամբ ձեռնարկված բուժական միջոցառումների, այդ թվում` վիրահատական միջամտության ժամանակ բուժանձնակազմի կողմից մասնագիտական սխալ թույլ տալու վերաբերյալ:

Փորձաքննության եզրակացությամբ` բժշկական մասնագիտական հարցերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը, ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ Վալերիկ Համբարյանի փոխանցմամբ, դեռեւս չի ստացվել:

Դատաբժշկական փորձաքննությունից անկախ` դեպքից մեկ շաբաթ անց Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանի կարգադրությամբ ստեղծվել է բժշկական հանձնաժողով` Կ. Դավթյանի մահվան դեպքի ուսումնասիրության նպատակով:

Հանձնաժողովը վերլուծել է Կ. Դավթյանի բժշկական քարտը նրան սպասարկած բժիշկների մասնակցությամբ եւ եկել է հետեւության, որ հիվանդի բուժօգնության կազմակերպման գործում, որն ավարտվել է մահվան ելքով, մի շարք բժիշկներ թույլ են տվել թերացումներ եւ բացթողումներ, որոնց չլինելու դեպքում հիվանդի ճակատագիրը հնարավոր է այլ լիներ:

Բուժանձնակազմի բացթողումների եւ թերացումների վերաբերյալ հանձնաժողովը տեղեկանք է ներկայացրել նախկին մարզպետ Ա. Քոչարյանին: Վերջինս, հիմք ընդունելով տեղեկանքը, հանձնարարել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի տնօրեն Մհեր Մարգարյանին պատասխանատվության ենթարկել բուժաշխատողներին, այդ թվում` հերթապահ բժիշկ Նորիկ Մելիքյանին ժամանակավորապես ազատել պարտականությունների կատարումից մինչեւ քրեական գործի իրավական ավարտը:

«Հետքի» գրավոր հարցմանը պատասխանելով (ի դեպ, պատասխանն ուղարկվել է 13 օր հետո)` հիվանդանոցի տնօրեն Մ. Մարգարյանը տրամադրել է իր կողմից բուժաշխատողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ փաստաթղթեր, որոնց թվում` բժիշկ Ն. Մելիքյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իր` 19.05.2011 թ. հրամանը:

2011 թ. հունիսի 1-ից հիվանդանոցի տնօրեն Մ. Մարգարյանն իր նախաձեռնությամբ բժիշկ Ն. Մելիքյանի հետ լուծել էր աշխատանքային պայմանագիրը: Բժիշկն ազատման հրամանը բողոքարկել էր դատական կարգով` հայց ներկայացնելով հիվանդանոցի տնօրենի դեմ:

Հիվանդանոցի տնօրենը բժշկի ազատման հրամանը հիմնավորում էր նրա պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հանգամանքով: Վկայակոչում էր նաեւ Կ. Դավթյանի մահվան դեպքի ուսումնասիրության նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունն ու մարզպետի հանձնարարականը` բժիշկ Ն. Մելիքյանին ժամանակավորապես ազատել պարտականությունների կատարումից մինչեւ քրեական գործի իրավական ավարտը:

Դատարանը, սակայն, հաստատված համարեց, որ բժիշկ Ն. Մելիքյանն անօրինական է ազատվել աշխատանքից: Դատարանի հիմնավորմամբ` բժիշկ Ն. Մելիքյանի աշխատանքը մշտական բնույթ է կրել, ուստի նրա հետ չէր կարող կնքվել ժամկետային պայմանագիր եւ լուծվել` ժամկետը լրանալու կապակցությամբ. Ն. Մելիքյանի հետ կնքված պայմանագիրը եղել է անորոշ ժամկետով: Բացի այդ, Լոռու նախկին մարզպետի որոշմամբ՝ թիվ 1 հիվանդանոցի հաստատված հաստիքացուցակով Ն. Մելիքյանի աշխատատեղը նախատեսված է եղել որպես հիմնական աշխատանք: Այսպիսով, դատարանի վճռով Ն. Մելիքյանը վերականգնվել է նախկին աշխատանքում, եւ նրան վճարվել է հարկադիր պարապուրդի գումարը:

Առողջապահության վարչությունը չի պահանջել կատարողական

Կարեն Դավթյանի բուժօգնության կազմակերպման գործում թույլ տրված թերացումների եւ բացթողումների համար Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի բուժաշխատողներին պատասխանատվության ենթարկելու մասին Լոռու նախկին մարզպետի` հիվանդանոցի տնօրենին ուղղված հրամանի կատարումը եղել է Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության վերահսկողության տակ:

Այդ մասին «Հետքի» հետ զրույցում հաստատեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը, ով նույնպես ընդգրկված է եղել մարզպետի կողմից Կ. Դավթյանի մահվան դեպքի ուսումնասիրության նպատակով ստեղծված հանձնաժողովում:

Վերջինս հավաստիացրեց, որ բուժաշխատողներին պատասխանատվության ենթարկելու մասին մարզպետի հրամանը վարչության վերահսկողությամբ կատարված է: Մեր խնդրանքով Լուսինե Վարդանյանն անձամբ ձեւակերպեց բժիշկ Ն. Մելիքյանի վերաբերյալ մարզպետի հրամանը. «Գրված է եղել` ազատել աշխատանքից ժամանակավոր»: Հարցին` այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի, որ ըստ հրամանի` բժիշկ Ն. Մելիքյանին պարտականությունների կատարումից ժամանակավորապես ազատելու փոխարեն հիվանդանոցի տնօրենը նրա հետ լուծել էր աշխատանքային պայմանագիրը, բաժնի պետը պատասխանեց. «Դե հրամանի մեջ այդպես են գրում: Չեն կարող գրել` ժամանակավոր դադարեցնել»:

Սակայն երբ նկատեցինք, որ պարտականությունների կատարումից ժամանակավորապես ազատելն ու աշխատանքից ազատելը բոլորովին տարբեր իրավական լուծումներ են, ասաց. «Անկեղծ ասած` այստեղ հոդվածներ են գրված: Ես հոդվածներով չեմ կարող ասել, թե դա ինչի հիման վրա է արվել: Կարծեմ պայմանագիրն է դադարեցրել, կամ պայմանագրի ժամկետն է լրացել: Անկեղծ ասած` ես այս մանրամասնությունները թե չեմ նկատել, թե ուշադիր չեմ եղել, չգիտեմ»:

Հետաքրքրվեցինք` հիվանդանոցի տնօրենի կողմից մարզպետի հրամանի վերաբերյալ կատարողական ներկայացվե՞լ է վարչությանը: «Գրավոր ձեւով մեզ տեղյակ է պահվել»,- ասաց եւ խնդրեց մի քանի ժամ` այն գտնելու համար:

Պայմանավորվածության համաձայն` զրույցից մի քանի ժամ անց բաժնի պետը կատարողականի վերաբերյալ փոխանցեց հիվանդանոցի տնօրենի հետ իր հեռախոսազրույցը. «Զանգեցի բժշկին: Չէի հիշում` ինքը գրավո՞ր է ուղարկել, թե՞ ոչ: Ասաց, որ բանավոր է մեզ տեղյակ պահել: (Հարցրի` Ձե՞զ, թե՞ վարչության պետին): Երեւի վարչության պետին: Տարբերություն չկա: Ասել է, որ մարզպետի կողմից գրությունում ինչ որ գրված է, ինքը ամեն ինչ արել է»:

Դարձյալ հիշեցրինք, որ բժիշկ Ն. Մելիքյանի դեպքում մի հրամանի փոխարեն մեկ այլ հրաման էր տրվել: Լ. Վարդանյանը փոխանցեց տնօրենից ստացած պատասխանը. «Ուղղակի ինքն այդ ձեւով է ազատել: Ինքը ասում է` քանի որ պայմանագիրը լրացել է, եթե ես նորից պայմանագիր կնքեի, հետո ասեի` դու հեռացված ես աշխատանքից մինչեւ քրեական գործի ավարտը, դա սիրուն չէր, ավելի լավ է պայմանագիրն ընդհանրապես չերկարացնեմ»:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter