
Վարդան Արամյան. «Կարծում ենք, որ անում ենք «այլ կերպ» այն, ինչ որ տրվել է մեզ՝ կառավարության ծրագրերում»
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քառօրյա նիստին, անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների մեկնարկը առանց կառավարության ներկայացուցիչների անցկացնելու հանգամանքին, ասաց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զարմանում է, որ այս քննարկմանը կառավարության ներկայացուցիչները ներկա չեն գտնվել, սակայն երեկ չզարմացավ, որ վարչապետը ներկա չէր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին։ Փաշինյանը շեշտեց, որ ԱԺ-ի գումարման նիստին ևս մեկ անգամ է նման դեպք գրանցվել, որը սահմանադրության կոպիտ խախտում է։
Պատգամավորը ֆինանսների նախարար Վարդամ Արամյանից հետաքրքրվեց՝ այս կառավարություն ի՞նչ է անում «այլ կերպ», որը չէին անում նախորդ կառավարություններ. «Որովհետև դուք ասում եք՝ այս վերջին երկու տարիներին տրանսֆերները պակասել էին 800 միլիոն դոլարով, կառավարությունը ստիպված էր վարկ վերցնել, բերել փակել, որովհետև չփակեր, լավ չէր լինի։ Հիմա մենք վարկ չենք վերցնի, որովհետև օրենքը սահմանափակում է դնում։ Ես ուզում եմ հասկանալ՝ ձեր կառավարությունը ինչ է անում այլ կերպ»,-նշեց Փաշինյանը։
Պատգամավորը նախարարին նաև հարցրեց՝ ինչու է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Երևան-Արտաշատ ճանապարհային հատվածը պաշտոնապես բացվել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, սակայն մինչ այժմ շարունակվում է դրա շինարարությունը, որի հետևանքով բետոնե հատվածների մոտ ծաղկեպսակների թվաքանակը ավելանում է։
Նախարարը ելույթը սկսեց վարչապետի՝ բյուջեի քննարկմանը բացակայելու դիտարկմամբ և պարզաբանեց, որ Կարեն Կարապետյանը այժմ գործուղման մեջ է։
Իսկ երկրորդ դիտարկմանը, թե այս ֆինանասների նախարարությունը ինչ է անում այլ կերպ, Արամյանը ասաց՝ «այլ կերպ» անում ենք՝ թիրախավորելով տնտեսության իրական հատվածը և արդյունավետության բարձրացման համար հենքեր ստեղծում։
«Կարծում ենք, որ անում ենք «այլ կերպ» այն, ինչ որ տրվել է մեզ՝ կառավարության ծրագրերում։ Ամենակարևորը դրույթն այն է, որ մենք պետք է գանք տնտեսական աճի գաղափարախոսության և տակը դնենք այնպիսի գործիքակազմ, որպեսզի մեր տնտեսությունը իրապես կարողանա ունակ լինի այդ տնտեսական աճով ստեղծել»,- ասում է նախարարը։
Արամյանը կարծում է, որ այդ գործիքները առկա են և դրված են կառավարության ծրագրում։
Փաշինյանի՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության մասին մտահգությանը նախարարը արձագանքեց, որ այդ ճանապարհի տնտեսագիտական գաղափարախոսությունը մի փոքր այլ է, որը չի վերաբերում շրջանցիկ ճանապարհներին տեղի ունեցած վթարերին, և նա չի կարող գտնել վթարների և այդ ճանապարհի պատճառահետևանքային կապը։ Սակայն նախարարը չի թաքցնում, որ կա ենթակառուցվածների լուրջ խնդիր և նրա խոսքով՝ պետք է կարողանալ դառնալ տարանցիկ գոտի, որը կբերի տնտեսական զարգացումների։ Արամյանը ընդգծում է, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կարևոր և պարտադիր Հայաստանի տնտեսության համար։
Ֆինանասների նախարարի ելույթից հետո պատգամավորը, կրկին անդրադառնալով վարչապետի՝ գործուղման մեջ լինելուն և բյուջեի քննարկմանը ներկա չգտնվելուն, հիշեցրեց Սահմանադրության 80 հոդվածը` ասելով, որ վարչապետը հերթական նիստի կոնկրետ օրը պետք է ԱԺ-ում նստած լիներ և իրավունք չուներ բացի այնտեղ նստած լինելուց` աշխարհի որևէ այլ կետում լինել։
Մեկնաբանել