Կֆինանսավորվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շարունակությունը
Ասիական զարգացման բանկը հաստատել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շարունակության համար անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրումը։ Առաջիկայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների կատարման մրցույթի մասին:
Այս մասին հայտնել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որն այցելել է Լոռու մարզ` հիմնանորոգման ընթացքին ծանոթանալու նպատակով:
Նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագիրը բաժանված է 2 մասի և ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի կողմից։ Առաջին մասի շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը:
Ռելիեֆային առանձնահատկություններով պայմանավորված՝ ճանապարհի տարբեր հատվածներում լայնությունը կկազմի 6-13 մ: Նախարարության տեղեկատվության բաժինը հայտնում է, որ Վահան Մարտիրոսյանը հրահանգել է քանդման աշխատանքների ընթացքում խիստ հսկողություն իրականացնել հատկապես անվտանգության խնդրի վրա:
Հիմնանորոգման ընթացքում իրականացվում են հողային պաստառի վերականգնման, անվտանգության էլեմենտների տեղադրման, ճանապարհային պատվածքի վերակառուցման և նորոգման աշխատանքներ։
Նախատեսվում է հիմնանորոգել նաև միջպետական ճանապարհին գտնվող 3 թունելները, որոնցից երկուսը կվերանորոգվեն, իսկ երրորդն ամբողջությամբ կվերակառուցվի՝ ապահովելով թունելի լայնության ու բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին:
Ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են և նորից կառուցվեն, մյուս 9-ը կվերանորոգվեն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով` ճանապարհաշինական աշխատանքների այս փուլը կավարտվի 18 ամսվա ընթացքում, ինչպես նախատեսված է ծրագրով:
«Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, որակի ու ժամկետների հետ կապված թերացումներ չենք ունենա», - վստահեցրել է Էմիլ Սարգսյանը:
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ 33 համայնքներ և 167.000 շահառու բնակչություն ընդգրկող 90 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման և վերակառուցման հիմնական շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում:
Տեսանյութը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել