
Հայաստանը PREPARE (համագործակցություն հանուն գյուղական Եվրոպայի) ցանցի անդամ
«Ֆերմերական տնտեսությունների զարգացումը չի ենթադրում միայն գումարային ներդրում, դրանք նաեւ զարգացման ծրագրերն են, փորձի փոխանակումը, համագործակցությունն ու աշխարհում առկա նորարարությունների տեղայնացումը,- ասում է «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Ղազանչյանը,- PREPARE-համագործակցություն հանուն գյուղական Եվրոպայի ցանցի անդամ դառնալով՝ մեր ֆերմերական տնտեսություններն աշխարհի նորարարությունների հետ կարող են առնչվել նոր ձեւաչափով»:
Ցանցի ստեղծման գաղափարը PREPARE-ի համակարգող Մայքլ Դոուերին է: Ծրագիրը շուրջ 10 տարի է` հաջողությամբ գործում է բալկանյան եւ մերձբալթյան երկրներում: Մեծ ընտանիքի անդամ դառնալու հայտ են ներկայացրել սեւծովյան ավազանի երկրները, այդ թվում` Հայաստանն ու հարեւան Վրաստանը: 2014թ-ին «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Ղազանչյանի հրավերով Մայքլ Դոուերը եւ մի քանի փորձագետներ այցելել էին Հայաստան՝ ծանոթանալու ֆերմերական տնտեսությունների պոտենցիալին՝ նպատակ ունենալով տեղում գտնել համապատասխան գործընկերներ հետագա աշխատանքների կազմակերպման համար: Փորձագետները եղել էին նաեւ Վրաստանում:
Հայաստանում, որպես գործընկեր, ընտրվել էր «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն, իսկ Վրաստանում՝ CiDA-ն (Վրաստանի զարգացման քաղաքացիական կազմակերպությունը): Երկամյա նախապատրաստական աշխատանքներից հետո, ի վերջո, հոկտեմբերի 23-28-ը, PREPARE-ի նախաձեռնությամբ, աջակցությամբ «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի եւ CiDA –ի՝ կազմակերպվեց «Սեւծովյան ճանաչողական ճամփորդող աշխատաժողովը», որին մասնակցում էին փորձագետներ 15 եվրոպական երկրներից:
Քանի որ աշխատաժողովը ճամփորդող էր՝ փորձագետների խումբը գործնական-ճանաչողական այցեր կատարեց վաղօրոք ընտրված ֆերմերական տնտեսություններ Հայաստանում ու Վրաստանում: Աշխատաժողովի երկու աշխատանքային օրեր նվիրվեցին փոքր ֆերմերային համայնքների բարեկեցությունը սեւծովյան երկրներում, կառավարությունների քաղաքականությունն ու գործունեությունն այս բնագավառում, քաղաքական հասարակության կազմակերպությունների դերը գյուղի զարգացման բնագավառում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ կառավարությունների միջեւ համագործացության վերաբերյալ թեմաների շուրջ քննարկումներին:
Վրաստանում փորձագետների խմբի համար CiDA-ն այցեր էր կազմակերպել Կախեթի, Մառնաուլի, Բոլնիսի եւ Թելավի շրջաններում գործող տնտեսություններ, որոնք զարգացման ու հզորացման համար անհրաժեշտ աջակցությունը ստացել էին պետությունից:
Հայաստանում ընտրվել էր Տավուշի ու Գեղարքունիքի մարզերից Ստեփանավան, Տաշիր, Սեւան, Ծաղկուտ համայնքները: Հայկական կողմում ներկայացված տնտեսություններում աջակցության չափաբաժնում մեծ տոկոս էր կազմում ոչ պետական աջակցությունը:
«Վրաստանում պետությունը շատ մեծ դերակատարում ունի, բոլոր դոնոր կազմակերպությունները ձգտում են կառավարության հետ աշխատել: Բայց դա էլ պետք է բալանսավորվի: Պետք է նաեւ ուղիղ աշխատել համայնքների հետ, որովհետեւ եթե դու միայն պետության հետ ես աշխատում՝ ակամայից նպաստում ես տվյալ քաղաքական ուժի կայացմանը,- բացատրում է Անահիտ Ղազանչյանը,- Հայաստանում իրավիճակն այլ է: Օրինակ Ծովագյուղում, որտեղ հնդկաձավարի ծրագիրն է իրականացվում՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ազգային ծրագիրն է, բայց մենք այդ ծրագրում 30 տոկոս համաֆինանսավորմամբ օգնել ենք կոոպերատիվին՝ նկատի ունեմ «Հեյֆերի» ներդրումը: Էքսպերտներն էլ արձանագրեցին, որ Հայաստանում իրենց այցելած տնտեսություններում մարդիկ ավելի ակտիվ են, ավելի նախաձեռնող, որ դա, կարելի է ասել, տվյալ համայնքներում քաղաքացիական հասարակության ակտիվությամբ է պայմանավորված»:
Անահիտ Ղազանչյանը
Անահիտ Ղազանչյանի փոխանցմամբ` հայկական կողմում ներկայացված էր նաեւ «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ի (SFN) և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի» հետ համատեղ իրականացրած ծրագրերը, որոնց մասնակից ֆերմերներից 4-ն ընտրվել էին մասնակցելու Վրաստանում անցկացվող եռօրյա աշխատաժողովին:
«Շատերը հենց լսում են «օգնություն» բառը, անմիջապես մտածում են գումարային ներդրման մասին,- նկատում է զրուցակիցս,-սակայն այս դեպքում խոսքը վերաբերում է փորձագիտական փոխօգնությանը: PREPARE-ն ինքը գումարներ չունի, հանդիսանում է պաշտոնական գործընկերը Եվրոխորհրդի: Գումարները տրվելու են ցանցի հզորացմանը, ոչ թե կոնկրետ ծրագրերի: Տեսեք, Հայաստանը հիմա մտնում է մի ցանցի մեջ, որի անդամ են Վրաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան Ուկրաինան եւ Թուրքիան: Այս երկրներում ցանցի գործընկեր կազմակերպություններն աշխատելու են ապահովել համանման խնդրի դեպքում լուծման բանալին մեկ այլ երկրի փորձի հիման վրա: Լինելու են փոխադարձ այցելություններ, համատեղ ծրագրեր, փորձի փոխանակում: Մենք արդեն պլանավորել ենք մի քանի հատ ու պարտադիր չէ որ լինեն բոլոր երկրները, օրինակ Հայաստանն ու Վրաստանը մեկ պատվիրակությամբ կարող է այցելել Ուկրաինա»:
Անահիտ Ղազանչյանը մտադիր է եվրոպական մոդելով Հայաստանում ստեղծել գյուղական պառլամենտ, որը կունենա 100 պատվիրակ: Դա հնարավորություն կտա գյուղական համայնքներում առկա խնդիրներն առավել հասցեավորված տեղ հասցնել եւ կնպաստի ցանցի արդյունավետ գործունեությանը:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել