Փոխնախարարի պատասխանը` «Փարոսի» վերաբերյալ քաղաքացու հարցին
«Հետքը» նամակ է ստացել քաղաքացի Մայա Մարգարյանից, ով գրում է, որ օրենքում տեղի ունեցած փոփոխության հետևանքով` ինքը «Փարոս» սոցիալական օգնություն ստանալու համար պետք է փաստացի գրանցված լինի, մինչդեռ վարձով է ապրում: «Հետքը» խնդրել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատասխանել նամակում բարձրացված խնդրին: Ստորև ներկայացվում են քաղաքացու նամակը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանի պատասխանը:
Մայա Մարգարյան. «Ես դառնում եմ գրանցում չունեցող թափառական, անհասցե քաղաքացի երկու կոպեկ ստանալու համար»
2009 թվականից ընդգրկված եմ «Փարոս» սոցիալական օգնության բաժնում: Երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Ընտանեկան և սոցիալական խնդիրների պատճառով ապրում եմ վարձակալած բնակարանում: Գրանցված եմ հայրական տանը:
«Փարոսում» ընդգրկվելու պահին նույնպես ապրել եմ վարձակալած բնակարանում և տեղի համատիրությունից, որպես ապացույց, որ ապրում եմ այդտեղ, փաստաթուղթ եմ ներկայացրել «Փարոսի» գրանցման բաժին:
Մի քանի օր առաջ ես տեղեկացա, որ օրենքի փոփոխություն է տեղի ունեցել, և նպաստս ստանալու հետ կապված խնդիրներ կարող եմ ունենալ, քանի որ ՓԱՍՏԱՑԻ գրանցված չեմ վարձով ապրող տանը:
Պատրաստ էի փաստաթուղթ ներկայացնել այն մասին, որ ես գրանցված եմ հայրական տանը, ՍԱԿԱՅՆ պատասխանեցին, որ այդ դեպքում էլ խնդիրներ կունենամ, քանի որ տեսուչները կգան, կպարզեն, որ ես այնտեղ չեմ ապրում, և ինձ կզրկեն «Փարոսից»:
Պարզվեց, որ միակ ելքը հայրական տան գրանցումից դուրս գալն է և թափառական` փաստացի գրանցված անձ դառնալը լավագույն դեպքում, քանի որ ոչ մի վարձով բնակարան տվող տանտեր անծանոթին, անգամ ծանոթին թեկուզ փաստացի չի գրանցի իր տանը: Եթե անգամ գրանցի էլ, ես ամեն տարի կարող եմ փոխել վարձու բնակարանս: Ստացվում է` ամեն տարի փաստացի գրանցվեմ, երբ իրականում ունեմ հիմնական գրանցում:
Զանգահարեցի սոցապ նախարարություն 58 16 82 հեռախոսահամարով: Մի քանի համար տալուց հետո` 52 68 31, 56 43 80, վերջը ինձ պատասխանեցին 52 87 79 հեռախոսահամարից:
Աշխատակիցը (կարծեմ անունը Աղավնի էր) շատ հստակ ասաց, որ «Փարոսի» տեղամասային բաժնից ինձ շատ ճիշտ բացատրել են իրավիճակը, որ կա կառավարության որոշում` դեռևս 2006 թվականից ընդունված, և միակ ելքը մնում է, որ ես դառնամ փաստացի գրանցված:
Հուսադրեց, որ հայրական տան գրանցումից դուրս գալու դեպքում ես նույնիսկ չեմ կորցնում ժառանգության հետ կապված իմ իրավունքները: Թե ինչպե՞ս` չհասկացա… Հասկացրի, որ ես ժառանգության հետ կապված խնդիրներ չունեմ, պրոբլեմն այն է, որ ես դառնում եմ գրանցում չունեցող թափառական, անհասցե քաղաքացի երկու կոպեկ ստանալու համար:
Հետո պարզեցի, որ տանտերս չի պատրաստվում ինձ փաստացի գրանցել իր տանը:
Անհասկանալի իրավիճակ է: Եթե ուզում են համակարգ մաքրել ապօրինություններից, ապա թող ճիշտ մեխանիզմներ մշակեն, որ թացն էլ չորի հետ չայրվի գնա: Տեղամասային տեսուչների ու բաժնի պետերի ականջներից քաշեն… Ով չգիտի, որ իրականում «Փարոսի» նպաստառուն տասն ամիս է վճարվում. երկու ամսվա վճարը տեսուչի բաժինն է:
Այդ մի քանի հազար դրամը, որ ես ստանում եմ հաշմանդամության թոշակի հետ, օգնում է ընտանիքիս որոշակի խնդիրները լուծել…
Ես կամիկաձե չեմ, անուններ, հասցեներ տալու մտադրություն չունեմ, անգիր գիտեմ` ինչ երկրում եմ ապրում: Պարզապես «Հետքից» խնդրում եմ իր հնարավորությունների սահմանում ճշտել` ինչ լուծում կա իմ խնդրին:
Գուցե ինչ-որ բան ես եմ սխալ հասկացել, կամ ինձ են սխալ բացատրել: Տեսնեմ` այս ամենը ինչ ընթացք կստանա: Հարկ եղած դեպքում ինքս կներկայանամ:
Կանխավ` շնորհակալություն
Մայա Մարգարյան
29.03.2011թ.
Արտեմ Ասատրյան. «Ամբողջական և հավաստի տեղեկատվություն չներկայացնելու դեպքում ընտանիքը չի կարող օգտվել պետական աջակցությունից»
Ձեր գրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ուղղած` տիկին Մայա Մարգարյանի դիմումի կապակցությամբ հայտնում եմ հետևյալը.
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեն փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին դիմած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է տվյալ տարվա համար ՀՀ կառավարության սահմանած անապահովության սահմանային մեծության միավորից:
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման համաձայն` ընտանիքի կազմը որոշվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի (ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ) կողմից տրված տեղեկանք-հայտարարագրի և Հայաստանի Հանրապետության կառավարությունն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնի (տեղական ռեգիստր) կողմից քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի հիման վրա, որում նշվում է տեղեկատվություն ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող բոլոր անձանց մասին:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի հասցեն: Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի ռեգիստրին, որտեղ գտնվում է իր նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
Տեղեկացնում ենք նաև, որ ամբողջական և հավաստի տեղեկատվություն չներկայացնելու դեպքում ընտանիքը չի կարող օգտվել պետական աջակցությունից:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Մայա Մարգարյանի հետ նախարարության աշխատակիցների ունեցած հեռախոսազրույցից պարզվել է, որ նա փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացրել է օրենսդրությամբ պահանջվող վերոնշյալ տեղեկատվությունը և հաշվառվել:
Ինչ վերաբերում է դիմումում արծարծված` սոցիալական աշխատողների կողմից ապօրինություններ թույլ տալու հարցին, տեղեկացնում եմ, որ նմանօրինակ կոնկրետ դեպքերի մասին տեղեկատվություն ունենալու պարագայում նախարարությունը, իր իրավասությունների սահմաններում, կձեռնարկի համապատասխան միջոցներ:
Արտեմ Ասատրյան
22.04.2011թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել