
Պետական գույքի կառավարման վարչությունը գնել է համալիրի գույքը
ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը նոյեմբերի 2-ին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից գնել է 2564 անվանում շարժական գույք: Պայմանագիրը կնքվել է համալիրի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի և պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի միջև:
Նշված գույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ 24 միլիոն 944 հազար դրամ, որը վարչությունը պարտավորվել է վճարել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին փոխանցում կատարելու միջոցով:
Ըստ գնման պայմանագրի՝ 4x3 չափի «Էրեբունի» գորգը վարչությունը համալիրից գնել է 59,353 դրամով, ՀՀ գերբը` 11,871 դրամով, 138,490 դրամով՝ արաբական բազմոց, 237,411 դրամով գնել է «Elektrolux» չժանգոտող գրիլի ապարատ, 87,051 դրամով՝ ֆրիի ապարատ: Մոտ 1 միլիոն 306 հազար է գնահատվել «Petrov» ֆիրմայի, նույնքան նաև «BULTNHER» ռոյալները, իսկ 8,705 դրամ՝ էլեկտրական սրճեփը: Պայմանագրով սահադաշտի հարդարման մեքենան արժեցել է մոտ 1 միլին 780 հազար դրամ:
Միայն 41 միլիոն 547 հազար դրամ վճարվել է շենքի սառեցման թվով 3 համակարգերի գնման համար, 190 միլիոն դրամ՝ 80,000 խմ արտադրողականությամբ թվով 2 օդորակիչների համար և այլն:
Նույն օրը պետական գույքի կառավարման վարչության և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի միջև կնքվել է նաև անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, ըստ որի՝ համալիրը վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 264,5 քմ մակերեսով անշարժ գույքը: Այս դեպքում պայմանագրի գինը կազմել է 15 միլիոն 957 հազար դրամ:
Մեկնաբանել